Վրաստանի սահմանում հայ երեխաներին 3 օր սոված-ծարավ պահել են, հայկական ավտոբուսն էլ կալանքի տակ առել:
Աջափնյակ համայնքի «Զարթոնք» պարային խումբը մոտ մեկ ամիս առաջ մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու միջազգային պարի փառատոնին: Լեհաստանում մեր երկրի ներկայացուցիչները 24 այլ մասնակից երկրների շարքում արժանացել են Գրան պրի մրցանակի: Այնտեղ նրանց ընդունել են հրաշալի, յուրաքանչյուր ելույթից հետո բուռն ծափահարել ու խնդրել համարը կրկնել: Սակայն նման հաջողություններից հետո 33 հոգուց (պարային խմբում հիմնականում 12-13-ամյա անչափահաս երեխաներ են) կազմված հայկական խումբը ճանապարհին այնպիսի խոչընդոտների է հանդիպել, որ, ինչպես «Զարթոնքի» գեղարվեստական ղեկավար Ղուկաս Ղուկասյանն է ասում՝ «էլ հույս չունեինք երբեւէ հայրենիք վերադառնալու»: Բանն այն է, որ հայկական ավտոբուսը, անցնելով Ռուսաստանի սահմանը, հայտնվել է ծուղակի մեջ. վրացական կողմը Օսեթիայի սահմանում թույլ չի տվել մերոնց կես մետր անգամ առաջ շարժվելու: Արդյունքում՝ երեխաները 3 օր ստիպված են եղել բառի բուն իմաստով մնալ ավտոբուսում՝ քնել, զարթնել, հաց ուտել, խաղալ, պարել եւ այլն: Շոգից, քաղցից, թե երկար ճանապարհից՝ երեխաներից մեկը՝ Հասմիկ Առաքելյանը, ավտոբուսում ուշագնաց է եղել, սակայն վրացիների սիրտը դրանից չի շարժվել:
Քանի որ պարային խումբը եղել է Աջափնյակինը, գործին խառնվել է նաեւ թաղապետ Արծրուն Խաչատրյանը: Նա «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Վրաստանի կառավարությունը սահմանի փակումը պատճառաբանել է այսպես. այդտեղ Օսեթիա պետություն գոյություն չունի, նշանակում է՝ անցակետ էլ լինել չի կարող, այդտեղով ոչ մի ճանապարհ չկա: «Ամենավատն այն է, որ վրացիներն անգամ հաշվի չառան, որ ավտոբուսում մանր երեխաներ են, որոնք շոգից լրիվ հյուծվել էին, հաց չունեին, նրանց ուտելիք էին հասցնում տեղի հայերը՝ մեր ընկերները, բայց չէր կարելի երեխաներին 3 օր տուպիկի մեջ թողնել՝ Ռուսաստանի ու Վրաստանի արանքում: Դա ազատ տարածություն էր, որտեղ օտար երկրի ներկայացուցիչների մնալը խիստ վտանգավոր էր, քանի որ անընդհատ կրակում էին: Երկու ժամ առաջ կրակահերթեր էին եղել, եւ սպանվել էր 3 օսեթ զինվոր»,- պատմեց Ա. Խաչատրյանը: Պարզվում է՝ մեր արտգործնախարարությունը տեղյակ է եղել, որ վրացիները սահմանը փակել են: Այդ մասին նախօրոք զգուշացված է եղել նաեւ ռուսական կողմին: Ուստի պարոն Խաչատրյանի համար զարմանալի է հատկապես, թե ինչո՞ւ ռուսները ձեւի համար իրենց թողեցին անցնել՝ իմանալով, որ վրացական կողմում նման խնդիրներ են լինելու: Դա Ռուսաստանի առանձին քաղաքականությունն է՝ հայերին ցույց տալու, որ մեր սահմանում դուք խնդիրներ չունեք, պրոբլեմները ստեղծում են վրացիները: Թաղապետի ներկայացմամբ՝ հայկական ավտոբուսը այլընտրանքային ճանապարհ չի ունեցել. «Եթե մերոնք հետ վերադառնային ռուսական սահման, էնտեղից ինքնաթիռով մի ձեւ երեխաներին կբերեինք, բայց մի 2-3 օր էլ կկորցնեինք, երեխեքը չէին դիմանում»:
Եթե երեխաների մի մազն անգամ վնասվեր, բնականաբար, ծնողները թաղապետին հանգիստ չէին թողնի, ուստի պատասխանատվություն կրելով նրանց համար՝ Արծրուն Խաչատրյանը սկսել է Վրաստանում ընկեր-ծանոթ-խնամի-բարեկամ փնտրել ու գտել է Վրաստանի ըմբշամարտի հավաքականի մարզչին, որի հետ ժամանակին ըմբշամարտ է պարապել: Սակայն հարցը խիստ քաղաքականացված է եղել եւ ճանաչված սպորտսմենի թափը չի բավականացրել այն լուծելու: Վրաստանի հայ պատգամավորներն էլ չեն կարողացել որեւէ բան ձեռնարկել, միայն ուղղություն են ցույց տվել՝ ինչպես կարելի է գործը գլուխ բերել: Ըստ այդմ, թաղապետին ասել են, որ Վրաստանում միայն 3 հոգի կան, որոնք կարող են մեր երեխաների՝ հայրենիք վերադառնալու հարցը լուծել. նրանք են՝ գլխավոր դատախազը, ներքին գործերի նախարարն ու երկրի նախագահը:
Արծրուն Խաչատրյանի հնարավորություններն ու ծանոթությունները չեն բավականացրել՝ անձամբ նրանցից որեւէ մեկի հետ կապվելու, ուստի նա օգնության է կանչել Աղվան Հովսեփյանին՝ մեր գլխավոր դատախազին: Միայն նա է կարողացել Վրաստանի իր կոլեգայի միջոցով խնդիրը կարգավորել: Սակայն Սադախլոյի անցակետում մեր ավտոբուսը վրացիները կալանքի տակ են վերցրել՝ պատճառաբանելով, թե «ժամկետը լրացել է եւ ուշ եք լքել Վրաստանի տարածքը»: Ժամկետն իսկապես լրացած է եղել, բայց՝ հենց վրացիների ստեղծած քաշքշուկների պատճառով: Մեր ավտոբուսն այժմ էլ Սադախլոյի անցակետում է, իսկ երեխաները Հայաստանից ուղարկված այլ ավտոբուսներով նախօրեին երեկոյան մի կերպ հասան հայրենիք:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ