Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՇԱՏՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆՅԱՆ «ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐԸ»

Օգոստոս 12,2006 00:00

Ըստ թատերագետ Վարսիկ Գրիգորյանի

Շիրվանզադեի «Պատվի համարը» համարյա միաժամանակ սկսեցին

պատրաստել Մայր թատրոնը եւ Արտաշատի թատրոնը: Մեկը գերժամանակակից, մյուսը՝ դասական ավանդական մեկնություն ունի: Արտաշատի թատրոնի բեմադրության ավարտից հետո զրույցի հրավիրեցինք ճանաչված թատերագետ Վարսիկ Գրիգորյանին, խնդրելով ընդհանուր գծերով ներկայացնել երկու թատրոնների «Պատվի համարները»:

Թատերագետը «շահվերդյանական ժամանակակից գանգստերական դետեկտիվ ժանրում հայտնի պիեսը» դիտելուց հետո առանձնակի հետաքրքրությամբ էր եկել Մայր թատրոն՝ Արտաշատի թատրոնի ներկայացումը դիտելու: «Շահվերդյանի մոտ այնքան պարզ, սոցիալ-հոգեբանական դրաման կրճատված-աղճատված էր, լցված, գերբեռնված խրթին խորհրդանիշներով, դեմք-աթոռներով, դիմակավորներով, աղմուկաձայնային ապակողմնորոշող տարրերով, ինչ-որ արկղ-կառույցներով, որոնք շարժվում-տեղադրվում էին մոլեգին ռիթմով եւ դրանց կարճատեւ դադարներին հազիվ վերագտնում էիր դրամայի տրամաբանական թելը եւ իսկույն էլ կորցնում: Մեխանիկական նեցուկների վրա հիմնված այդ բեմադրությունը մնաց իբրեւ հարյուրամյա պատմություն ունեցող երկի պատմություն, երեւի թե ամենակուրյոզային ընթերցումը»,- Վ. Գրիգորյանը երկու խոսքով այսպես ներկայացրեց Վ. Շահվերդյանի կատարած աշխատանքը:

Իսկ ինչպիսի՞ն էր Արտաշատի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Հայկ Մնացականյանի գործը: «Պիեսը թարմացնելը, նորացնելը, հարստացնելը բոլոր ժամանակներին եւ բոլոր բեմադրիչներին է հատուկ: Հենց այս զգացումով էլ ընկալեցի Մնացականյանի հավելած նախաբանը բակում խաղացող աղջնակի, ինչ-որ սքեմավորների՝ գնդիկներ հավաքելու եւ կրակը նետելու, ինչ-որ խորանում հայտնվող Աստվածամոր պատկերի ու աղոթքի դրվագները, թեեւ դրանք ոչ միայն ինձ, այլ, համոզված եմ, կոլեգաներիս թվացին «այլ օպերայից»: Դրաման հարստացնելու, ինչ-որ թարմ գծեր ներմուծելու, կոնֆլիկտի խորքն ու էությունն առավել ցայտուն դարձնելու առումով Մնացականյանը ներմուծում էր արել եւ հեղինակի «Քաոսից», եւ դա միանգամայն օրգանական է ընկալվում, օրինակ՝ Սուրենի ու Բագրատի փոխհարաբերությունների, Օթարյան եւ Էլիզբարովի դեպքում: Առարկելի չէ եւ նույնիսկ բեմավիճակն անվիճելիորեն աշխուժացնում է Սուրենի եւ Բագրատի տեսարանում օպերետ-օպերետային կուպլետների եւ նույնիսկ «Համլետից» որոշ երկխոսությունների զավեշտախառն ընդօրինակումը»,- ասաց տիկին Գրիգորյանը:

Նաեւ նշեց, որ իրեն սփոփել է հեղինակին հարազատ մնալու ռեժիսորի միտումը: Դիտարկմանը՝ այս պիեսում ամենաբարդը հավանաբար Էլիզբարովի կերպարն է, որը թե տեսանյութերից, թե աշխատություններից ամենքիս գիտակցության մեջ մեխվել է Հովհաննես Աբելյանի եւ Հրաչյա Ներսիսյանի մոնումենտալ խաղով, նրանց «մեղքը» չէ՞, որ այսօր ցանկացած Էլիզբարով անխնա քննադատության է ենթարկվում: «Բարեբախտաբար, այս Էլիզբարովը (Ռոմեն Ավինյան) ոչ մեկին չի հիշեցնում: Համբավի ու հարստության հասած մարդը կանգնել է ահավոր վիճակի առջեւ եւ դերասանի տառապանքն ու պոռթկումն էլ համոզիչ է: Չմոռանամ հատուկ նշել Ռոզալիայի (Անահիտ Բադալյան) վառ ու թատերային կերպարը, որը տրոհվում էր ամբողջ անսամբլից եւ առավել ցայտուն դարձնում Մ. Ազիզյանի Մարգարիտի պակասավորությունը: Ճիշտ է, վերջինս արտաքինից լավն էր, բեմական, սակայն խոսքը, ձայնը խուլ էր, անարտահայտիչ: Ամեն դեպքում, մայրաքաղաքից դուրս, դժվար պայմաններում ստեղծագործող թատրոններին պարտք ենք մնում եւ թատերագետներս, եւ Թատերական գործիչների միությունը, մի խոսքով՝ ներքեւից վերեւ»,- ասաց Վարսիկ Գրիգորյանը:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել