Հիշեցնենք, թե ով էր երեկ սպանված «Երեխաների իրավունքների պաշտպանություն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, 52-ամյա Ալեքսանդր Գիվոեւը:
Նրա մասին մամուլում բազմաթիվ էին հրապարակումները հատկապես 2001-ին, երբ նա մեկը մյուսի ետեւից ցույցեր էր կազմակերպում: Ասենք, երբ Ֆրանսիան ճանաչեց մեր Ցեղասպանությունը, նա երեխաներին «չոքացրեց» Հայաստանում այդ երկրի դեսպանատան մոտ: Ավելի վաղ՝ 2001-ի հունվարին նա ցույց էր կազմակերպել արդեն ԱՄՆ-ի դեսպանատան առջեւ՝ ի պաշտպանություն ֆինանսական խարդախությունների մեջ մեղադրվող, ԱՄՆ-ում ձերբակալված ՌԴ գործիչ Պավել Բորոդինի, որին նրանք Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանին հանձնված նամակում անվանել էին «երեխաների մեծ բարեկամ»: «Իրավունքն» այս կապակցությամբ զարմանք էր հայտնել, թե ի՞նչ կապ կա հայ երեխաների եւ Բորոդինի միջեւ: Եվ բացահայտել, որ որոշ սոցիալապես անապահովներ գրանցված էին եղել Գիվոեւի գրասենյակում՝ օգնություն ստանալու համար: Եվ նրանց զանգել ու կանչել էին ԱՄՆ-ի դեսպանատան մոտ: Մեկ ժամ ցրտին կանգնած ծնողները եւ սառած հայ երեխաները տեղեկացել էին, որ մասնակցում են «երեխաների մեծ բարեկամ» Բորոդինի պաշտպանության ցույցին: Հետո նրանց ուղարկել էին տուն՝ օգնություն ստանալու մասին հետագայում տեղեկացնելու խոստումներով:
Այս հրապարակումից հետո բողոքի ցույց կազմակերպվեց արդեն ՍԻՄ-ի գրասենյակի առջեւ եւ հավկիթներով հարվածեցին շենքի պատուհաններին: «Իրավունքը» ցույցից հետո հրապարակեց ինտերնետից քաղված մի տեղեկատվություն՝ Մոսկվայի քրեական աշխարհի մասին. «Հայազգի օրենքով գողերի մեջ օպերատիվ աշխատողները որպես առավելագույնս ազդեցիկ մատնանշում են Հասան Պապին (Հուսոյան), Միշկա Ծուռթաթին (Բաղդասարյան), թբիլիսցի Էդիկին (Ասատրյան), Հայ-հույին (Գիվոեւ), Չազոյին (Այբյան), Բարոնին (Բարոյան) եւ այլն»: Նաեւ նշել էին, թե համացանցային տեղեկատվությամբ՝ 2000-ին Մոսկվայում անլեգալ ապրում էին եւ ակտիվ գործում հայազգի 12 օրենքով գողեր, այդ թվում՝ «Գիվոեւ Ա. Մ. (Հայ-հույ)», իսկ 582 օրենքով գողերի ցուցակում Ալեքսանդր Միտյայի Գիվոեւը 135-րդն է եւ ունի «միջռեգիոնալ կապեր Վրաստանում»:
Դրանից հետո Ալեքսանդր Գիվոեւը ասուլիսում խոստացավ դիմել ՀՀ նախագահին, ԱԺ-ին եւ արդարադատության նախարարությանը՝ «Իրավունք»-ը փակելու խնդրանքով»։ Պրն Գիվոեւը պնդել էր, թե «ինքը երբեք օրենքով գող չի եղել»՝ լրագրողներին բացատրելով, որ «օրենքով գողը» իրավունք չունի 1700 երեխայի կնքահայր դառնալ կամ հոդվածներ գրել (ժամանակին նա աշխատել է «Արմյանսկի վեստնիկ» թերթում), որ գողը չի կարող, ասենք, Փարիզում ծնկի գալ եւ համբուրել Անդրանիկի թուրը։ Այս ասուլիսում նա հայտարարեց, թե՝ «Իմ կյանքի երազանքն է եղել, որ ես լինեմ թուրքերի թիվ մեկ թշնամին»։ Իսկ նրա ղեկավարած «Երեխաների իրավունքների պաշտպանություն» կազմակերպության սենյակներից մեկի պատին փակցված էր՝ «Այն երեխան, որն անգիր կասի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, դրամական օգնություն կստանա արտահերթ»:
Սրանից հետո Գիվոեւի մասին հրապարակումները մեր մամուլում գրեթե դադարեցին: Թեեւ 2002-ին էլ Գիվոեւն առաջադրվեց Կենտրոն համայնքի թաղապետի թեկնածու՝ խոստանալով լուծել ինչպես այս համայնքի, այնպես էլ առհասարակ Հայաստանի բոլոր սոցիալական խնդիրները՝ կազմակերպելով հայկական ծագում ունեցող ռուսաստանցի գործարարների նվիրատվությունները: Նշենք, որ նա սերտ կապեր է ունեցել «Հայկական ասամբլեայի» նախկին նախագահ Սերժ Ջիլավյանի հետ:
Լրագրողները Գիվոեւին մեկ էլ նկատել էին Սոչի մեկնող ինքնաթիռում՝ Ա-320-ի վթարից հետո: Չէր թաքցրել, որ Սոչիում է գտնվում հատկապես իր ընկերոջ՝ գյումրեցի Բենիամին Խաչատրյանի (այդ ավիավթարի զոհ դարձած՝ օրենքով գող ռոստովցի Բենոյի) համար: Եվ ավելի ուշ հայտնել էր, թե մտադիր է ի հիշատակ զոհերի Սոչիում հուշարձան կանգնեցնել, եւ արդեն ձեռք է բերել համապատասխան պայմանավորվածություններ:
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ