«Ժառանգություն» կուսակցության նախկին, իսկ այսօր ՀՀ «Երիտասարդական կուսակցության» անդամ Էդգար Հակոբյանը որոշել է
դատի տալ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին:Ընդամենը մի քանի ամիս առաջ «Ժառանգություն» կուսակցությունից լրտեսություն անելու մեջ մեղադրված ու նույն պատճառաբանությամբ կուսակցությունից հեռացված, ապա «Հայաստանի երիտասարդական կուսակցությունը» համալրած Էդգար Հակոբյանը, պարզվում է, պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ «Ազատություն» ռադիոկայանի «Maxliberty» ծրագրի թղթակից Նարեկ Գալստյանի: Երեկ այդ մասին Էդ. Հակոբյանը հայտարարել է իր հրավիրած ասուլիսում՝ Ն. Գալստյանին մեղադրելով իրեն զրպարտելու մեջ: Է. Հակոբյանը հերքել է օրերս, իսկ ավելի ճշգրիտ՝ օգոստոսի 9-ին ռադիոկայանով հեռարձակված ռեպորտաժում հնչած տեղեկատվությունն այն մասին, թե ինքը ոստիկանության գործակալ է՝ «Գայլ» մականունով, եւ որ ուղղորդել է «Նոր ժամանակներ» կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Նարեկ Մալյանի նկատմամբ Կենտրոնի ոստիկանության կողմից արդեն մեկ շաբաթ իրականացվող հետապնդումները: Ընդ որում, այդ մեղադրանքը Էդ. Հակոբյանին նույն ռեպորտաժում ներկայացրել էր ոչ թե ռ/կ-ի թղթակիցը, այլ՝ հենց Ն. Մալյանը. «Տվյալ երիտասարդը (այսինքն՝ Էդգար Հակոբյանը- Ն. Մ.), գրանցված է Կենտրոն ոստիկանության բաժնում, քրեական հետախուզության բաժանմունքի օպերներից մեկի մոտ՝ որպես գործակալ՝ «Գայլ» ծածկանունով»: Միաժամանակ «Ազատության» թղթակիցն իր աղբյուրների միջոցով պարզել էր, որ «Գայլ» մականունով գործակալը նույն ինքը՝ Էդ. Հակոբյանն է: Ընդ որում, Ն. Գալստյանը՝ հավատարիմ մնալով լրագրողական էթիկայի նորմերին, իր ռեպորտաժը պատրաստելիս զրուցել էր նաեւ Է. Հակոբյանի հետ: Վերջինս, իհարկե, հերքել էր, որ ինքը գործակալ է, ինչը եւ հեռարձակվել էր նույն ռեպորտաժում: Սակայն դա Էդ. Հակոբյանին չէր բավարարել: «Երբ ինձ զանգեցին ու հարցրին՝ գործակա՞լ եք, թե՞ ոչ, ես նախ շնորհակալություն հայտնեցի, որ իմ մականունը «Գայլ» է, որովհետեւ ես վաբշե տը գայլ սիրում եմ, բայց գործակալ չեմ»,- երեկ իր ասուլիսում ասել է է Էդ. Հակոբյանը:
Վերջինս, սակայն, երեկ նաեւ հայտարարել է, թե «Ազատություն» ռադիոկայանը, «որ միշտ հայտնի է եղել իր անկողմնակալությամբ, այժմ դարձել է իր լրագրող Նարեկ Գալստյանի անձնական համակրանքն ու հակակրանքն արտահայտելու միջոց»: Ըստ նրա, վերջին 2-3 ամիսների ընթացքում իր անձի շուրջ պտտվող ստահոդ լուրերի պատճառն այն է, որ ինքը, պատկերացնո՞ւմ եք՝ հայտարարել է իր հիմնադրած «Միասին» հասարակական նախաձեռնության պետականամետ դիրքորոշման մասին եւ պատրաստակամություն հայտնել աջակցել ՀՀ իշխանություններին ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում: Ի՞նչ կարելի է ասել, մարդու պետականամետության զգացումը ընդդիմադիր կուսակցությունից հեռացվելուց հետո հասել է, ինչպես ասում են, իր «պիկին»:
Էդ. Հակոբյանը երեկ միաժամանակ վստահեցրել է, թե իր հասցեին «Ազատություն» ռ/կ-ով հերյուրանքներ է տարածվել, ուստի ինքը որոշել է դիմել պատկան մարմիններին՝ դատարանին ու իրավապահներին: «Մենք այժմ մեր իրավաբանների, փաստաբանների հետ կոնսուլտացիաներ ենք անում, որպեսզի քաղհայցով դիմենք դատարան կամ էլ իրավապահ մարմիններին»,- հայտարարել է Էդ. Հակոբյանը՝ պարզաբանելով, որ նպատակ ունի զրպարտության հոդվածի հիման վրա քրգործ հարուցել, եթե ապացուցվի որ դրանում հանցակազմ կա:
«Հիմա քննարկվում է՝ դատական հայց ներկայացնել միանգամից երկուսի դեմ միասի՞ն («Ազատություն» ռ/կ-ի, եւ «ՆԺ» երիտասարդական թեւի ներկայացուցիչ Ն. Մալյանի դեմ- Ն. Մ.), թե՞ առանձին-առանձին: Երեւի երկուշաբթի կամ երեքշաբթի կորոշենք ու էտի կմտնի կիրառական գործընթացի մեջ»,- ասել է Էդ. Հակոբյանը:
Մենք, անշուշտ, փորձեցինք ստանալ նաեւ «Ազատություն» ռ/կ-ի ղեկավարության արձագանքն այս ամենի առնչությամբ: Ռադիոկայանի երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ատոմ Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Ազատություն» ռ/կ-ն իր բոլոր հաղորդումները հեռարձակում է լրագրողական էթիկայի բոլոր կանոններին համապատասխան՝ արդեն 50 տարի. «Եվ ես չեմ հիշում, թե այդ ընթացքում երբեւէ նման խնդիրներ ծագած լինեն: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ նյութին, ապա դա նույնպես եղել է կոռեկտության կանոններին համապատասխան»: Ինչ վերաբերում է Էդ. Հակոբյանի հավակնոտ հայտարարություններին՝ զրպարտության մեղադրանքով դատական հայց ներկայացնելու վերաբերյալ, ապա Ա. Մարգարյանը կարծիք հայտնեց, որ եթե մարդիկ դատական կարգով հարցեր լուծելու խնդիրներ ունեն, ապա ռ/կ-ն խնդիր չի տեսնում: Ա. Մարգարյանը միաժամանակ հավելեց, որ «Ազատություն» ռ/կ-ի «Maxliberty» ծրագրի լրագրողը, իհարկե, պարտավոր է մնալ լրագրողական էթիկայի սահմաններում, ինչն արվել է, բայց հեռարձակված ռեպորտաժի մեկնաբանությունն արդեն ունկնդրի խնդիրն է»: Ի դեպ, եթե Էդ. Հակոբյանի մտադրություններն ուղղված են ոչ թե մեր երկրում հեռարձակվող բացառիկ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրող միակ ռադիոկայանի դեմ, որից խորշում են անգամ երկրի իշխանությունները, ապա նա պետք է համանման հայց՝ իրեն զրպարտելու առնչությամբ, ներկայացնի նաեւ իր նախկին կուսակիցների՝ «Ժառանգության» դեմ, որն առաջինն է պատասխանատու հայտարարություն արել Էդ. Հակոբյանի լրտես լինելու փաստի մասին:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ