Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՊԱՅՄԱՆ ԿԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ»

Օգոստոս 09,2006 00:00

«Առավոտի» բացառիկ հարցազրույցը Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սոնդրե Քոֆյուրի հետ:

Էքիբերգի խաղադաշտերում հայաստանցի ֆուտբոլիստուհիներին այցելեց Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սոնդրե Քոֆյուրը: Օգտվելով առիթից՝ հարցազրույց ունեցանք նրա հետ:

– Պարոն Քոֆյուր: Այս մրցաշարի մասնակից թիմերի առնվազն 40 տոկոսը ներկայացնում է Նորվեգիան: Ո՞րն է այդքան մեծ մասսայականության գաղտնիքը:

– Որ ֆուտբոլը թիվ մեկ մարզաձեւն է, հենց այնպես չի ասվում: Ֆուտբոլ սիրում են բոլոր երկրներում, այդ թվում՝ նաեւ Նորվեգիայում: Հատկապես երեխաները թե քաղաքներում, թե ամենահեռավոր գյուղերում ամբողջ օրը գնդակով են անցկացնում: Հարկավոր է ընդամենը համախմբել նրանց, թիմեր ստեղծել ու կազմակերպված մարզումներ անցկացնել:

– Այդքան մարզիչ գտնելը, խաղադաշտեր կառուցելը հեշտ չէ ու ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում:

– Կարեւորը առաջին քայլն է՝ երեխաներին ֆուտբոլի մեջ ներգրավելը: Պարտադիր չէ, որ բոլորը ֆուտբոլիստ դառնան: Բայց որ նրանց մեջ տաղանդներ կան, անվիճելի է: Մեզ մոտ այդ գործը սիրով ու անվճար կատարում են այդ նույն երեխաների ծնողները: Նրանց աջակցությունն անգնահատելի է, ես կասեի՝ ֆուտբոլի զարգացման հիմնաքարը: Մարզիչներն էլ ընտրում են հեռանկարայիններին ու հրավիրում ակումբներ: Իսկ խաղադաշտերի հարցը ամենահեշտ լուծվողներից է: Ցանկացած գյուղում կա ֆուտբոլի դաշտի չափ հարթ թեկուզ մեկ տարածք:

– Ձեր երկրում, որքան տեսնում ենք, բավականին զարգացած է նաեւ կանանց ֆուտբոլը:

– Այո: Այսօր Նորվեգիայում ավելի քան 100 հազար ֆուտբոլիստուհի կա: Նրանց համար պաշտոնապես անցկացվում են չորս խմբի առաջնություններ, չհաշված տարածաշրջանային եւ մյուս մրցաշարերը:

– Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարում Նորվեգիայի երիտասարդական հավաքականն աշնանը հյուրընկալվելու է Հայաստանում: Դուք գալո՞ւ եք Երեւան:

– Այդ նույն օրը խաղում է նաեւ մեր ազգային հավաքականը: Ես պետք է լինեմ նրանց հետ: Երիտասարդականին ուղեկցելու է իմ տեղակալը: Բայց մի օր ես էլ անպայման կգամ Հայաստան: Շատ եմ ուզում:

Արաբկիր թաղապետարանի ինֆորմացիոն աջակցությամբ՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆՕսլո-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել