Լրահոս
Օրվա լրահոսը

Երաշտ եղել է

Օգոստոս 09,2006 00:00

Այդ մասին «Հայպետհիդրոմետը» կանխատեսել էր 10 օր առաջ, բայց գյուղնախարարությունըոչինչ անել չի կարողացել:

Այս տարի Հայաստանում եղել է իր նախադեպը չունեցող երաշտ: Այն աննախադեպ է եղել այն առումով, որ սկսվել է ոչ թե հունիսի վերջին, ինչպես սովորաբար է լինում, այլ մայիսին: «Առավոտին» այսպիսի կարծիք է հայտնել «Հայպետհիդրոմետի» հիդրոօդերեւութաբանության էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի պետ Համլետ Մելքոնյանը: Հիդրոմետի մասնագետները նույնիսկ աղյուսակ են կազմել, որտեղ հստակ երեւում է, թե հանրապետության տարբեր շրջաններում ինչ քանակությամբ տեղումներ են եղել եւ ջերմաստիճանը նորմայից որքան է բարձրացել: Ընդհանրապես մեր հանրապետությունում մայիսը հանդիսանում է ամենախոնավ եւ տեղումնառատ ժամանակաշրջանը, բայց այս տարի բացառություն է եղել, եւ Հիդրոմետի մասնագետի դիտարկմամբ՝ մայիսի 20-ից երաշտը խստացել է եւ ընդգրկել հանրապետության ողջ տարածքը: Հիշեցնենք, որ գյուղնախարարության մասնագետները պնդում էին, թե երաշտ չի եղել, իսկ որոշ հողատարածքներ վնասներ են կրել այն պատճառով, որ իրենց հողամասը չեն ջրել: Բանն այն է, որ գյուղնախարարության որեւէ մասնագետ երաշտի հետ կապված նման հայտարարություն պարզապես իրավասու չէր անել: Մեր երկրում երաշտի մոնիտորինգով զբաղվում է «Հայպետհիդրոմետը»: Այն երաշտային գործոնների դիտարկումներ, ուսումնասիրություններ, կանխատեսումներ է անում եւ այդ մասին տեղյակ պահում հանրությանն ու նախարարությանը: Ուստի երաշտ եղել է, թե ոչ՝ նախարարությունը պետք է առաջնորդվեր Հիդրոմետի ամփոփ տվյալներով:

Իսկ այդ տվյալները շատ հստակ են՝ հանրապետության տարբեր շրջաններում դիտվել են շատ խիստ երաշտային պայմաններ, որոնք ավելի են խորացել հունիսին եւ ամբողջ հանրապետությունում պահպանվել է պարզ, առանց տեղումների եւ շատ բարձր ջերմաստիճանով եղանակ, ինչը երաշտն այդ ամիսներին դարձրել է անխուսափելի: Այդ իսկ պատճառով հունիսին ոռոգման ջրի պահանջը մեծացել է 2–2,5 անգամ: Դա այն դեպքում, երբ հունիսին հանրապետության մի շարք մարզերում նոր է սկսվում ոռոգման սեզոնը: Ըստ Հ. Մելքոնյանի, երաշտից հատկապես շատ են տուժել անջրդի շրջանների հացահատիկային եւ բանջարանոցային կուլտուրաները, իսկ այդ շրջաններում հացահատիկային կուլտուրաները գտնվում էին հասկակալման, ծաղկման փուլում, ուստի այն, որ գյուղացիները բավականին խոշոր վնասներ են կրել, պարզապես անհերքելի է: «Հայպետհիդրոմետում» մշակած երաշտի կանխատեսման մեթոդիկայով հնարավոր է երաշտը կանխատեսել միայն 8-10 օր առաջ: Մենք կանխատեսել էինք երաշտը եւ սպասվող վտանգի մասին ահազանգել նախարարությանը»,- ասում է Հ. Մելքոնյանը՝ երաշտի դեմ արդյունավետ պայքար մղելու համար առաջարկելով կառավարությանը մեծ ուշադրություն դարձնել «Հայպետհիդրոմետի» դիտարկումների ցանցի վերազինմանը: Սակայն նկատենք, որ եթե նույնիսկ Հիդրոմետը երաշտը կանխատեսեր 2 ամիս առաջ, դրանից ոչինչ չէր փոխվի: Ըստ գյուղնախարարության մասնագետների, եթե կարկուտի դեմ կարելի է պայքարել հակակարկտային միջոցներով, երաշտի դեմ պայքարելու ձեւ չկա: Սովետական ժամանակներում երաշտի դեպքում պետությունը որոշում էր, թե իրեն ինչ է պետք՝ հաց, կարտոֆիլ ու ըստ այդմ ոռոգում միայն այդ հողատարածքները, իսկ հիմա նախարարությունը փաստի առջեւ է կանգնել, քանի որ նման սկզբունքով չի կարող գյուղացու ճակատագիրը որոշել. որ մեկի ջուրն էլ կտրեն՝ բողոքելու է ու նախարարության առաջ ցույց անի, փոխհատուցում պահանջի:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել