Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ

Օգոստոս 11,2006 00:00

Ի պատասխան «France-Armenie» ամսագրի հարցի՝ «Վերջերս երկու նոր քաղաքական կուսակցություններ են ի հայտ եկել՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» եւ «Միավորում հանուն Հայաստանի»-ն:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մեղադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության հետեւում լինելու համար: Համաձա՞յն եք իր վերլուծության հետ»՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանել է. «Հնարավոր չէ ստեղծել լիարժեք կուսակցություն 1 տարում կամ 1 ամսում. սա տեւական եւ չափազանց բարդ, նաեւ մասնագիտական մի գործ է, որը շատ հաճախ չի գիտակցվում: Կուսակցությունները կարող են ստեղծվել, կարող են անգամ գալ ԱԺ, ինչ-որ թվով ձայներ ունենալ, բայց կայանալու համար որպես լիարժեք կուսակցություն, նրանց ժամանակ է պետք: Եվ այդ ժամանակի մեջ պիտի իրենց գնահատել: Դեռեւս չկայացած կուսակցությունները, անշուշտ, որոշակի վտանգ ներկայացնում են քաղաքական բազմակուսակցական համակարգի համար, որովհետեւ չունենալով փորձ, մարդկանց խմբերը փորձում են այլ միջոցներ օգտագործել հաջողության հասնելու համար: Դրանք կարող են լինել ֆինանսական, վարչական միջոցներ եւ այլն: Սա ինքնին կարող է վտանգել ընդհանրապես բազմակուսակցական համակարգը, որ դեռեւս կայացած չի»:

Անդրադառնալով գլխավոր դատախազի մասին հարցին՝ պրն Թորոսյանն ասել է. «Ուզում եմ հիշեցնել, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը փորձեց կուսակցություն ստեղծել, եւ երբ ակնհայտ դարձավ, որ նա ունի լուրջ դերակատարություն, պաշտոնանկ արվեց: Սա, կարծում եմ, կարեւոր իրադարձություն էր Հայաստանի քաղաքական կյանքում: Եթե պարոն Հովսեփյանի (կամ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի) դերակատարությունը նույնպես այդ կուսակցության մեջ դառնա որոշիչ ապա պետք է հաշվի առնենք նախադեպը: Սակայն հուսով եմ, որ կլինի հակառակը. պարոն Հովսեփյանը երկրի գլխավոր դատախազն է, նաեւ իրավագետ, եւ կարծում եմ, որ հետագա զարգացումները նման ելք չեն ունենա: Պարոն Մարգարյանի ընդհանուր հարցադրմանը իհարկե համաձայն եմ՝ իրավապահ մարմինները որեւէ մասնակցություն չպիտի ունենան քաղաքական կյանքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել