Գեղանկարչություն քննության դեպքում դիմորդների «վարժեցված լինելը» դժվարացնում է մասնագետների ընտրությունը, իսկ քանդակագործները դժգոհում են դրա բացակայությունից։
«Դիմորդները քննության են գալիս առանց պաշարի։ Նույնիսկ չեն տարբերվում Թերլեմեզյանի ուսումնարանից եկած դիմորդները։ Կա սիրո պակաս, ինչ-որ կիսատ-պռատություն»,- ասաց քանդակագործություն առարկայական հանձնաժողովի նախագահ Գետիկ Բաղդասարյանը։ Նա հիշեց, որ ժամանակի «կիսաքանդակագործ» դիմորդներն այսօր այդ որակը չունեն, փոխարենը, նախորդ տարիների հետ համեմատած, այս տարի աճել է Գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության բաժնի դիմորդների թիվը։ Ընդունելության ընթացքում նրանք պիտի հաղթահարեն գծանկարչություն, քանդակագործություն, կոմպոզիցիա առարկաները։ Առաջինի դեպքում բնորդից պիտի մերկ ֆիգուր գծանկարեն, երկրորդի ժամանակ՝ այդ ֆիգուրը կավով քանդակեն, իսկ երրորդ քննությանը նրանցից պահանջվում է տրված թեման 30 սմ-ի մեջ կավով կամ պլաստիլինով արտահայտել։
«Գծանկարն ու քանդակը կարծես դիմորդների համար նախապատրաստական փուլ են՝ կոմպոզիցիային լավ պատրաստ լինելու համար։ Վերջինիս միջոցով ստուգում ենք նրանց միտքը։ Քանդակը գնահատելիս ուշադրություն ենք դարձնում շարժմանը, կառուցումին, համաչափությանը, աշխատանքի բնավորությանը»,- պարզաբանեց Գ. Բաղդասարյանը։ Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչություն եւ գծանկարչություն բաժիններ ընդունվող դիմորդները նույնպես հանձնում են գծանկարչություն եւ կոմպոզիցիա առարկաները, միայն թե քանդակին այստեղ գեղանկարչությունն է փոխարինում։
«Այս երեք առարկաների արդյունքների ամփոփումից հետո է միայն երեխայի շնորհքի չափը երեւում։ Կոմպոզիցիայի քննությամբ ստուգում ենք դիմորդի պատկերացումը, երեւակայությունը։ Քանի որ նկարիչ դառնալու առաջին պայմանը երեւակայությունն է, գնահատման ժամանակ հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում այս առարկայից գրանցված արդյունքներին։ Որոշիչ է նաեւ գծանկարը։ Այն նկարչության հիմքն է, ինչպես երաժշտության մեջ նոտաները»,- ասում է գեղանկարչություն առարկայական հանձնաժողովի նախագահ Անատոլի Գրիգորյանը։
Այս առարկաներից դիմորդները սովորաբար «20» միավոր չեն ստանում։ Սակայն հանձնաժողովի անդամներն ունեն միեւնույն սկզբունքը. ընտրել ավելի ուժեղ եւ օժտված երեխաներին, որ ուսումնական տարվա ընթացքում նրանք հեշտությամբ կարողանան սովորել։ Բայց քանի որ դիմորդների համարյա 100 տոկոսը Նկարիչների միությունում նախօրոք պարապած կամ նախապատրաստական դասընթացների մասնակցած է քննության գալիս, հաճախ նրանք իրենց ոչ ճիշտ են դրսեւորում։ Օրինակ՝ հնարավոր է քննությունից առաջ նրանք նույն բնորդին մի քանի անգամ արդեն նկարած լինեն։ Այդ պատճառով էլ որոշ դիմորդների ընդունելուց հետո մասնագետները կանգնում են փաստի առաջ։ «Դեպքեր են եղել, երբ բավականին բարձր մակարդակի աշխատանք տեսնելով՝ ընդունել ենք դիմորդին, սակայն սովորելու ընթացքում պարզվել է, որ բավականին թույլ երեխա է։ Սրա պատճառը նրանց նախօրոք վարժեցնելն է»,- ասաց Ա. Գրիգորյանը։ Պարզելու համար՝ դիմորդն ընդունվե՞լ է տվյալ բաժին, թե՞ ոչ, հանձնաժողովը առանձին-առանձին գնահատում է երեխաների մի քանի օրվա աշխատանքները՝ նշված առարկաներից։ Վերջին քննությունից հետո արդյունքներն ամփոփվում են, եւ այդ ընդհանրացված արդյունքներն էլ հուշում են դիմորդի ընդունվել-չընդունվելու մասին։
Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա ընդունվող դիմորդներից պահանջվում է գրագիտություն ոչ միայն լեզվի, այլեւ արվեստի ասպարեզում։ Այսինքն՝ գույնը, գիծը, կառուցումը, թղթի ճիշտ օգտագործումը, լույսը, ստվերը, քանդակային կառուցվածքը աշխատանքում կարող են յուրաքանչյուր դիմորդի համար ճակատագրական եւ միավոր բերող լինել։
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ