Լրահոս
Օրվա լրահոսը

Քարտերով զանգել չի լինում

Օգոստոս 12,2006 00:00

«ԱրմենՏելի» «նորմալ» կապը սպառողների համար աննորմալ է

Արդեն քանի օր է՝ «Առավոտի» խմբագրություն են զանգահարում բազմաթիվ քաղաքացիներ ու բողոքում, որ իրենք ինտերնետի միջոցով միջազգային հեռախոսակապ առաջարկող այս կամ այն ընկերությունից գնել են քարտեր, բայց դրանցով կամ ընդհանրապես զանգահարել չի լինում, կամ էլ րոպեները գնում են՝ այդպես էլ զրուցակցի ձայնը չեն լսում:

Մեր համաքաղաքացիներից մեկը գնել է, օրինակ, «Ավրորա» կոչվող քարտերը: Նրա պատմելով՝ «մոտ մեկ ամիս առաջ քարտն իրեն արդարացնում էր, բայց վերջին օրերին ինչ-որ անհասկանալի բաներ են լինում, նախ քարտի վրա նշված համարներով կապվել չի լինում, եւ հետո՝ բան չի լսվում»: Երբ քաղաքացին կապվել է ընկերության տնօրինության հետ՝ նրան պատասխանել է մենեջերը՝ արդարանալով, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է եւ որ իրենք հիանալի կապ ունեն:

Խնդիրն այն է, որ վերջին օրերին Հայաստանում ինտերնետային կապը խայտառակ վիճակում է, եւ «Ավրորան», ինչպես նաեւ նման ծառայություն մատուցող այլ ընկերությունները պարզապես հաճախորդ չկորցնելու համար բողոքողներին նման «ցրողական» պատասխաններ են տալիս, որովհետեւ եթե խոստովանեն, որ իրենց տրամադրած ծառայությունն իսկապես անորակ է, ոչ ոք իրենց քարտերը չի գնի: Ըստ սպառողների, վատացել է նաեւ «ԱրմենՏելի» առաջարկած «Ձայնային կամուրջ» ծառայության որակը: Քաղաքացիների ներկայացմամբ՝ 1000 դրամ տալիս են ու միայն լարերի բզզոց ու ճվվոց լսում: «Որդիս Ռուսաստանում է, մի օր որ հետը չխոսեմ՝ չեմ կարող քնել, պարտադիր պիտի առավոտյան զանգեմ, իմանամ ոնց է, նոր անցնեմ գործերիս: Արդեն մեկ շաբաթ է՝ 1000 դրամանոց քարտերից առնում եմ, զգում եմ, որ հեռախոսը վերցրել է, բայց ոչինչ չեմ լսում, ոնց որ հեռավոր ինչ-որ կղզուց խոսա, սա էլ նոր խաբեության ձե՞ւ է, ես օրը 500 դրամ եմ վաստակում, ինչո՞ւ պիտի 1000 դրամ ստից «ԱրմենՏելի» գրպանը դնեմ, իրանց լարերի ձենի՞ն եմ կարոտ»,- բողոքեց 65-ամյա Միլենա Առաքելյանը:

Խնդրի հետ կապված մեզ «ԱրմենՏելից» պարզաբանեցին, որ քաղաքացին կարող է քարտի վրա նշված համարներով զանգահարել ու քարտի համարն ասել, էնտեղ կստուգեն եւ կպարզեն խնդիրը: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ից Հայաստանում ինտերնետային կապը խաթարվեց՝ կապված Սեւ ծովով անցնող մալուխի վնասման հետ, այնուհետեւ մալուխը վնասվեց Վրաստանի տարածքում, որը, ճիշտ է, վերականգնվեց, բայց սպառողներն այդպես էլ որակի փոփոխություն չզգացին: Զուգադիպությամբ սպառողները նույն ժամանակահատվածում սկսեցին դժգոհել նաեւ միջազգային զանգերի համար նախատեսված քարտերի որակից: Սակայն ըստ ընկերության մամուլի ծառայության պետ Հասմիկ Չութիլյանի, քարտի հետ առաջացած խնդիրը ինտերնետի հետ կապ չունի:

Մեր հարցին, թե ինտերնետային կապը մեր երկրում ե՞րբ կնորմալանա, Հ. Չութիլյանը պատասխանեց. «Ինտերնետային կապը հիմա նորմալ է»: Նրա տեղեկացմամբ՝ Սեւ ծովով անցնող մալուխի վնասվածքը դեռ չի վերականգնվել, «խնդիրը հիմա քննարկվում է»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել