Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատմության դասագիրք երեկվա ու այսօրվա համար՝ միայն-5

Օգոստոս 11,2006 00:00

Անկախության վերահաստատումից առաջ ու հետո հայ քաղաքական ասպարեզի միակ անփոփոխ հիվանդությունը եղել է… ամեն երկուշաբթի կյանքը նորից սկսելը:

Կուսակցական կյանքը եւս ամեն երկուշաբթի նորից սկսողները հակված են քաղաքական հիշողության, այսինքն՝ ընտրովի. հիշում են՝ ինչ պետք է, մոռանում են՝ ինչ պետք չէ:

2007-ին եւս ուրվագծվում է նույն սցենարի իրականացումը, որ 1999-ին գործեց «Միասնություն» դաշինքի ստեղծումով ու պաշտպանության նախարարի ամբողջ հասակով քաղաքականության մեջ մտնելով: Բայց այն ժամանակ կար Կարեն Դեմիրճյան եւ կար Վազգեն Սարգսյան: Նույնությունները շատ քիչ են՝ կենսագրություն է պետք ընտրություններում հաղթելու համար… Այս մասին գործողները հազիվ թե մոռացած լինեն, որովհետեւ այդ ընտրություններում որոշվելու է ոչ միայն ու ոչ այնքան Հայաստանի, որքան իրենց ճակատագիրը: Ու թեեւ տեխնոլոգիան կիրառվում է հինը, բայց պայմանները փոխված են: Նոր պայմանները նոր միջոցներ են պահանջում: Օրինակ՝ եթե այն ժամանակ «Միասնություն» դաշինքը ստեղծվեց եւ դա բավական էր, այս դեպքում կրկնակի ապահովագրումներ են կատարվում: Հազիվ թե որեւէ մեկի կասկածը հարուցի այն հանգամանքը, որ վաղ թե ուշ թե՛ հանրապետականները, թե՛ բարգավաճողները միանալու են՝ շահն է ընդհանուր: Ընտրություններից առաջ, թե հետո՝ դա մարտավարության հարց է, բայց այդ երկու կուսակցությունները փորձելու են կլանել քաղաքական ասպարեզի բոլոր մանր ու միջին միավորները, որոնք այլ ճանապարհ գործնականում չունեն ինքնապահպանման համար: Աջ ու ձախ ուժերի միավորումները թերեւս այդ նպատակով են ձեւավորվում: Խնդիրը մեկն է՝ իշխանության վերարտադրություն, բայց ահա այդ խնդիրը ոչ միայն միավորում, այլեւ բաժանում է իշխանավորներին: Նրանց անձնական ու իշխանական ամբիցիաները ոտնատակ են լինում… Ու ինչու ոչ՝ նրանք կարող են նաեւ տրոհող ազդեցություն ունենալ միմյանց համար: Բոլոր արհեստական միավորումները քանդվում են՝ ընտանիքից մինչեւ կայսրություններ: Հայաստանը դրա օրինակը անվերջ տվել է՝ նախընտրական դաշինքներից մինչեւ հետընտրական կոալիցիա: Խնդիրն ու իր լուծումները չեն փոխվում, որովհետեւ սխալ խնդիր է առաջադրվում: Հայաստանին պետք է ոչ թե ինչ-որ իշխանություն, այլ պետք է իր ընտրած, իր ներքին ու արտաքին շահերը սպասարկող իշխանական համակարգ, որտեղ անձերի փոփոխությունը ընդամենը պայմանական է: Ժողովրդավարական երկրներում, որոնք անընդհատ օրինակ են բերվում Հայաստանի համար, այդպես է:

Իսկ ի՞նչ է անելու ընդդիմությունը: Հայաստանի ընդդիմությունը, որ նույնպես նախընտրական որոնումների մեջ է, դաշինքների ձեւավորման ու սեփական ուժերի զորատեսի: Ակներեւաբար՝ այս ընտրությունները լինելու են այն ճամփաբաժանը, որ նաեւ վերհանելու են իշխանական ու իրական ընդդիմության առկայությունն ու վերջապես բյուրեղանալու է նաեւ ընդդիմության դաշտը՝ ամեն մեկը արդեն բացահայտ է գնալու իր ճանապարհով՝ վար նետելով հավուր պատշաճի ու ինքնապահպանության համար հագած դիմակները:

Իսկ դա ընդամենը նշանակում է, որ իշխանական դաշտը համալրվելու է կեղծ ընդդիմության ներկայացուցիչներով, ընդդիմադիր դաշտն էլ ազատվելու է բալաստից: Պարզապես ընտրողի համար սկզբում թերեւս դժվարանալու է կողմնորոշվելը:

Հետեւությունները՝ յուրովսանն:

Ով ինչ, ինչքան ու ինչու հասկացավ:

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել