Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանի բանակը մերից լավը չէ

Օգոստոս 11,2006 00:00

Բայց մերն էլ, մեր մեջ ասած, մի բան չէ

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում քաղաքական շրջանակներն ու մամուլը հատկապես զգայուն են «հակառակորդ» կամ «թշնամի» կողմ համարվող երկրի չինովնիկների հայտարարությունների նկատմամբ, մանավանդ, երբ դրանք առնչվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որեւէ հարցի: Ահավասիկ, երեկ ադրբեջանական «Day.az»-ն անդրադարձել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե Հայաստանի ու Ղարաբաղի դեմ պատերազմ սկսվի, հայկական հակաօդային եւ ցամաքային ուժերը փայլուն կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրները: Մեկնաբանելով հայկական բանակի բարձրաստիճան սպայի հայտարարությունը՝ Ադրբեջանի բանակի ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության կենտրոնի տնօրեն Ալեքփեր Մամեդովն ասել է. «Սկսեմ նրանից, որ պետք է նաեւ հարց ուղղել մեր երկրի ղեկավարությանը՝ իսկ ի՞նչ էիք, պարոնայք, սպասում հայերից: Մի՞թե մտածում էիք, որ հրադադարից հետո անցած 12 տարիների ընթացքում միայն ադրբեջանական բանակն է ամրապնդվում եւ զարգացնում իր ռազմական կարողությունները: Չէ՞ որ հայրենական ռազմական փորձագետներն ու անկախ լրագրողները բազմաթիվ անգամ են զգուշացրել, որ հայերն ակտիվորեն զբաղված են սեփական զինված ուժերի ամրապնդմամբ, որի վկայությունն է նաեւ հայկական բանակի ղեկավարության այդ հայտարարությունը»:

«Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի հիմնական բնութագրիչներին, ապա չեմ կարող ասել, որ այն համապատասխանում է աշխարհում գոյություն ունեցող բանակների չափանիշներին: Դրա պատճառն այն է, որ մեր երկրի բանակում տիրող կոռուպցիան դեռեւս վերացված չէ»,- ասել է Մամեդովը:

Արդյո՞ք ադրբեջանական բանակում տեղի ունեցող փոփոխությունները այնքան էական ու մեծ են, որ Ադրբեջանն ի վիճակի կլինի հայերի նկատմամբ պատերազմի դեպքում անվերապահ հաղթանակի հասնել: Ըստ ադրբեջանցի փորձագետի՝ «նախապես կանխատեսել ռազմական գործողությունների ընթացքը՝ հնարավոր չէ եւ ճիշտ չէ: Միայն պատերազմական գործողությունների սկսվելուց հետո պարզ կլինի, թե ով իրենից ինչ է ներկայացնում: Բայց ուզում եմ շեշտել, որ անցած 12 տարիների ընթացքում մեր բանակը կարող էր ավելի ուժեղ լինել, քան կա»:

Որպես ադրբեջանական բանակում առկա հիմնական խնդիր՝ Մամեդովը մատնանշել է բարեփոխումների իրականացումը՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանի բանակն առայժմ չի համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին: «Ի՞նչ չափանիշների համապատասխանության մասին կարող է խոսք լինել, երբ մեր բանակը մինչեւ վերջ թաղված է կոռուպցիայի մեջ, ինչի մասին վկայում են զինվորական տարբեր կարգի հրամանատարների նկատմամբ ընթացող դատավարությունները, նրանց կողմից կաշառակերության փաստերը: Այս ամենը վերացնելու համար բանակին անհրաժեշտ են ոչ թե ձեւական, այլ իրական բարեփոխումներ»,- ասել է ռազմական փորձագետը:

Թե Հայաստանում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ինչ կասի հայկական բանակում տիրող կոռուպցիայի ու կաշառակերության մասին՝ մնում է ենթադրել ու ըստ այդմ, հետեւություն անել մեր բանակի ամրապնդման վերաբերյալ:

Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել