Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԳՆ-Ն Ի ՎԵՐՋՈ ԽԱԽՏԵՑ ԿԱՐԳԸ

Օգոստոս 11,2006 00:00

Ուսուցիչների, տնօրենների եւ դաստիարակների աշխատանքը խրախուսելու, հասարակության մեջ նրանց հեղինակությունը բարձրացնելու նպատակով ՀՀ ԿԳ նախարարի՝ թիվ 147-Ն, 15.03.06թ. հատուկ հրամանով դեռեւս գարնանը հաստատվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների անցկացման կարգերը:

Մրցույթի առաջին փուլը, կարգի համաձայն, անցկացրել են մարզպետարանների (քաղաքապետարանի) կրթության վարչությունները՝ նախապես ստեղծված մարզային գնահատող հանձնաժողովների միջոցով: Այնուհետեւ պետք է ընտրվեին յուրաքանչյուր մարզից մեկ թեկնածու, որոնք էլ կանցնեն հանրապետական փուլ: Այս վերջին փուլում մրցույթն անցկացնում է ԿԳՆ-ն: Սակայն մինչ դրան հասնելը, մինչեւ մայիսի 25-ը, մարզպետարանները (քաղաքապետարանը) ԿԳՆ հանրակրթության վարչություն պետք է ներկայացնեին արդեն ընտրված մեկական թեկնածուի անուն՝ յուրաքանչյուր անվանակարգից: Դեռեւս 2 ամիս առաջ գրել ենք, որ քաղաքապետարանը, ի տարբերություն մյուս մարզերի, ուզում է մայրաքաղաքից ներկայացնել 2-ական թեկնածու: Քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանն ասում էր, որ Երեւանից մեկ թեկնածուն քիչ է, գոնե 2 թեկնածություն պետք է ներկայացվի, որովհետեւ մայրաքաղաքը մասշտաբներով չես կարող համեմատել մյուս մարզերի հետ: Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասում էր, որ իրենք թույլ չեն տա կարգի նման խախտում, եւ ինչպես սահմանված է՝ 1-ական հոգի, այնպես էլ կմնա, մայրաքաղաքը բացառություն չի լինի: Նաեւ տարակուսանք էինք հայտնել. «Տեսնենք՝ արդյոք կարգը կխախտվի՞, թե՞ քաղաքապետարանը դժգոհ կմնա»: Ի վերջո, կարգը խախտվեց: Քաղաքապետարանին հաջողվեց համոզել ԿԳՆ-ին: Օրերս մեզ հետ զրույցում Ն. Հովհաննիսյանը փոխել էր իր կարծիքը. նա արդեն տիկին Աչոյանի նման է մտածում: Ն. Հովհաննիսյանը մասնավորապես ասաց, որ մայրաքաղաքի 220 դպրոցների պարագայում 2-ը շատ չէ. «Սուր բան չեմ տեսնում: Սեպտեմբերին բանավեճ կլինի, բաց մրցույթ, ինչի արդյունքում էլ կընտրենք լավագույնին»:

Այսպիսով՝ առանձնացվել են Էրեբունի համայնքի թիվ 43 դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանը եւ թիվ 143 դպրոցի տնօրեն Ժաննա Թադեւոսյանը: Սեպտեմբերին, ԿԳՆ-ում կայանալիք բանավեճի ժամանակ, որին, ի դեպ, ըստ կարգի, պետք է մասնակցեն նաեւ ԶԼՄ ներկայացուցիչները, կընտրվի նրանցից լավագույնը:

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել