Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր կանգնենք մեր վաղվա օրվան»

Օգոստոս 10,2006 00:00

Սա է հենց այն խտացում-եզրահանգումը, որին կարող է հանգել յուրաքանչյուրը՝ ծանոթանալով Էդուարդ Եգորյանի մտավոր-քաղաքական ժառանգությանը:
Եվ դա ոչ միայն տեսական եզրակացություն է, այլեւ քաղաքական գործուն ծրագիր եւ հորդոր այլոց եւս՝ ընթանալու այդ ուղիով:

Ուղի, որը ճշմարիտ արժեքների, խեղաթյուրումներից զերծ ու զուրկ սկզբունքների, առողջ եւ ի սկզբանե ու ընդհանրապես ստեղծարար մթնոլորտի հաստատման ճանապարհն է:

…Էդուարդ Եգորյանի համար 90-ականների սկիզբը «ցուրտ ու մութ» չէ, այլ ՀԱՂԹԱՆԱԿԻ ու ԿԱՅԱՑՄԱՆ տարիներ էին, գաղափարների կենսագործման տարիներ, մեր ժամանակների հերոսը «փողոտ» մարդը չէր բնավ, այլ ԱՅԼԱՍԵՐ ԵՎ ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ ՍՏԵՂԾՈՂԸ, որի ամեն մի, թեկուզեւ աննշան քայլը պատմության գոնե մեկ աստիճան է դառնում, խոսքը՝ վաղվա գործ, իսկ ՇԱՀ կոչվածը այնքան վեր է «անձնական» բնորոշումից, որ որեւէ առնչակցություն իսկ բացառվում էր ի սկզբանե անտի ու ավելի շատ՝ ՎԱՂՎԱ խնդիր էր լուծում:

Պատմությունն ու ժամանակը՝ հեռանալով կոնկրետ իրավիճակներից, սրբում-ջնջում են մարդու հիշողության ծալքերից ցանկացած նրբագիծ, թողնելով միայն խոշոր վրձնահարվածները, որոնք էլ այսօր երեւի թե հենց այսպես են պատկերանում մեզ:

« . Կա ճակատ, կա ճակատային գիծ, որի մի կողմում ժողովուրդն է, մյուս կողմում՝ գործող իշխանությունը:

. Վարչակարգը պետք է փոխվի: Կարեւորն այն է, որ ժողովուրդը ընտրի, թեկուզ մի քիչ սխալ, բայց ինքն ընտրի, հետո, եթե հանկարծ սխալված լինի, ինքն իր սխալները կուղղի: Իշխանության պետք է գա այն ուժը, ում ժողովուրդը կընտրի:

. Միշտ էլ ավելի հեշտ է վերեւից կառավարելը: Բոլորին լսելը, բոլորին աջակցելը, ներքեւի թելադրանքին ենթարկվելը շատ ավելի դժվար խնդիր է: Բայց դա անելու ուժ պետք է ունենալ:

. Հայաստանի նման փոքր, բնական ռեսուրսների դեֆիցիտով տառապող երկրին օդի նման անհրաժեշտ է դեմոկրատական եւ միայն դեմոկրատական կայունություն:

. Ընդհանրապես կարծում եմ, որ ցանկացած մարդ, հատկապես իշխանավորները, պետք է ի վիճակի լինեն իրենց մեղքերն ընդունել եւ պատրաստ լինեն նաեւ ուրիշի մեղքերը իրենց վրա վերցնել: Լուրջ առաջնորդները նաեւ ժողովրդի մեղքերն են վերցնում իրենց վրա:

. Քաղաքականությամբ զբաղվող մարդու համար ամենակարեւորը պիտի զոհաբերություններին պատրաստ լինելը դիտվի: Այն մարդիկ իրավունք ունեն առաջնորդ լինելու, ովքեր ի վիճակի են լուծել Աբրահամին առաջադրված խնդիրը (զոհաբերությունը թող ֆիզիկական իմաստով չդիտվի):

. Ես քաղաքական գործիչ եմ եւ պետք է պայքարեմ, այլ ոչ թե միայն ճշմարտություններ հռչակեմ: Ես համարում եմ, որ ճիշտ եմ արել, որ պայքարել եմ. թեկուզ այն բանի համար, որ տասնյակ հազարավոր մարդիկ այս ընթացքում ինձ հետ շփվել են, հենց դա է քաղաքականությունը՝ մարդկանց հետ շփվելը»:

Սա մի փոքրիկ մասն է միայն Էդուարդ Եգորյան-պետական, քաղաքական գործչի այն մտքերից, որոնց կենսագործմանը նա իր կյանքը նվիրաբերել էր անմնացորդ եւ առանց շահախնդրության: Դանթեի այն հերոսի օրինակով, որն ինքը խավարում խարխափելով առաջ էր գնում՝ վառած լապտերը պահած իր թիկունքում՝ լուսավորելու համար իր ետեւից եկողների ճանապարհը… Շատե՞րն էին հետեւում նրան. չէ՝ քչերը: Բայց՝ ավելանալու են հետեւորդները…

Ինչ-որ մեկն ասել է, որ Աստծուն կարող ես ծիծաղեցնել, եթե պատմես նրան քո պլանների եւ կանխագծումների մասին: Նույն տրամաբանությամբ. Աստծուն կարող ես տրտմեցնել քո ոչ խելամիտ կենսագործունեությամբ:

Իսկ ՆԱ քեզ հետ կլինի, երբ դու անում ես այն, ինչը ոչ միայն Աստվածահաճո է, այլեւ՝ պարզապես չես կարող չանել:

Արդեն յոթ տարի Էդուարդ Եգորյանի «դատավորը» մենք չենք, ավաղ, այլ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, որը անկաշառ է ու արդարադատ ու անկախ նրանից, թե ինչը ինչ պարբերականությամբ ինչպես եւ ինչու է հիշատակվում՝ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ իր գնահատականներում անկողմնակալ է եւ ընդգրկուն, եւ անցյալը չէ բնավ, որ հաշվի է առնում, այլ՝ ապագան:

Մինչեւ՝ Տեր կկանգնենք մեր վաղվա օրվան:

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել