Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կհարձակվի թաքո՞ւն

Օգոստոս 10,2006 00:00

«Գրավյալ տարածքները ռազմական ճանապարհով ետ վերցնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատրաստակամությանն առնչվող իրավիճակը փոքր-ինչ անեկդոտային բնույթ է ձեռք բերում, երբ նախարարն ամեն անգամ պատրաստվում է ձեռնարկել այդ գործը»:

Այս մասին, «Արմինֆոյի» փոխանցմամբ, հայտարարել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը՝ Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում: «Նա չպետք է որեւէ հայտարարություն անի: Պաշտպանության նախարարը պետք է հարց բարձրացնի ղեկավարության առջեւ եւ սպասի հարձակման հրամանի»,- ասել է փորձագետը՝ մեկնաբանելով Աբիեւի հերթական հայտարարությունը «ռազմական ճանապարհով տարածքների ազատագրման» վերաբերյալ: Ջաֆարովի հավաստմամբ, ռազմարշավ սկսելու եւ համընդհանուր զորահավաք հայտարարելու դեպքում Ադրբեջանի ռազմական խմբավորման ընդհանուր թիվը, կանոնավոր զորքերի անձնակազմի հետ միասին, կկազմի 180 000 մարդ: Ըստ փորձագետի, մարտական գործողությունները կարող են սկսվել պաշտոնական հայտարարությունից հետո: Մյուս տարբերակով՝ ազատագրման գործողությունները կարող են սկսվել նաեւ անակնկալ կերպով, ինչից հետո, փորձագետի կարծիքով, Ադրբեջանը կարող է ՄԱԿ-ին եւ հարեւան երկրներին տեղյակ պահել գործողություններ սկսելու նպատակի մասին: Անդրադառնալով ադրբեջանական բանակին՝ փորձագետը նշել է, որ բանակի անձնակազմի թիվը 71 000 է, «թեեւ բոլոր ցուցանիշներով այն պետք է 80000 լիներ»: Ջաֆարովը նաեւ կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի ամենամեծ առավելությունը ցամաքային զորքերն են, որոնք աչքի են ընկնում ադրբեջանական բանակի մնացած զորատեսակների ֆոնին:

Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նախօրեին հանդիպում է ունեցել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովի հետ: Վերջինս այդ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե առանց փոխզիջումների Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել չի հաջողվի: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն ընդգծել է Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերն ակտիվացնելու անհրաժեշտության մասին: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ ռազմական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: ՌԴ դեսպանը նշել է, թե Ադրբեջանը պետք է լինի Ռուսաստանի դաշնակիցը բոլոր հարցերում, «իսկ ռուսական կողմն ամեն ինչ կանի դրա համար»:

Իսկ հարցը, թե առաջիկայում հակամարտության գոտում որքանով կմեծանա (կամ կփոքրանա) լարվածությունը, մեծապես կախված է բանակցային գործընթացի շարունակման, մասնավորապես՝ երկու նախագահների հետագա փոխշփման հնարավորությունից: Այդ հնարավորությունը, ըստ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի, կախված է արտգործնախարարների հանդիպումից: Մինչդեռ վերջիններս այս պահին «արձակուրդում են»: Ուստի, Կասպրշիկի խոսքերով, «հարցի քննարկումը հետաձգվում է»:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել