Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդն ենք «Սլավյանսկի բազարում»

Օգոստոս 10,2006 00:00

Մոսկվաբնակ երգչուհի Կարինե Ասիրյանը Վիտեբսկում ներկայացրել է Հայաստանը

Օրերս ավարտված «Սլավյանսկի բազար 2006»-ում Հայաստանը ներկայացնող մոսկվաբնակ երգչուհի Կարինե Ասիրյանը գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ Ռուսաստանի լրագրողների կողմից սահմանված հատուկ մրցանակին:

Շոու-բիզնեսում կատարվող առուծախը, այդ թվում եւ միջազգային ասպարեզում, նորություն չէ: Մեր մոսկովյան աղբյուրը կանխատեսել էր, թե «Սլավյանսկի բազարում» Գրան պրիի կարժանանա ռուս երգչուհի Օգսաննա Բոգոսլովսկայան, որը հանրահայտ Լեւ Լեշչենկոյի «պրոտեժեն» է, իսկ առաջին մրցանակը նախատեսված է «Եվրատեսիլում» Մոլդովան ներկայացնող Նատալյա Գարդիենկոյի համար, որը ԽՍՀՄ-ում ճանաչված երաժիշտ Ալեքսեյ Մոսկովիչի բարեկամուհին է: Արված գուշակությունները իրականություն դարձան: Մեր աղբյուրը Կարինե Ասիրյանի մասին էլ ասել էր. «Ութ տարի առաջ Երեւանից եկած սիրունատես աղջիկը միանգամից գրավեց Մոսկվայի օպերետի թատրոնի ռեժիսոր Դմիտրի Բելովի ուշադրությունը, որն էլ նրան ընդգրկեց «Մետրո» մյուզիքլի կազմում: Կարինեն սովորում է Ռուսաստանի թատերական արվեստի երաժշտական թատրոնի բաժնում: Ընդ որում, նրան միանգամից ընդունել են երկրորդ կուրս, իսկ սեպտեմբերին նա կխաղա Դոլիի դերը հանրահայտ «Հելլո, Դոլի» մյուզիքլում»: Դարձյալ ըստ մեր աղբյուրի, Մոսկվայում երգչուհուն նկատել են արտերկրի ճանաչված ռեժիսորներ, այդ թվում՝ ալժիրցի Ռեդան, որն էլ հրավիրել է նրան հանդես գալու Ժերար Պրեսգուրվիկի երաժշտությամբ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ» մյուզիքլում:

Մինչ «Սլավյանսկի բազարը», մոսկվացի մեր բարեկամից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ շանսեր ունի Կարինե Ասիրյանը: «Հայ երգչուհու մասին ոչինչ ասել չեմ կարող, միայն գիտեմ, որ, ի տարբերություն այդ ոլորտի մյուս կանանց, նա ունի օրինավոր ընտանիք, իսկ նրա ամուսինը՝ 2006-ին գանգադիմածնոտային վիրաբուժության ոլորտում Ռուսաստանում լավագույն մասնագետ ճանաչված Էմիլ Ասիրյանը, Կարինեի պրոդյուսերն է»,- ասաց նա:

Երեւանում հանդիպեցինք երգչուհուն: «Ընտանիքիս անդամները ՌԴ քաղաքացի են, իսկ ես միտումնավոր չեմ դառնում, որովհետեւ առաջին այս մրցույթից հետո որոշել եմ մասնակցել եւս մի քանի մրցույթների՝ ներկայացնելով Հայաստանը: Անգամ ինձ համար զգեստներ էր պատրաստել Ռուսաստանում հայտնի մոդելյոր Օլգա Կոմիսարովան, բայց ես նախընտրեցի հագնել Երեւանի «Ատեքս» նորաձեւության տան դիզայներներ Կարինե Ռաֆայելովնայի եւ Միքայել Դանիելյանի զգեստները»,- ասաց Կարինե Ասիրյանը: Երգչուհին ուրախ է, որ «Սլավյանսկի բազարի» հոբելյանական՝ 15-րդ մրցույթում արժանացել է մրցանակի՝ 22 պետությունների ներկայացուցիչների հետ պայքարում:

«Սլավյանսկի բազարը» այն մրցույթն է, որը պահանջում է երաշխավորագիր երկրի մշակույթի գերատեսչությունից կամ համապատասխան մասնագիտական կառույցներից: Մեր դիտարկմանը, որ Հայաստանում իր համար երաշխավորագիր են պատրաստել կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, Ջազ քոլեջի տնօրեն Ակսել Բակունցը, «Պարադիզի» տնօրեն Մարտուն Ադոյանն էլ կազմակերպել է հանդիպումը մշակույթի նախարարի հետ, որը եւ տվել է ուղեգիր, մեր զրուցակից երգչուհին համաձայնեց: Ի դեպ, մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գ. Դուրգարյանը «Առավոտին» հայտնեց. «Նախարարությունը «Սլավյանսկի բազար» մրցույթի համար որեւէ մեկի մասնակցության հայտ չի ստացել: Սակայն նախկին նախարար Գեւորգ Գեւորգյանը, հիմք ընդունելով ճանաչված երաժիշտներ Երզնկյանի եւ Բակունցի երաշխավորագրերը, համապատասխան գրություն է տվել Կարինե Ասիրյանին»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել