Լրահոս
Օրվա լրահոսը

Երաշտից տուժել է նաեւ մեղվաբուծությունը

Օգոստոս 10,2006 00:00

Այդ մասին հավաստիացնում են մեղվաբույծները

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում մեղվաբուծությունը բավականին զարգացած է: Գյուղը հարուստ է ծաղկառատ դաշտերով եւ բնակլիմայական պայմաններն էլ խիստ նպաստառու են՝ բարձրակարգ եւ ոսկեգույն մեղր ստանալու համար: Սակայն այս տարի գյուղի բոլոր մեղվաբույծները հավաստիացնում են, որ սպասվածից քիչ են մեղր ստանալու: Արգամ Աբրահամյանը Դրախտիկի վարպետ մեղվաբույծներից է: Նրա ներկայացմամբ՝ «այս տարի երաշտի պատճառով ծաղիկը բավարար քանակությամբ նեկտար չի տվել, մեղրն էլ, բնականաբար, քիչ է հավաքվել»: Նա բացատրեց, որ երաշտը մեղվաբուծության վրա անմիջական ազդեցություն ունի. «Համոզված եմ, որ այս տարի փեթակից հազիվ 10 կգ մեղր կհանեմ: Ամեն տարի Դրախտիկում մեղվաբուծությունը հաջողված է եղել, բայց այս տարի դաշտում ծաղիկ չի մնացել, ժամանակից շուտ թափվել են»:

Թե ինչու են թափվել ծաղիկները, գյուղացիները ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել գյուղատնտեսության նախարարությանը, որ երաշտից է:

Երբ այս կամ այն մարզում երաշտի պատճառած վնասների մասին «Առավոտը» տեղյակ էր պահում գյուղնախարարության մասնագետներին, նրանք փորձում էին համոզել, որ այդ տարածքը ոռոգման ջրի խնդիր ունի ու չի բացառվում, որ գյուղացիները հասցրած չլինեն նորմալ ջրել: Սակայն Գեղարքունիքի մարզում եւ հատկապես Դրախտիկում ջրի խնդիր չկա, բայց վնասները դարձյալ մեծ են:

Նախարարության մեր աղբյուրի տեղեկատվությամբ՝ իրենց գերատեսչության բոլոր մասնագետներն էլ շատ լավ հասկանում են, որ եթե նույնիսկ երաշտ չի եղել, պարզապես հողամասը լավ չի ջրվել, դրանում գյուղացին մեղք չունի, պարզապես ջրամատակարարման համակարգն ի սկզբանե սխալ է. «Մեր ջրի պաշարներն իսկապես լիովին բավական են՝ ամբողջ հանրապետության հողատարածքները ոռոգելու համար, բայց այդ ջուրը ճիշտ չի օգտագործվում»: Մեր տեղեկություններով՝ այժմ գյուղնախարարությունում մի նոր ծրագիր են մշակում՝ երաշտից խուսափելու համար: Գյուղացիների համար զարմանալի է մի բան՝ ինչպե՞ս էր պատահում, որ Սովետի ժամանակ բնական աղետներից բերքն էական վնաս չէր կրում, ուրեմն այն ժամանակվա կառավարությունը մի ձեւ գիտեր՝ երաշտի դեմ պայքարելու: Սակայն ի տարբերություն Սովետի, այժմ մեր մարզերում հողատարածքները մանր հատվածների են բաժանված, իսկ գյուղատնտեսների հավաստիացմամբ՝ եթե լոլիկի կողքին կաղամբ ես աճեցնում, աջ կողքին՝ ռեհան, ձախում՝ գազար կամ կարտոֆիլ, բերքատվությունը գրեթե կիսով չափ պակասում է: Գյուղացին ուզում է ամեն ինչ ունենալ՝ ե՛ւ կարտոֆիլ, ե՛ւ կաղամբ ե՛ւ գազար, որ եթե այդ տարի մեկի գինը բարձր լինի՝ գոնե դրանից օգտվի: Գյուղնախարարությունն էլ, տեսնելով, որ երաշտի դեմը չի կարողանում առնել, խորհրդատվական կենտրոններ է բացել, որտեղ գյուղացու հողատարածքի տեղանքը հստակ ուսումնասիրելով կարող են նրան բացատրել, թե ինչ ցանեն՝ որ լավ լինի: Այդ մասին մեզ ասացին նախարարության հողերի գնահատման եւ մելիորացիայի վարչությունից: Մեր հարցին, թե գյուղացու ինչի՞ն է պետք ձեր խորհուրդը, նրանք մեծ պրակտիկա ունեն՝ պատասխանեցին. «Այ, նրանք էլ են այդպես մտածում, դրա համար էլ այսքան ժամանակ ոչ մեկը խորհուրդ չի հարցնում, միայն փոխհատուցում են ուզում»: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ կառավարությունը երաշտից տուժած գյուղացիներին փոխհատուցելու է: Թե որքան՝ պարզ չէ, բայց հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ փոխհատուցումը կկազմի կրած վնասի առավելագույնը՝ 30 տոկոսի չափով:

ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել