Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ի ՀԱԿԱԴԱՐՁԸ

Օգոստոս 11,2006 00:00

Այն ներկայացնում է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը

Տարին ունի՞ 13 ամիս
Գլխավոր դատախազությունն ավարտելով մայիսին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից ուղարկված 2001-2003թթ. մասնավորեցման գործընթացի վերաբերյալ Վերահսկիչ պալատի հաշվետվության ուսումնասիրությունը՝ հայտարարեց, թե չկան մեղադրանք առաջադրելու հիմքեր: Հարցին ի պատասխան, թե համամի՞տ են այս եզրակացությանը՝ ՕԵԿ խմբակցության քարտուղարը մեջբերումներ արեց սեփականաշնորհման ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին Գլխավոր դատախազության կազմած փաստաթղթից, որը ստացվել էր ի պատասխան Արթուր Բաղդասարյանի հարցման: Այն է՝ օտարված 206 անվանում գույքից միայն 85-ն է վաճառվել աճուրդով, մնացած 121 անվանում գույքից 109-ը օտարվել է ուղղակի վաճառքի ձեւով, իսկ 12-ը՝ մրցույթով: Որպես կանոն, վաճառվող գույքը գնահատման է ներկայացվել «Ընկերությունների աջակցման եւ պետական գույքի» գործակալություն ՊՈԱԿ-ին: Վերջինս, խախտելով ՀՀ կառավարության թիվ 92 որոշման 1-ին կետի պահանջները, սահմանել է ոչ թե գույքի մեկնարկային գինը, այլ իրականացրել է գնահատում՝ «հաշվեկշռային մեթոդով»: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաեւ, որ գնահատումը կրել է ձեւական բնույթ: Օտարումները կատարվել են այլ գներով: ՀՀ կառավարություն ներկայացված որոշման նախագծերում գույքի վաճառքի մեկնարկային գներ չեն սահմանվել եւ աճուրդով վաճառք իրականացնելու առաջարկներ չեն եղել, որի արդյունքում խախտվել են «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքի 18-րդ հոդվածի պահանջները, քանի որ տվյալ դեպքում օրենքով սահմանված կարգով մասնավորեցում չի իրականացվել, այլ տեղի է ունեցել գույքի ուղղակի վաճառք:

Հեղինե Բիշարյանը պատրաստակամ էր շարունակել մեջբերումներն ու օրինակները. «Որեւէ մեկը չի կարող ինձ ապացուցել, թե 4000 քմ տարածքը Երեւանի կենտրոնում կարելի է գնել 30 000 դոլարով եւ այդ գործարքը կարելի է համարել օրինական: Նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ տարին ունի ոչ թե 12, այլ 13 ամիս, իսկ հունվարին կարելի է ձնծաղիկ հավաքել: Մենք համոզված ենք, որ ապօրինի սեփականաշնորհման ընթացքում երկրին միլիոնավոր դոլարների վնաս է հասցվել, քանի որ պետական գույքը վաճառվել է նախօրոք հայտնի մարդկանց եւ ծիծաղելիորեն ցածր գներով»:

Խնդիր չունեն հասկանալու
ԱԺ նախագահի ընտրության ընթացքում ՕԵԿ-ը քվեարկել էր Տիգրան Թորոսյանի օգտին, Արթուր Բաղդասարյանը հեռանալիս էլ գովասանքներ շռայլեց նրա հասցեին: Սակայն այժմ կարծես փոխվում է վերաբերմունքը: Քանզի երբ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են վերաբերվում Տիգրան Թորոսյանի կողմից խորհրդարանի աշխատակազմի օպտիմալացմանը՝ նրա ներկայացրած բացատրություններից հետո, ՕԵԿ խմբակցության քարտուղարը տվեց խիստ կտրուկ պատասխան. «Կոռեկտ չեմ համարում Տիգրան Թորոսյանի արձագանքը: Նախ ասեմ, որ ապուշություն եմ համարում այս երեւույթի մեջ «քաղաքական ենթատեքստ» չտեսնելը: Սակայն կուզեի անդրադառնալ նրա արտահայտած այն կարծիքին, թե ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը լավ չի հասկացել իրեն: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը ճի՛շտ է հասկացել եւ տվել է դիպուկ որակում: Նա այն քչերից մեկն է, որն ունի մարդկային բարձր ինտելեկտ եւ խնդիր չունի հասկանալու կամ չհասկանալու»:

Հեղինե Բիշարյանը հակադարձեց նաեւ ԱԺ նախագահին կից խորհուրդների գործունեության անարդյունավետության մասին պրն Թորոսյանի գնահատականին. «Որպես պատգամավոր իմ աշխատանքի ընթացքում առնչվել եմ ԱԺ նախագահին առընթեր խորհուրդների աշխատանքներին, եւ դրանք ոչ միայն մենք, այլեւ հենց իրենք՝ խորհուրդների անդամները՝ հաշմանդամներ, բժիշկներ, ուսուցիչներ, գիտնականներ եւ այլն, գնահատում են որպես արհեստավարժ մասնագետներով ձեւավորված կառույցներ: Բազում օրինակներ կարող եմ բերել նրանց կատարած աշխատանքների մասին: Օրինակ՝ ԱԺ պատգամավորներից եւ գիտնականների խորհրդից կազմվեց աշխատանքային խումբ, որի նպատակն էր հանդիպել ՀՀ տարածքում գործող 33 Ակադեմիական ինստիտուտների աշխատակիցներին եւ տեղեկանալ նրանց ոլորտի խնդիրներին: Դրանցից մի մասն իր լուծումը ստացավ օրենսդրական դաշտում, մի մասը նախատեսվեց լուծել բյուջեի շրջանակներում: Միայն խորհուրդներից մեկն իր գործունեության ընթացքում ստացել է շուրջ 6000 դիմում՝ ավելի, քան Տիգրան Թորոսյանը իր ողջ պատգամավորական գործունեության ընթացքում: Նպատակահարմար չեմ համարում նորից անդրադառնալ այդ ամենին, սակայն մեկ անգամ եւս կուզեի հիշեցնել, որ հաշված ամիսներ են մնացել ԱԺ ընտրություններին, եւ որոշ մարդկանց թվում է, թե ստեղծել են թագավորություն ու իրենց թագավորությունը մի ամբողջ հավերժություն է տեւելու՝ մոռանալով ընկերություն, հարգանք, պատիվ, մարդկային արժեքներ»: ՕԵԿ խմբակցության ղեկավարը հավելեց. «Ողջ երկրով մեկ տեղի է ունենում հանրապետականացման գործընթաց: Բոլոր լծակներն օգտագործվում են ոչ թե ի շահ ժողովրդի, այլ ընդդեմ ժողովրդի: Բնական եմ համարում, որ Արթուր Բաղդասարյանի ստեղծած խորհուրդները, որոնք աշխատում էին ժողովրդի հետ եւ ժողովրդի համար՝ դուր չէին գալու Տիգրան Թորոսյանին, քանի որ նա առաջնորդվում է հանրապետականացմամբ: Եվ այդ ճանապարհին կարեւոր չէ՝ կրիմինա՞լ ես, թե՞ օլիգարխ, կաշառակե՞ր ես, թե՞ ուժային՝ միայն իրենց հետ լինես եւ իրենց համար: Մարդիկ պետք է ունենան ազնվություն ու տարրական մարդկային նկարագիր: Եվ ցավում եմ, որ մեր երկրում քաղաքական շատ գործիչներ կարող են դառնալ գործիքներ, կամակատարներ՝ չունենալով իրենց սեփական կարծիքը: Եվ անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից ու դիրքից՝ չեն կարող կայացնել ինքնուրույն որոշումներ»:

Հարկ է քայլերը փոխհամաձայնեցնել
ՕԵԿ կանանց միության համագումարում Արթուր Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ օգոստոսից կսկսվեն հանդիպումներ տարբեր քաղաքական ուժերի հետ: Մեր հարցին, թե սկսվե՞լ է արդյոք այդ գործընթացը՝ տիկին Բիշարյանը պատասխանեց. «Ընթացիկ քաղաքական քննարկումներ եւ շփումներ միշտ էլ լինում են: Խնդիրն ունի երկու կողմ. առաջինը՝ ՕԵԿ-ը պատրաստ է համագործակցել առողջ, սեփական «եսը», ինքնասիրահարվածությունը մի կողմ դնող, իրոք երկրի շահը գերադասող քաղաքական ուժերի հետ: Կա նաեւ երկրորդը՝ ով ցանկանում է մեզ հետ ճանապարհ գնալ, ընդունում է մեր գաղափարների եւ տեսակետների ճշմարտացիությունը՝ կարող է միանալ մեզ, եթե իրոք համընկնում են մեր նպատակները: Երկրում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները՝ կրիմինալ, ուժային, կոռումպացված եւ օլիգարխիկ կառույցների համախմբումը, մեզ մեկ անգամ եւս առիթ են տալիս անդրադառնալու ստեղծված իրավիճակին եւ անհանգստանալու երկրի ճակատագրով, որի պատճառով էլ գտնում ենք, թե քաղաքական ուժերի միջեւ պետք է լինեն փոխհամաձայնեցված քայլեր»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել