Հեռակա բանավեճը շարունակվում է
IBF-ի վարկածով մինչեւ 72,6 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պատասխանել է օգոստոսի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում կայանալիք չեմպիոնական տիտղոսի համար մենամարտում իր ապագա մրցակից Էդիսոն Միրանդայի մենեջերներից Սթիվ Բենբասատի՝ իր մասին արած այն հայտարարությանը, թե Աբրահամը «միակողմանի» բռնցքամարտիկ է: «Իմ հարվածի ուժը իմ հնարավորությունների միայն մի մասն է,- պատասխանել է Արթուրը:- Մնացածը Միրանդան կզգա ռինգում: Նրանք բոլորը՝ Միրանդան, նրա մենեջերը, ամբողջ թիմը կարող են հերթով մտնել ռինգ, եթե խնդիրներ ունեն: Ավելի լավ կլինի նրանք մենամարտեն, այլ ոչ թե շատախոսեն»:
Սանի ասածներին միացել է նաեւ Արթուրի մարզիչը՝ Ուլի Վեգները: «Այդ տղաները, ինչպես երեւում է, չեն հասկանում, թե իրենց ինչ է սպասվում,- հայտարարել է նա:- Արթուրն իր տեսակի մեջ միակն է եւ հավանաբար միջին քաշային կարգում ամենահզոր հարվածն ունի»:
Հեռակա բանավեճին անդրադարձել է նաեւ Աբրահամի մենեջեր Վիլֆրեդ Զաուերլյանդը. «Եթե բռնցքամարտիկն էլ նույն կերպ է մտածում, ինչպես իր մենեջերը, նրան ռինգում տհաճ անակնկալ է սպասվում,- ասել է նա:- Ես վստահ եմ, որ Միրանդան շատ լուրջ մրցակից է: Բայց նաեւ վստահ եմ, որ Արթուրը կհաղթի, քանի որ ռինգում Էդիսոնից ավելի խելացի է գործում»:
Արթուր Աբրահամի թիմը պատասխանել է նաեւ մրցակիցների այն հայտարարությանը, թե Գերմանիայում անցկացվող դոպինգ-թեստերը հեռու են ազնիվ լինելուց: «Դոպինգ ստուգումները միջազգային ստանդարտ են եւ բացարձակ նշանակություն չունի, թե դրանք որ երկրում են անցկացվում,- մեկնաբանել են «Sauerlland» թիմի ներկայացուցիչները:- Ի տարբերություն ԱՄՆ-ի, այստեղ մենք արգելված դեղամիջոցների օգտագործման խնդրին շատ լուրջ ենք վերաբերվում: Եվ քանի որ Ամերիկայում չկա խիստ վերահսկողւթյուն, պատահական չէ, որ այդ երկիրը ներկայացնող մարզիկների դոպինգ-ստուգումների պատասխանները հաճախ դրական են լինում»:
Պատրաստեց ՔՆԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ