«Լրագրության ոսկե կանոնն է՝ չկա՛ն ոսկե կանոններ»,- այս նշանաբանով սկսեց ու ավարտեց ուսուցումը մեր դասընթացի տնօրենը՝ Քեյթ Հեյսը, որը երկարամյա աշխատանքի փորձ ունի անգլիական էլեկտրոնային ԶԼՄ-ներում:
Լսարան, լսարան, լսարան
«Ուսումնասիրեք այս թերթը՝ մինչեւ խմբագրություն այցելելը»,- պատվիրեց մեր դասընթացների մյուս ղեկավարը՝ Գրեհեմ Ադդիքոտը, որն էլ մրցանակակիր ռեպորտյոր է: «Աշխարհի նորություններ» (News of the world) կիրակնօրյա պարբերականի այդ՝ հուլիսի 23-ի համարի առաջին էջում Ջորջ Մայքլն էր՝ իր նոր սեռական սկանդալով: Թերթն էքսկլյուզիվ կադրեր էր բռնացրել՝ 43-ամյա մեծահարուստ գերաստղը միկրոավտոբուսի 58-ամյա գործազուրկ վարորդի հետ սեքսով էր զբաղվել Լոնդոնի այգում՝ թփերի մեջ: Դրանից մի քանի ժամ առաջ նա Ջորջ Մայքլի հետ ծանոթացել էր Ինտերնետի միջոցով: Եվ սրան նվիրված էին թերթի երկու էջերը՝ լուսանկարներով ու մակագրություններով: Ջորջ Մայքլը հայհոյել էր լրագրողներին, առաջարկել, որ եթե իրենք արվամոլ չեն՝ լավ կանեն ռադները քաշեն (շատ մեղմ ասած) այստեղից… Փորձել էր թաքցնել դեմքը գլխարկով, գոռացել, թե ինքն ազատ մարդ է, ուստի կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է…
Թերթի լուսանկարիչները բռնացրել էին նաեւ Դեյվիդ Բեքհեմին եւ կնոջը՝ Վիկտորիային Իտալիայում, ծովափին արեւահարվելիս: Լուսանկարներն ուղեկցվում էին պատմությամբ, թե զույգը պատրաստվում է ունենալ իր 4-րդ երեխան: Նրանք արդեն 3 որդիներ ունեն, եւ Վիկտորիան իր մերձավորներին իբր խոստովանել էր, թե անհոգնել ջանում են զավակ (գերադասելի է՝ աղջիկ) ունենալու համար: «News of the world»-ի աղբյուրները հայտնել էին, թե 7 տարի առաջ ամուսնացած զույգը, ճիշտ է՝ նախկինում խնդիրներ է ունեցել, բայց այդ ամենն անցյալում է, եւ այժմ դարձյալ մեղրամիս են վայելում 20 միլիոն դոլար արժողության առագաստանավում. «Ու չեն կարողանում դադարել շոյել ու համբուրել միմյանց»:
Կարող եմ շարունակել նկարագրությունը եւ պատմել, որ թերթի 12-13-րդ էջերում մերկ աղջիկներ էին, 17-րդ էջում մի հեռուստաաստղի վիրահատված քիթը՝ խոշոր պլանով, 41-րդ էջում՝ էլի մերկ կանայք, հետո հեռուստածրագրեր, հայտարարություններ, մի 20 էջ էլ՝ սպորտ… ու անչափ շատ գովազդ:
… Հայաստանում Բրիտանական խորհրդի կազմակերպած ծրագիրը, որին մասնակցելու նպատակով մենք՝ հայ լրագրողների 11 հոգանոց խումբը, մեր վրացի եւ ադրբեջանցի գործընկերների հետ հուլիսի 18-28-ը գտնվում էինք Լոնդոնում՝ կոչվում էր «Մամուլի դերի բարձրացումը կառավարության ծրագրերի դիտարկման մեջ»: Եվ բնական է, որ պիտի Գրեհեմ Ադդիքոտից հետաքրքրվեի, թե ի՞նչ կապ ունի կառավարության գործունեության դիտարկումն այս դեղին մամուլի հետ: «Նրանք ուժ ունեն: Այս թերթը լույս է տեսնում 3,5 մլն տպաքանակով,- պատասխանեց մեր տնօրենը:- Նրանք ազդեցություն ունեն, եւ կարողանում են լսարանին ուղղորդել հօգուտ այս կամ այն օրինագծի կամ նախաձեռնության»:
… Սա գլխավոր դասերից մեկն էր, որ մեզ համար կրկնում էր Գրեհեմը: Որո՞նք են լրագրողի համար երեք գերակայությունները հարցին պատասխանելով՝ «1. Լսարան: 2. Լսարան: 3. Լսարան»:
90 տոկոսով՝ քրտինք
Էլի կվերադառնամ «News of the world» մեր այցին: Սակայն թող տպավորություն չստեղծվի, թե բրիտանական մամուլի հետ մեր ծանոթությունը սահմանափակվել է բացառապես դեղին պարբերականով: Ընդհակառակը՝ սա բացառություն էր: Ծրագրում ավելի մեծ ծավալ էին կազմում «Daily Telegraph» եւ «Sunday Telegraph» պարբերականների, հետաքննող լրագրողների հետ հանդիպումները:
Մեջբերեմ որոշ խորհուրդներ, որոնք քաղել եմ նրանց դասախոսություններից: Գուցե դրանք օգտակար լինեն նաեւ գործընկերներիս համար. «Եթե պաշտոնյան ասելու է, իսկ դու միայն՝ գրանցելու, ուրեմն՝ թուղթը մի տեղից մյուսը տանող ես: ՍՏՈՒԳԻ՛Ր»: «Պատմությունը հակիրճ ներկայացրեք հենց առաջին պարբերության մեջ»: «Ավելի լավ է բանտ գնալ, քան բացահայտել տեղեկատվության աղբյուրը»: Բազմաթիվ էին խորհուրդները հարցազրույց վարելու հմտությունների շուրջ՝ առաջին 5 րոպեն խոսեք առանց ձայնագրիչի, մանրամասն մի ներկայացրեք, թե ինչ եք ուզում իմանալ այդ հարցազրույցի միջոցով, միշտ ձեւ արեք, թե նախապես ոչինչ չգիտեք այդ պատմության մասին ու հենց իրենից պիտի իմանաք: Լրագրողներից մեկն օգտակար խորհուրդ տվեց՝ թերթերից կտրված հրապարակումների գրադարան ունենալ, եւ այդ միջոցով միշտ ստուգել հարցի նախապատմությունը: Իսկ սա կոչ էր. «Լրագրողը չպիտի ասի՝ ոչինչ չենք կարող փոխել: Սատանան է խառը, երբ լավ մարդը ոչինչ չի անում: Փոխե՛ք ինչ-որ բան՝ մի՛ փոքր, քի՛չ-քի՛չ, եւ ավելի լավը կդառնա երկիրը»: Եվ թերեւս ոչ պակաս կարեւոր բանաձեւումը. «Լրագրությունը 10 տոկոս ներշնչանք է, 90 տոկոս՝ քրտինք»:
Առավել տպավորիչ էր «Dow Jones» լրատվական գործակալություն այցելությունը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ ուղղակի կարելի էր ցնցվել՝ համեմատելով մեր եւ նրանց աշխատանքային պայմանները: Շատ «ջիջիլ» չգցելու համար ընդամենն ասեմ, որ այս գործակալության թղթակիցներն աշխատում էին նվազագույնը 3 մոնիտորով (իսկ իմ համակարգիչը օդափոխիչ չունեցող այս սենյակում շոգից շարունակում է ժամանակ առ ժամանակ «ուշաթափվել», ուստի ստիպված հա «restart» եմ անում): Այս գործակալությունը 7-8 հազար աշխատակից ունի, 300 թղթակցական կետեր՝ աշխարհի տարբեր երկրներում (մեր տարածաշրջանում՝ միայն մի թղթակից Բաքվում): «Dow Jones»-ի խմբագիրներից մեկը՝ Ռենդի Վալերիուսը ներկայացրեց իրենց յուրօրինակ վարքականոնը, որից արժե անել որոշ մեջբերումներ՝ «Մի՛ կատարիր հասարակայնության հետ կապերի աշխատակցի գործը», «Մի՛ վճարիր պատմությունների համար», «Մի՛ ցույց տուր հրապարակումներդ մինչեւ տպագրությունը», «Երկու կողմն էլ իրենց ասելիքը պիտի ունենան մեր նյութերում» եւ այլն:
… Ձեռքերը կշեռքի նժարների պես տարուբերելով՝ Գրեհեմ Ադդիքոտն ասում էր. «Ո՞ւր կգնաք աշխատելու: «Սան» թերթի մեծ մասը բամբասանք է, եւ 3 մլն ընթերցող ունի, իսկ «Գարդիան»-ի տպաքանակն ավելի փոքր է: «Սան»-ի լրագրողները ստանում են 100 հազար ֆունտ, իսկ «Գարդիան»-ի մեկնաբանները՝ 50 հազար: Ո՞րն եք ընտրում՝ լո՞ւրջ լրագրությունը, թե՞…»:
Կատարյալ դեղին
Տաբլոիդներ «News of the world»-ի եւ «The Sun»-ի տերը Ռուպերտ Մերդոքն է, որը նաեւ հրատարակում է հեղինակավոր «The Times» ամսագիրը: Երկու ծայրահեղություններ:
«Իհարկե՝ սպորտը: Քաղաքականությունը վատ է վաճառվում»,- այսպես պատասխանեց «News of the world»-ի մեզ հյուրընկալած խմբագիրը հարցին, թե ո՞ր թեմաներն են իրենց համար կարեւոր՝ տնտեսությո՞ւնը, քաղաքականությո՞ւնը, թե՞ սպորտը: Մենք մեջբերեցինք «Dow Jones»-ի սկզբունքը, թե չեն վճարում պատմությունների համար, եւ հետաքրքրվեցինք, թե իրենք ունե՞ն որեւէ նման սկզբունք: «Օ, մենք շա՜տ մեծ փողեր ենք վճարում իսկապես մեծ պատմությունների համար»,- ժպտաց խմբագիրը:
«Ազգի» թղթակցի դիտարկմանն էլ, թե մի քիչ դեղնավո՞ւն չեք՝ հպարտորեն ազդարարեց. «Ոչ, մենք լրի՛վ դեղին ենք»: Նույն թղթակցի հարցին, թե ի՞նչ հետեւանք ունեցավ Ջորջ Մայքլի մասին հրապարակումը՝ պատասխանեց, թե լրացուցիչ կես միլիոն տպաքանակ լույս ընծայեցին, նաեւ ահագին գումար վաստակեցին այդ միջադեպի իրենց բացառիկ լուսանկարների հեղինակային իրավունքի շնորհիվ: Հարցադրմանն ի պատասխան էլ, թե չե՞ն զգուշանում մասնավոր կյանքին նման միջամտությունից՝ նշեց, թե իրենք իրավաբանների մի թիմ ունեն, որոնք նյութերն ուշադիր կարդում են մինչեւ հրապարակումը:
… Թերեւս՝ այնքան էլ լավ չէին կարդացել: Քանի որ հազիվ մի քանի օր անց Ջորջ Մայքլը հայտարարեց, թե դատական գործ է հարուցել ոչ միայն այդ վարորդի դեմ, որը հրապարակավ պնդել էր, թե իր հետ սեքսուալ հարաբերություններ է ունեցել, այլ նաեւ պապարացիների, որոնք կոպտորեն միջամտել էին իր անձնական կյանքին: Երգիչը, սակայն, դատի չտվեց ոչ «News of the world»-ին, ոչ էլ նրա հրատարակչին: Նշենք նաեւ, որ ծագած սկանդալի պատճառով հետաձգվեց Ջորջ Մայքլի ամուսնությունն իր երկարամյա «կողակցի»՝ Քեննի Գոսսի հետ:
Իսկ այս շաբաթ մեկ այլ սկանդալ ծագեց «News of the world»-ի թղթակիցների առնչությամբ. նրանք փորձել էին գաղտնալսել արքայազն Չարլզի եւ նրա որդիների հեռախոսազրույցները: Տաբլոիդն արդեն իսկ հրապարակել էր Հարիի ու Ուիլյամի SMS-ները, որոնք երիտասարդ արքայազնները հղել էին իրենց ընկերուհիներին: Բրիտանիայի ոստիկանությունն օգոստոսի 8-ին ձերբակալեց «News of the world»-ի պալատական նորությունների խմբագրին եւ մի աշխատակցի, սակայն ազատ արձակեց նրանց հաջորդ օրը՝ մինչեւ օգոստոսի 16-ին կայանալիք դատավարությունը: Հետաքննություն է սկսվել՝ պարզելու, թե արդյոք գաղտնալսվո՞ւմ են երկրի այլ հասարակական գործիչների հեռախոսները: Արդեն պարզել են, որ գաղտնալսվել է նաեւ Վիկտորիա Բեքհեմի հեռախոսը: Իշխանությունները հնարավոր են համարում, որ լրագրողները միացել են անգամ Բուկինհեմյան պալատի հեռախոսներին:
«News of the world»-ին դատի տալ է պատրաստվում նաեւ Պոլ Մաքքարտնիի երկրորդ կինը՝ Հեզեր Միլլզը, քանի որ թերթը գրել էր, թե նա ջահել ժամանակ պոռնիկ է եղել:
Եվս մի տեղեկատվություն՝ վերջին տարում Մեծ Բրիտանիայում կրկնապատկվել է քանակն այն դատական հայցերի, որոնք աստղերը ներկայացնում են ընդդեմ թերթերի՝ մեղադրելով նրանց զրպարտության մեջ: Եվ, ասենք, Ջասթին Թիմբերլեյքն արդեն իսկ շահել է «News of the world»-ի դեմ դատը, այն հրապարակման համար, թե նա սիրավեպ է ունեցել մի մոդելի հետ այն ժամանակահատվածում, երբ հանդիպում էր Քեմերոն Դիասի հետ:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Լոնդոն-Երեւան