Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԶԲԱՂՎԵԼ ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ

Օգոստոս 09,2006 00:00

«Չորրորդ իշխանություն» թերթի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը օգոստոսի 8-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված իր դեմ կիրառված գործողությունների հետ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «2006 թվականի հուլիսի 12-ից ի վեր նախ Նուբարաշենի թաղապետ Մհեր Հովհաննիսյանի ու նրա բարեկամ-ընկերների կողմից իմ դեմ սկսված հալածանքները, որոնք բացառապես պայմանավորված են իմ՝ որպես ֆոտոլրագրողի մասնագիտական գործունեությամբ, եւ որոնց առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունն առայժմ ընթացքի մեջ է, այսօր առարկայացել են իմ դեմ հարուցված քրգործի տեսքով:

Ընդամենն օրեր առաջ ՀՀ ոստիկանության Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանության բաժնի քննչական բաժանմունքի պետի տեղակալ Վարդան Մեսրոպյանի գլխավորությամբ Նուբարաշենում իմ վարձակալած բնակարանում կատարված ապօրինի խուզարկություն կատարելուց հետո առգրավվել է իմ մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գործիքը՝ ձայնագրիչը, նաեւ անձնագիրս, իսկ իմ բնակարանն այլեւս կնքված է: Այսօր ես փաստացի զրկված եմ իմ բնակարան մտնելու իրավունքից, որին, ի դեպ, ձգտում էր Նուբարաշենի թաղապետարանը: Այս ամենը ես համարում եմ որպես իմ մասնագիտական գործունեությունը ծավալելու արհեստական խոչընդոտ, որը փոխհամաձայնեցված կերպով հարուցում են ՀՀ ոստիկանությունն ու Նուբարաշենի տեղական իշխանությունները:

Ես այլեւս վախենում եմ տուն վերադառնալ, զբաղվել իմ մասնագիտական գործունեությամբ: Հայտարարում եմ նաեւ, որ իմ անձի նկատմամբ որեւէ ոտնձգության, իմ անվտանգության դեմ որեւէ սպառնալիքի համար պատասխանատու են ՀՀ իշխանություններն ու իրավապահ մարմինները»:

Ի դեպ, լրագրողի գործով սկսել են զբաղվել նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել