Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ ԷԼ Է ՀՀՇ-Ի ՄՈՏԱՄՈՐՖՈԶԸ

Օգոստոս 10,2006 00:00

Համենայնդեպս, այդ հարցում վստահ է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Երեկ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի կանխատեսումները ՀՀ ներքաղաքական զարգացումների համատեքստում զարմանալիորեն համահունչ էին ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների կանխատեսումներին, ըստ որոնց՝ առաջիկա ամիսների ընթացքում պետք է սպասել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին: Այսպես, Դ. Հակոբյանը երեկ հայտարարել է, թե ՀՀԿ-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի անդամակցությունը հանգեցնելու է Ռ. Քոչարյանի հրաժարականին, ինչը, նրա ասելով, կարող է տեղի ունենալ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: «Եթե հանկարծ նախագահը կամավոր չթողնի իր գահը, ապա անպայման տեղի կունենա երկու ուժերի բախում, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի երրորդ ուժի համար»,- ասել է Դ. Հակոբյանը:

Ըստ նրա, մինչեւ 2006թ. հունվար ամիսը կա՛մ Ս. Սարգսյանը կդառնա «գահի տերը», կա՛մ դա երբեք չի լինի, որովհետեւ իրադարձությունների զարգացումը խորհրդարանական ընտրություններից հետո միանգամայն այլ ընթացք կունենա: «Սերժ Ազատիչը չի լինի Սերժ Ազատիչ, եթե աշնանային քաղաքական ակտիվ գրոհը չսկսի արքայական գամբիտով»,- հայտարարել է պարոն Հակոբյանը:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Հայաստանի «գլխավոր մարքսիստը» տեղեկացրել է, որ իր գլխավորած կուսակցությունն այդ ընտրություններին մասնակցելու է միայնակ՝ առանց որեւէ կուսակցության հետ համագործակցելու եւ դաշինք կազմելու: Ի պատասխան այն հարցին, թե այդ դեպքում կուսակցությունն ԱԺ-ում ներկայացված լինելու համար բավարար քվեներ կստանա՞ արդյոք, պարոն Հակոբյանը շատ ինքնատիպ պատասխան է տվել. «Այն ազգը, ով իր ուսյալ զավակներին կմղի ետին պլան եւ խորհրդարանը կտրամադրի որպես օթյակ քրեական եւ քաղաքական թափթփուկներին, գոյատեւելու իրավունք չունի: Ամեն մի ժողովուրդ արժանի է իր ընտրյալին»:

Իսկ արդյոք մեր ժողովուրդն արժանի՞ է այն ընդդիմությանը, որն այժմ ունի: Դատելով պարոն Հակոբյանի գնահատականներից՝ դժվար է միանշանակորեն տալ դրա պատասխանը: Բայց խոսելով ընդդիմության մասին՝ Դ. Հակոբյանը կարծիք է հայտնել, թե հայաստանյան ընդդիմությունն ընդհանրապես արժանի չէ, որ իր մասին խոսեն, ու դրա պատճառն այն է, որ ընդդիմությունն ընդունակ չէ ոչ միայն միավորվելու, այլեւ գաղափարազուրկ է: «Տեսեք՝ ովքե՞ր են ընդդիմադիրները: Հինգ նախկին վարչապետներ, ովքեր վազում են իշխանության»,- ասել է Դ. Հակոբյանն ու մատնանշել մասնավորապես Խոսրով Հարությունյանին, Արմեն Դարբինյանին, Վազգեն Մանուկյանին, ովքեր, Մարքսիստական կուսակցության ղեկավարի գնահատմամբ, արդեն մերժված են հասարակության կողմից: Իսկ հիշյալ անձանց հավակնությունները Դ. Հակոբյանը որակել է ոչ ավել, ոչ պակաս՝ ռեւանշիզմ:

Նա անդրադարձել է նաեւ վերջին շրջանում ակտիվացման նշաններ անող ՀՀՇ-ին ու այդ կուսակցության՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարություններին՝ հայտարարելով, թե՝ «հարթակի տղաների ժամանակներն արդեն անցել են: Կարծում եմ, որ հասարակությունը մերժում է նրանց մուտքը քաղաքականություն։ Այսօրվա Հանրապետականից մինչեւ ՀՀՇ՝ բոլորը նույն կեղծ ժողովրդավարներն են՝ քաղաքական տարբեր մուտացիաներով: Նույն Հանրապետականները, նույն, այսպես կոչված, լիբերալները, բոլորը ՀՀՇ-ի մետամորֆոզներն են»:

Իհարկե, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ինքն իրեն դավաճանած կլիներ, եթե Հայաստանի զարգացման իմաստով մի քանի օգտակար խորհուրդներ չտար: Այսպես, ըստ նրա, այսօր Հայաստանին անհրաժեշտ են. «Առաջին՝ գաղափարական նոր սերնդափոխություն՝ հանուն ազգի եւ ազգային գենոֆոնդի կենսաբանական անվտանգության, երկրորդ՝ նոր կենսաբանական անվտանգության հայեցակարգ, երրորդ՝ նոր ազգային հայեցակարգ եւ ազգային գաղափարախոսություն, չորրորդ՝ նոր ագրարային քաղաքականություն, հինգերորդ՝ նոր, համընդհանուր ընտրական իրավունք, վեցերորդ՝ նոր Սահմանադրություն»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել