Մարզպետարանը, ՊՆ-ի խաթր, դատարանում տանուլ է տվել բնակբաշխման հետեւանքով ապօրինաբար վտարվող բնակիչների գործը:
Արդեն երկու տարի է՝ Գյումրիում ավարտվել է բարերար Քըրք Քըրքորյանի փողերով կառուցված շենքերի բնակբաշխումը, սակայն գյումրեցիներից շատերը դեռ շարունակում են բողոքել բնակարանները բաշխող մարզպետարանական հանձնաժողովի անդամներից: Բանն այն է, որ հիշյալ հանձնաժողովը երբեմն այնպիսի անտրամաբանական բնակհատկացումներ էր անում, որ գյումրեցիներն արդյունքում իրար միս էին ուտում. օրինակ՝ մի բնակարանը հատկացնում էր երկու անօթեւան ընտանիքի, լավագույն դեպքում էլ մարդկանց հազար տարվա տները ձեռքներից վերցնելով՝ այն հրամցնում էր իրենց ծանոթ այլ անօթեւանների, ու կռիվը պատրաստ էր:
Գյումրիում մեծ աղմուկ հանած Տիգրան Մեծի 5ա շենքի ընտանիքներից մեկի՝ Պողոսյանների գործի քննությունը վերջերս ավարտվեց Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում: Այդ շենքի պատմությունը արտասովոր էր նրանով, որ մարզպետարանական հանձնաժողովին հաջողվեց «Լինսիի» միջոցներով վերանորոգված այս կառույցից վտարել մոտ 70 տարի այդտեղ բնակվող ընտանիքների, որոնք եղել են գուլպա-նասկեղենի ֆաբրիկայի նախկին աշխատակիցներ: Մարզպետարանցիներին նույնիսկ օգնության հասան դատական ակտերի հարկադիր կատարողները, որոնք ծեծուջարդով բնակիչներին փողոց գցեցին՝ անգամ հաշվի չառնելով ձմռան բուք ու բորանը: Ընդ որում, զավեշտալին այն էր, որ բնակիչներն իրենց հարազատ բնակարաններից հեռացվեցին՝ որպես «ապօրինի զբաղեցրածներ»: Մարզպետարանն իր այս քայլը հիմնավորեց ՀՀ կառավարության՝ «աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով վթարային դարձած եւ պետական միջոցների հաշվին ամրացված շենքերի բնակարանների բնակեցման մասին» թիվ 116 որոշումով, ըստ որի՝ «ամրացված պետական եւ հանրային բնակելի ֆոնդի շենքերի բնակարանները հատկացվում են այդ բնակավայրում մշտապես բնակվող տվյալ շենքի նախկին վարձակալներին, եթե նրանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այլ բնակարաններ չեն հատկացվել կամ եթե ամրացման ընթացքում շենքի բնակարանների բնակելի սենյակների քանակը չի ավելացել կամ պակասել: Իսկ եթե ավելացել է կամ պակասել, բաշխվում են՝ ելնելով վարձակալների կողմից նախկինում զբաղեցրած սենյակների քանակից»:
Փաստորեն, Նելյա Մխիթարյանի եւ Հենրիկ Խաչատրյանի ընտանիքներին, որոնք նույնպես Տիգրան Մեծի 5ա շենքի բնակիչներ էին, խանգարում էր շինարարի կողմից բնակարանները ձեւափոխության ենթարկելը. կոմունալ հարմարություններով նախկին բնակարանները վերածվել էին սովորական բնակարանների: Դատարանը նրանց վտարելու վճիռ կայացնելիս նույնիսկ հաշվի չառավ այն փաստը, որ կոմունալ հարմարություններով շենքերի համար կառավարությունը որեւէ որոշում չի ընդունել եւ որ հիշյալ ընտանիքները երկրաշարժից առաջ զբաղեցնելով կոմունալ հարմարություններով բնակարանների մեկ կամ երկու սենյակը՝ տիրություն են արել իրենց հետ ապրող միայնակ ծերերին, ավելին՝ հետագայում նրանցից մեկի մահվան, իսկ մյուսի ՌԴ հեռանալու պատճառով տիրացել են նաեւ նրանց մեկ սենյակներին:
Իսկ ահա վերջերս տառացիորեն նույն պրոբլեմն ունեցող Պողոսյանների ընտանիքին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը որոշեց չվտարել: Իհարկե, կարելի է ասել, որ սա դատավորի ամենաարդարացի որոշումն էր, սակայն այս դեպքում ինչպե՞ս հասկանալ նույն վիճակի մեջ հայտնված մյուս բնակիչներին՝ Հենրիկ Խաչատրյանին ու Նելյա Մխիթարյանին վտարելու վճիռները, ի՞նչն էր խանգարում Հարություն Մովսեսյանին նրանց եւս թողնել իրենց բնակարաններում եւ ձմռան կեսին փողոց չհանել: Գուցե պատճառը շահագրգիռ մարմնի՝ բնակարաններ բաշխող մարզպետարանական հանձնաժողովի լուծարո՞ւմն էր:
Դատարանին մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկատվությամբ՝ վերջին շրջանում բնակբաշխման քաշքշուկների մեջ հայտնված բնակիչները շահում են, փոխարենը գրեթե բոլոր դատերը տանուլ են տալիս վտարման հայցով դատարան ներկայացած մարզպետարանի իրավաբանները: Եվ դրա պատճառը բոլորովին էլ նրանց մասնագիտական թույլ կարողությունները չեն, քանի որ մարզպետարանի իրավաբանները քաղծառայության՝ քննությունը «գերացանցիկ» են հանձնել: Թե ինչու եւ ինչպես է դատը շահել Պողոսյանների ընտանիքը, մեզ համար պարզ է. նրա թիկունքին է կանգնել պաշտպանության նախարարությունը: Պողոսյանների որդին՝ Հակոբը, ՀՀ ՊՆ 53661 զորամասի կապի եւ ՌԴԱ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ է, ուստի նախարարությունը խնդրել է Շիրակի մարզպետին այդ ընտանիքի բնակարանային հարցին տալ դրական լուծում: Բնականաբար, որեւէ նախարարություն կամ օլիգարխ չէր միջնորդել վտարված մյուս երկու ընտանիքների համար, հակառակ դեպքում դատավորը հանգիստ կարող էր բոլորովին այլ վճիռ կայացնել՝ հօգուտ բնակչի:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ