Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ

Օգոստոս 10,2006 00:00

Ֆուտբոլի Նորվեգիայի գավաթի խաղարկությունը հատեց եզրագիծը եւ մասնակից թիմերը մեկնեցին իրենց երկրներ: Օսլոյին վերջինը հրաժեշտ տվողներից մեկը «Քոլեջ» մարզական ակումբի «Նիգ» աղջիկների թիմն էր:

«Փլեյ օֆֆից» դուրս մնալը հայաստանցի ֆուտբոլիստուհիները ծանր տարան, քանի որ պարտվեցին մինչ այդ հանդիպած մրցակիցներից ամենաթույլին, հետեւաբար, 1/8 եզրափակիչ անցնելու հիանալի առիթը ձեռքից բաց թողեցին: Բայց աստիճանաբար համակերպվեցին կատարվածի հետ եւ Նորվեգիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերին ծանոթանալու, Հյուսիսային ծովի կղզիներում շրջելու հնարավորություն ունեցան:

Մեծ հայասեր Ֆրիտյոֆ Նանսենի թոռը՝ Էգիլ Նանսենը, ով մեր թիմի ամենամոլի երկրպագու եւ գլխավոր հովանավոր, նորվեգաբնակ Ջիմմի Վարթիվարյանի հետ միասին Օսլոյում գտնվելու օրերին «Նիգի» կողքից գրեթե չէր հեռանում, աղջիկներին հրավիրեց Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան, որտեղ գտնվում է «Ֆրամ» նավը, որով իր պապը առաջին անգամ հասել է Հյուսիսային բեւեռ:

Իսկ մինչ այդ Օսլոյի փոխքաղաքապետ Սվեն Քրիստիանսենը քաղաքապետարանում, որի սրահներից մեկում ամեն տարի ավանդաբար հանձնվում են Խաղաղության Նոբելյան մրցանակները, հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպել պատվիրակությունների ղեկավարների համար: Ու ամենից շատ հրավեր, թերեւս, ստացել էր Հայաստանը: Կազմակերպիչները նույնպես չէին խախտել ավանդույթը: Այս տարի էլ նրանք վարձակալել էին 19-րդ դարի մի հսկա առագաստանավ ու շրջագայություն կազմակերպել Հյուսիսային ծովում:

Արաբկիր թաղապետարանի ինֆորմացիոն աջակցությամբ՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել