Լրահոս
Օրվա լրահոսը

Թիկունք ունեն՝ սարքում են

Օգոստոս 11,2006 00:00

Այսօր ով վերեւների «բերանը փակի»՝ շենքի վրա նոր շենք կկառուցի, իսկ քաղաքապետարանի բանուգործը միայն շինթույլտվություն տալն է:

Օրերս մեր պետական այրերի թեթեւ ձեռքով հրամանագրված հերթական ապօրինի կառույցի առնչությամբ «Առավոտին» են դիմել Արաբկիր համայնքի Բաբայան փողոցի թիվ 36 շենքի բնակիչները: Նրանց պատմելով՝ այս տարվա հունիսի 20-ից անհայտ մարդիկ մտել են թիվ 84 բնակարան եւ նրա ներսում ու տանիքում սկսել շինարարություն իրականացնել՝ քանդել, ջարդել: Բնակիչները դիմել են թաղապետարանի, քաղաքապետարանի, անվտանգության, դատախազության պատկան մարմիններին: Բոլոր տեղերից պատասխանը եկել է, թե շինարարությունը կասեցված է, աշխատանքները դադարեցված են, քանի որ որեւէ օրինական փաստաթուղթ չկա եւ ապօրինությունը չպետք է շարունակվի: Սակայն մեր այցելության պահին էլ շինարարությունը շարունակվում էր: «Նրանք անհայտ լծակների կողմից սրտապնդված՝ աշխատանքներ են տանում եւ տարածում են, թե բոլորի բերանը փակել են, փող են տվել: Թե ո՞վ է այդ հնարավորությունը նրանց տվել, մենք չգիտենք: Երբ տարածքի ոստիկանները եկան եւ գոնե մեզ ինչ-որ բանում օգնեին, միայն ասացին, թե ցրվեք ձեր տներն ու հեռու մնացեք այս մարդկանցից, փող ունեն, թիկունք ունեն, իրենց գործը կանեն»,- պատմեցին բնակիչները: Բնակիչներից մեկի՝ Ժասմինա Վարդանովայի ներկայացմամբ՝ կառուցապատողները քանդել են շենքի հիմնապատը, որից ներքեւի հարկերի բնակարանների պատերն արդեն ճաքեր են տվել, բացի այդ, փակել են նաեւ տանիքում գտնվող օդափոխիչ խողովակը եւ տներում շնչել չի լինում: Շենքը սպասարկող «Զարթոնք» համատիրության նախագահ Երանուհի Ազիզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք մասնագետներ են հրավիրել, որոնց եզրակացությամբ՝ «շենքը գտնվում է ձորի բերանին, կառուցված է լիցքերի վրա, սեյսմակայուն չէ: Կառուցապատողները կտրել են այն բալկաները, որոնց վրա նստած էր շենքի ծածկը ու այն թողել պանելների վրա, ինչը ոչ վթարային շենքին չի թույլատրվում: Ուժեղ քամու, ձյան դեպքում այն փուլ կգա»:

Շինարարություն իրականացնողը ոմն Անուշ Ստեփանյան է, որն ունի քաղաքապետարանի շինթույլտվություն: Շինարարների ներկայացմամբ՝ «եթե սեյսմակայունությանը վնասեինք՝ քաղաքապետարանը երբեք թույլտվություն չէր տա, մենք ընդամենն ուզում ենք տանիքի հաշվին մի սենյակ էլ ավելացնել»:

Հիշեցնենք, որ գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն իր վերջին ասուլիսում հայտարարել էր, որ «այսուհետեւ 9 հարկանի նախատեսված շենքի հարկայնությունը չի փոխվի, այն չի դառնա 10 հարկանի, մենք թույլ չենք տալու»: Մինչդեռ քաղաքապետարանի շենքերի, շինությունների կառուցման եւ վերակառուցման բաժնի պետ Մհեր Աղաբեկյանը թիվ 36 շենքի առնչությամբ պարզաբանեց. «Դեռեւս նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է տվել ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ուր առկա է եղել Հայսեյսմշին ՓԲԸ եզրակացությունը, ըստ որի՝ շենքը սեյսմակայուն է, նման եզրակացություն է տվել նաեւ ճարտարապետաշինարարական ինստիտուտը: Ըստ նախագծի, տվյալ տիպի տանիքի բարձրությունը չի փոխվել, բետոնացման աշխատանքներ չեն կատարվում»: Սա պարոն Աղաբեկյանն ասաց՝ հիմնվելով դեռ 4 տարի առաջ կազմված փաստաթղթերի վրա, իսկ թե հիմա ինչ են արել շենքում, ըստ պարոն Աղաբեկյանի՝ «մենք չենք կարող պատասխանել, գուցե նրանք նախագծային շեղումներով են կառույցն իրականացնում»:

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել