Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ վարչապետն ու ՊՆ նախարարը միասին են…

Օգոստոս 10,2006 00:00

Այս միասնության հետեւանքների նորօրյա պատմական փորձն է հիշեցնում «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:

Թեեւ «Հանրապետության» ղեկավար Արամ Սարգսյանը վստահ է, թե «Բարգավաճ Հայաստանը» իշխանական կուսակցություն է, այնուամենայնիվ՝ բազմաթիվ են այս կուսակցության եւ ՀՀԿ-ի միջեւ հակասությունների մասին պնդումները: Որպես ապացույց, մասնավորապես, մատնանշվում է, թե ԲՀԿ-ում առայժմ միայն մտավորականներ են, մինչդեռ հենց ՀՀԿ-ն նախընտրեց մեր պաշտոնեական վերնախավի մեծամասնությունը: Արդյոք սա բավարա՞ր փաստարկ է համոզվելու, թե տվյալ դեպքում համաձայնեցված կանոններով մրցակցություն-խաղի հետ չէ, որ գործ ունենք՝ մեր այս հարցին ի պատասխան, Արամ Սարգսյանն ասաց. «Ինձ համար ակնհայտ է՝ Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ, երբ պաշտպանության նախարարն ու վարչապետը դառնում են «մեկ մարդ»՝ դա ուղղված է նախագահի դեմ: Կառավարության կազմում նրանք իրենց վարկանիշով համարժեք անձինք են: Դժբախտաբար՝ Հայաստանում պաշտպանության նախարարը եւ վարչապետն իրենց հեղինակությունն ավելի բարձր ցույց տալու խնդիրներ ունեն, որոնք հիմնականում հակասություններ են առաջացնում այս պաշտոնյաների միջեւ: Սա ասում եմ իբրեւ նախկին վարչապետ:

Բայց երբ նայում ես մեր հանրապետության պատմությանը՝ տեսնում ես. 1998 թվականի սկիզբ՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյան եւ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը միասին են. պաշտոնանկ եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: 1999 թվական. վարչապետ Վազգեն Սարգսյան եւ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան. տեղի ունեցավ «հոկտեմբերի 27-ը»: 2000 թվական. վարչապետ Արամ Սարգսյան ու պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան. միաժամանակ պաշտոնանկ եղանք երկուսս էլ: Հիմա՝ Անդրանիկ Մարգարյան ու Սերժ Սարգսյան: Կա՛մ պիտի պաշտոնանկվեն Անդրանիկ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը, կամ պիտի պաշտոնանկվի նախագահը՝ սա ակնհայտ է:

Ունե՞ն ներքին հակասություններ, թե՞ ոչ: Շա՛տ ունեն: Բայց նաեւ ունեն ընդհանուր շահեր: Հակված չեմ սա դիտարկել իբրեւ համաձայնեցված խաղ «Բարգավաճ Հայաստանի» եւ ՀՀԿ-ի միջեւ, քանի որ ակնհայտ է՝ Սերժ Սարգսյանը հայտ է ներկայացրել նախագահ դառնալու: Եվ ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում հեռանալ քաղաքականությունից: Իսկ Սերժ Սարգսյան-նախագահի պայմաններում Ռոբերտ Քոչարյանը կլինի շատ թույլ վարչապետ: Եվ մենք ուզում ենք, թե չենք ուզում (իսկ դա հրաշալի է հասկանում Ռոբերտ Քոչարյանը), 2006-ի հուլիսի 22-ից պրն Քոչարյանը հայտնվել է Անգլիայի թագուհու կարգավիճակում: Քանի որ ցանկացած գյուղապետ կամ նույնիսկ գյուղի ավագանու անդամ, որն իշխանամետ է՝ ապագա նախագահ չի տեսնում Վարդան Օսկանյանին կամ Դավիթ Հարությունյանին. տեսնում է Սերժ Սարգսյանին, ու սկսում է ամեն ինչ անել նրան դուր գալու համար: Այսինքն՝ իրական իշխանությունն այսօր Հայաստանում պատկանում է Սերժ Սարգսյանին: Եվ այստեղ կան հստակ հակասություններ: Իսկ այդ հարցում «Բարգավաճ Հայաստանն» ո՞ւմ կողմից է. միանշանա՛կ, Ռոբերտ Քոչարյանի: Եվ այն մարդիկ, ովքեր գնում են այդ կուսակցություն՝ հասկանում են նաեւ դա»:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել