Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ՍԱՏԿՈՒՄ ԵՆ

Օգոստոս 13,2006 00:00

Ըստ գլխավոր անասնաբույժի՝ կովերը ոչ թե դաբաղով են հիվանդացել, այլ «սկվազնյակի» տակ են ընկել

Մոտ մեկ ամիս է՝ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում հիվանդության պատճառով հարյուրից ավելի անասուն է սատկել, եւ այժմ էլ գյուղերում բազմաթիվ հիվանդ անասուններ կան: Գյուղացիները խուճապի մեջ են, քանի որ կովերն իրար հետեւից հիվանդանում ու սատկում են: Գյուղացիների եւ տեղի անասնաբույժների հավաստմամբ, անասունները վարակված են դաբաղով, քանի որ հիվանդության ախտանշանները՝ կովերի վրայի վերքերը, հյուծվելը, ախորժակազրկվելը, բերանից լորձի արտահոսքը եւ այլ նշաններ դաբաղ են հիշեցնում: Օրերս մենք եղանք մարզի Հնաբերդ, Ծաղկահովիտ, Սանգյառ գյուղերում: Գյուղացիների պատմելով, հիվանդության օջախը Հնաբերդ գյուղում է եղել եւ աստիճանաբար տարածվել է հարեւան գյուղեր: Վարակն անցել է Գեղաձոր, Քարվանսարա, Ծաղկահովիտ, Սանգյառ, Ռյա-Թազա եւ այլ գյուղեր: Այժմ Հնաբերդ գյուղում հիվանդությունը մարում է, սակայն, բնակիչների ասելով՝ «Արդեն իր գործն արել է, մոտ 100 գլուխ կով սատկել է, որոնց ջանդակները տանում գցում ենք գյուղից ոչ հեռու գտնվող Նորավանի հանդամասի փոսի մեջ»: Հնաբերդում տուն չկար, որ գոմում հիվանդ անասուն չունենար: Յուրաքանչյուր 3-4-րդ տուն պարտադիր մեկ կամ երկու սատկած անասուն է ունեցել: Հնաբերդցի Սաշա Նիկողոսյանը արցունքն աչքերին ասաց. «Տանջանքով ու մեծ դժվարությամբ պահած անասուններից երեքն արդեն սատկել են»: Նույն գյուղի մեկ այլ բնակչի՝ Մոյշե Սահակյանի ութ կովերից 2- ը, նաեւ նույն գոմում պահվող մեկ գառ եւ երկու ոչխար սատկել են, որոնք վարակվել են կովերից. «Սատկած անասուններին դրեցինք էշի կաշկի վրա ու հայդե՝ տարանք Նորավանի փոսը լցրեցինք, որտեղ ամենաքիչը 80 գլուխ սատկած անասուն կա, մենակ մերը չի, ամբողջ գյուղը, ռայոնը այդ վիճակում են»: Ծաղկահովիտցի Անահիտ Մատինյանի պատմելով էլ՝ «Ամուսինս ու տղաս խոպանում են: Իրանք դեռ մի կոպեկ չեն ուղարկել, ես կովի կաթը հանձնելով՝ տունը յոլա եմ տանում, պահում եմ հարսիս ու թոռիս, դեղերն առա, գյուղի անասնաբույժին չգտա, ստիպված սրսկել իմացող հարեւանին խնդրեցի կովերին սրսկեց, որ չսատկեն»:

Մեր այցելած բոլոր գյուղերում էլ նույն պատկերն էր: Գոմերում անասունները հիվանդությունից թուլացած ընկած էին գետնին: Կովերից մի քանիսի ոտքերը փայտացած էին, մի մասի մարմիններն էլ պատված էր վերքերով: Խոցեր կային նաեւ կովերի կրծքերին եւ կիթի ժամանակ արյուն էր գալիս: Նկատենք, որ Արագածոտնի գյուղերի անասնաբույժները խուսափում էին այս թեմայով որեւէ պարզաբանում տալ, սակայն ոչ պաշտոնապես հայտնում էին, որ իսկապես, կովերը հիվանդ են դաբաղով, այն էլ՝ ամենաբարդ տեսակով:

Մեր հարցին, թե հիվանդ կովի կաթը վտանգավոր չէ՞, անասնաբույժներից մեկը, որը աշխատանքից չզրկվելու համար չցանկացավ ներկայանալ, պատասխանեց. «Դե, վտանգավոր չէ, բայց զգուշությունը լավ բան է, թող կաթը լավ եռացնեն, պանիրը 3 ամիս դնեն աղաջրի մեջ եւ այլն»: Ըստ նրա, դաբաղ հիվանդությունը սկսում է այսպես. «Վարակվում են կովի կճղակները, բորբոքվում է բերանի լորձաթաղանթը, ինչի հետեւանքով անասունը չի կարողանում ուտել, վերքոտվում է նաեւ կուրծքը, սակայն կրծքին անցնելու դեպքում նշանակում է հիվանդությունը բարդացած փուլում է»: Սանգյառ գյուղի գյուղապետ Թեմուր Տալոյանի խոսքերով, վերջերս գյուղնախարարությունը գյուղերին վակցինաներ է հատկացրել, եւ անասնաբույժները գյուղապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ մտնում են տուն առ տուն ու սրսկումներ կատարում: Սակայն գյուղացիների հավաստմամբ, իրենց ոչ մի դեղ էլ չեն տվել եւ ինչ դեղամիջոց էլ որ ձեռնարկել են, ապա սեփական միջոցներով:

Սանգյառում հիմնականում եզդիներն են տուժել, որոնք անասունների շատ գլխաքանակ ունեն: Նաչո Տալոյանի ներկայացմամբ, իր 300 գլուխ անասունն էլ հիվանդ է. «Սրսկել եմ տվել, տենանք ինչ կլնի»: Գյուղնախարարության անասնաբուժական տեսչության պետ Գրիշա Բաղյանը «Առավոտի» հետ զրույցում միանշանակ հերքեց դաբաղի առկայությունը. «Ես այսօր եղել եմ նշյալ գյուղերում եւ ոչ մի հիվանդություն էլ չենք հայտնաբերել: Բնակիչներն ասացին, որ հիվանդության հետք եղել է Ռյա-Թազայի սարերում, սակայն մենք նմուշներ ենք ուղարկել լաբորատոր ստուգման եւ պարզվել է, որ ոչ մի հիվանդություն էլ չի հայտնաբերվել»: Իսկ մեր այն հարցին, թե այդ դեպքում տասնյակ անասուններ ինչու են սատկում, պարոն Բաղյանը ցնցող պատասխան տվեց. «Ամենայն հավանականությամբ՝ սկվազնյակի տակ են ընկել»: Գլխավոր անասնաբույժն իր պատասխանից առաջացած մեր զարմանքը մեղմելու համար սկսեց հիմնավորել, թե «Հորթը նորածին երեխայի պես խնամքի կարիք ունի եւ սկվազնյակը նրանց վրա շուտ է ազդում»:

ԼՈՐԱ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել