Օրերս «Նարեկացի» արվեստի սրահում բացվեց Կարեն Սամուրգաշյանի նկարների եւ նավերի մանրակերտերի ցուցահանդեսը:
Նկարիչը պատմեց, որ երբ հերթական ցուցահանդես կազմակերպելու խնդրանքով աշխատանքները ներկայացրել է Հայաստանի նկարիչների միություն, նրան անմիջապես հարցրել են՝ իսկ դուք որտե՞ղ եք ծով տեսել: «Ես ե՛ւ Սեւ, ե՛ւ Բալթիկ ծովն եմ տեսել: Հետո նրանք հարցրին, թե որտեղ եմ նավեր տեսել: Ես էլ ասացի, որ 15-20 տարի ուսումնասիրել եմ նավերի պատմությունը: Այնուհետեւ միության աշխատակիցներն ասացին, քանի որ Հայաստանը ծովեր չունի, նկարեք սարեր, լեռներ կամ էլ նատյուրմորտներ: Պարզ է, որ իմ համագործակցությունը ՀՆՄ-ի հետ չստացվեց եւ ես ցուցահանդես բացեցի մեկ այլ սրահում, որտեղ ներկա արվեստագետները փաստեցին, որ ես ՀՀ-ում ապրող միակ ծովանկարիչն եմ: Իհարկե, այստեղ կան ծովանկարիչներ, բայց նրանք պարզապես արտատպում են հայտնի ծովանկարիչների գործերը»,- նշեց Կարենը: Նա կարծում է, որ տարածված մտայնությունը, թե Այվազովսկուց լավ ոչ ոք ծովը չի տեսել, պատճառ է, որ ծովանկարչությունը Հայաստանում «արգելված» թեմա համարվի:
Նկարիչը նշեց, որ թեեւ մենք ծով չունենք, բայց իր համար ոչ պակաս հետաքրքիր է Սեւանը. «Այն անընդհատ փոխում է գույները եւ պետք է արագ հասցնել արձանագրել քո նախընտրած պահը»:
Կարենն արդեն պատրաստել է 11 նավի մանրակերտ եւ ձեռնամուխ եղել 12-րդին: Նա գիտի դրանցից յուրաքանչյուրի նախապատմությունը: Նկարչի կինը՝ Գայանեն փաստեց, որ ամուսինն անընդհատ գրքեր եւ սխեմաներ է գնում նավերի մասին: Կարեն Սամուրգաշյանը նշեց, որ իր բոլոր նավերը կառուցում է ճիշտ այն «սխեմայով», որոնցով դրանք կառուցվել են ժամանակին: Ըստ նրա, Հայաստանում շատ քչերն են զբաղվում նավերի մակետների պատրաստմամբ. «Կառուցողների» մի մասն այնքան էլ ուշադիր չէ դետալների հարցում, այսինքն՝ վերցնում են մի փայտի կտոր եւ կացին ու սկսում նավը կերտել, նման նավերն իհարկե արժեք չունեն»: «Նավաշինության» գործում նկարիչը եւ մանրակերտեր պատրաստողը նախընտրում է հատկապես ռուս-ճապոնական պատերազմին մասնակցած նավերը:
Կ. Սամուրգաշյանը մասնակցել է նաեւ «Կիլիկիա» նավի կառուցմանը:
ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ