Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐՆ ԵՆ

Օգոստոս 13,2006 00:00

Այդպես է կարծում ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը

– Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործընթացը սկսվելուց հետո ստանձնեց ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների ուսուցման գործառույթը. մինչ այդ այն իրականացնում էր Պետական կառավարման ակադեմիան: Ո՞րն էր այդ փոփոխության իմաստը: Ուսուցման արդյունավետության առումով ի՞նչ տվեց այն, որ ԿԸՀ-ն սկսեց կազմակերպել այդ դասընթացները:

– Երբ մի գործի համար պատասխանատվություն են կրում 1-ից ավելի կազմակերպություններ կամ մարդիկ, հնարավոր է, որ (նաեւ օբյեկտիվ պատճառներով) լինեն որոշ թերություններ, եթե չասեմ, որ հնարավոր է՝ թե առաջանա անպատասխանատվության մթնոլորտ: Դրա համար որոշեցինք, որ ինքներս կազմակերպենք ոչ միայն դիմումների ընդունումը, տեղավորումը եւ այլն, այլ նաեւ՝ դասընթացները: Արդյունքը կերեւա վերջում: Բայց հուսով եմ, որ կազմակերպվածության առումով առաջընթացը նկատելի էր, հատկապես Երեւանում, որտեղ կարողացանք կազմակերպել 10 հազարից ավելի քաղաքացիների ուսուցում: Կարծում եմ՝ վատ չկազմակերպեցինք:

– ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչը պնդում է, թե այս դասընթացներն ավելի շատ ձեւական են, եւ մասնակիցները դրանց բերվում էին հարկադրաբար: Համաձա՞յն եք այս պնդումներին:

– Հարկադրաբար՝ միգուցե կուսակցությունների տեսանկյունից, որոնք ստիպված էին լինում իրենց անդամներին ներգրավել այդ ուսուցման մեջ:

– Վկայակոչվել էին փաստեր, թե այդ դասընթացներին մասնակցել են անգամ հայերեն չիմացող մարդիկ:

– Բայց դա կազմակերպիչների խնդի՛րը չէ: Եթե չգիտեն հայերեն՝ թող չգան: Կազմակերպիչների խնդիրը կազմակերպելն է եւ ուսուցում անցնելու հնարավորություն ընձեռելը ցանկացած քաղաքացու: Եվ վստահ եմ, որ դասընթացներն օգուտ կտան ընտրական գործընթացին՝ անկախ նրանից, թե օրենքը որքանով կփոխվի (կարծում եմ, որ այդ հարցն էլ եք տալու): Քանի որ այն հիմնական գիտելիքները, որ նրանք ստացան՝ ընտրական իրավունքի տեսանկյունից, ենթակա չեն փոփոխման:

– Այս դասընթացներից նաեւ ակնհայտ է, որ հատուկ խմբեր են ձեւավորվել, որոնք կօգտագործվեն ընտրությունների ընթացքում: Ընդ որում, այդ խմբերը ձեւավորողները ոչ միայն ՏԻՄ եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ են, այլեւ նրանք, ովքեր ցանկանում են առաջիկայում ընտրվել այդ պաշտոններում: Կասեք, թե դա՞ էլ ԿԸՀ-ի խնդիրը չէ:

– Իհարկե, կասեմ: Եվ այն կուսակցությունները, որոնք բողոքում են այս խմբերի դեմ՝ թող իրենց տեղերը չհատկացնեն այդ խմբերին:

– Դասընթացների կազմակերպման սկզբից եւեթ շատ էին քննադատությունները: Նախ՝ որ միտում կա գործընթացից դուրս թողնել ընդդիմության ներկայացուցիչներին: Իսկ վերջում սկսեցին խոսել որակական խնդիրների մասին, թե մարտնչող անգրագիտություն է տիրում: Ամփոփելով 1-ին փուլի արդյունքները՝ կարո՞ղ եք վստահեցնել, թե մենք ունենալու ենք ընտրական հանձնաժողովների պատրաստված անդամներ:

– Ես կկարողանայի նման պնդում անել, եթե հանձնաժողովների կազմավորման մեջ ավելի շատ դերակատարություն ունենար ընտրական մարմինը, այլ ոչ թե կուսակցությունները: Անկախ ամեն ինչից՝ ըստ օրենքի, տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակումներ են կատարում ընտրատարածքային հանձնաժողովների անդամները, եւ դրանք ավելի շատ կուսակցական նշանակումներ են: Եվ այդ «մարտնչող անգրագիտությունն» ավելի շատ գալիս է նաեւ կուսակցությունների ներկայացրած անձանցից:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին միտումնավոր դուրս թողնելու մասին մեղադրանքին՝ ասեմ, որ դիմումներում չի նշվում, թե թեկնածուն որ կուսակցությունից է: Դասախոսները հրահանգավորված են՝ որեւէ մեկը ոչ մեկից չի հարցրել, թե ով որ կուսակցությունն է ներկայացնում:

Ի դեպ, եթե մարզերում ստուգարքներից կտրվածները 15-20 % էին, Երեւանում որակավորման ստուգարքները չանցածներն ընդամենը 2 % են: Այսինքն՝ գնում ենք նրան, որ ոչ թե փորձենք անպայման որպես դեսպոտ նստել ու շատ խիստ քննություն անցկացնել, այլ հնարավորինս բացատրել, եւ եթե գոնե մի փոքր տիրապետում է ընտրական գործընթացին՝ նշանակում ենք ստուգարքը:

– Այնուամենայնիվ, ԿԸՀ-ն սովորեցնում է ընտրական գործընթաց կազմակերպել մի օրենսգրքով, որը հիմնովին փոխվելու է:

– Վստա՞h եք, որ փոխվելու է:

– Այդ օրենսդրական նախաձեռնությունը պաշտոնական շրջանառության մեջ է, Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն է տվել…

– Բայց սա արդեն նշանակո՞ւմ է, թե օրենքը միանգամից ընդունվելո՞ւ է:

– Կարծում եք, թե չի՞ փոխվելու օրենսգիրքը:

– Չեմ ասում, թե չի փոխվելու: Բայց հնարավոր է նաեւ տարբերակ, որ չփոխվի, չէ՞, եթե չքվեարկեն: Ոչ մեկը քվեարկությունից թեկուզ 1 րոպե առաջ չի կարող ասել՝ կընդունվի՞, թե՞ ոչ:

Այսօր ունենք օրենք, կա օրենքի պահանջ՝ իրականացնել ուսուցում, մենք էլ իրականացնում ենք, եւ իրավունք չունենք չիրականացնել՝ մտածելով, թե մեկ է՝ փոխվելու է օրենսգիրքը:

Զրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Հ. Գ. «Ընտրական օրենսգրքի» նախատեսվող փոփոխությունների մասին ԿԸՀ նախագահի տեսակետը՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել