Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԴԱՏԸ

Օգոստոս 13,2006 00:00

ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻ

Վերջին շրջանում Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է զորախումբ ուղարկել Լիբանան՝ տարածաշրջանում լիակատար հրադադար հաստատելու նպատակով:

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ի պատասխան այս հայտարարությունների, ԱՄՆ-ում Հայ դատի գրասենյակը դեռեւս օգոստոսի 9-ին նամակ էր ուղղել նախագահ Ջորջ Բուշին՝ հորդորելով թույլ չտալ, որպեսզի Լիբանանում տեղաբաշխվելիք խաղաղարար կամ տարանջատիչ ուժերում նաեւ թուրքական զորամիավորումներ ներգրավվեն: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատությանը» հայտնելով, թե նախագահից պատասխան դեռեւս չի ստացվել, պարզաբանել է, որ կառույցի բացասական դիրքորոշումը Լիբանանում թուրքական զորամիավորումներ տեղաբաշխելու նկատմամբ պայմանավորված է այն մտահոգությամբ, որ թուրքական ուժերը չեն օժանդակի տարածաշրջանի երկարատեւ խաղաղությանը՝ երեք պատճառով:

«Նախ, լիբանանյան ժողովուրդը շատ լավ հիշում է Օսմանյան կայսրության ժամանակների ծանր եւ բիրտ ճնշումները: Երկրորդ, Թուրքիայի կառավարությունն ու Թուրքիան խաղաղարար ուժ չեն անգամ իրենց սահմաններում եւ շարունակում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ շարունակում են Հայաստանի շրջափակումն ու Կիպրոսում ապօրինի կերպով զորքերի տեղակայումը: Անկարան շարունակում է նաեւ երկրի քուրդ հպատակների ճնշումները: Եվ վերջապես երրորդ՝ դժբախտաբար, Թուրքիան լավ դաշնակից չի եղել նաեւ ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմում»,- հիմնավորել է Էլիզաբեթ Չուլջյանը: «Թուրքիան Ամերիկային թույլ չտվեց Իրաքի դեմ երկրորդ ճակատ բացել, ինչի հետեւանքներն ամերիկյան բանակն ու Իրաքի ժողովուրդը զգում են մինչեւ այսօր: Բացի այդ, Թուրքիան ցանկանում է կրկին մտնել Իրաքի հյուսիսային քրդաբնակ տարածքներ, ինչը մտահոգում է Միացյալ Նահանգներին: Այդ իսկ պատճառով թուրքական զորամիավորումները խաղաղարար ուժ չեն կարող լինել»,- եզրահանգում է արել ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախմբի խոսնակը:

«Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե արդյոք տարօրինակ չէ՞, որ Թուրքիայի դերակատարության դեմ նման դիրքորոշում ցուցաբերում է ԱՄՆ-ում գործող հայկական մի կառույց, այլ ոչ թե Լիբանանը, որտեղ էլ պետք է տեղաբաշխվեն խաղաղարար ուժերը, Էլիզաբեթ Չուլջյանը պարզաբանել է՝ «Ամերիկայի հայկական գաղութը իր պարտականությունն է համարում այս մտահոգությունները հայտնել Ամերիկայի կառավարությանը եւ փորձել ապագայի համար իրական կայուն իրավիճակ ապահովել»: Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադրմամբ Իսրայել-«Հըզբոլլահ» հակամարտության կողմերը հրադադար են հաստատել, եւ այժմ նախատեսվում է մոտ 15 հազար միջազգային խաղաղապահների տեղակայումը Լիբանանի հարավում: Այդուամենայնիվ, Իսրայելը հայտարարել է, որ դեռ կշարունակի Լիբանանի օդային եւ ծովային շրջափակումը, մինչեւ զենքի մաքսանենգությունը կանխելու համար արդյունավետ մեխանիզմ չմշակվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել