Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ ԳԱՌԸ ԳԱՅԼԻՆ Ի ՊԱՀ ՏՎԻՆ

Օգոստոս 09,2006 00:00

Այս անգամ ՆԱՏՕ-ն է հուսալու, թե ՀՀ իշխանությունները կհարգեն այն պարտավորությունները, որոնց մի հատվածն արդեն ստանձնել են ԵԽ առջեւ ու չեն կատարել:

ՀՀ պաշտպանության եւ ԱԳ նախարարությունների պաշտոնական կայքում տեղադրված է ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների բովանդակությունը: Փաստաթուղթը, մանավանդ առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրությունների շեմին, ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումների, նաեւ տնտեսության ոլորտում հայ-ռուսական տնտեսական համագործակցության համատեքստում առավել քան ուշագրավ է: Այս պայմանագրով ՀՀ ստանձնած պարտավորությունները շատ նման են ժամանակին ԵԽ առջեւ ստանձնած պարտավորություններին, որոնք ստանձնելը ՀՀ իշխանությունների կողմից զուտ խորհրդանշական բնույթ ստացավ՝ այն պարզ պատճառով, որ ավելի քան 5 տարի դրանց մի զգալի մասը մնաց զուտ պարտավորություն՝ թղթի վրա, իսկ դրանց կատարման ուղղությամբ գործնական քայլեր այդպես էլ չկատարվեցին: Այսպես, ՆԱՏՕ-ի հետ ստորագրված համաձայնագրում անդրադարձ կա ոչ միայն մեր երկրի պաշտպանական ոլորտին, ՀՀ քաղաքական եւ անվտանգությանն առնչվող խնդիրներին, հարեւան երկրների հետ հարաբերություններին, ՀՀ-ում ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը եւ այլն: Պայմանագրի հենց առաջին պարբերությամբ ՀՀ-ն հայտարարում է, որ «Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը եվրոպական կառույցներին ու հաստատություններին լիարժեք ինտեգրումն է: Հայաստանը նաեւ մտադիր է աշխուժացնել գործնական եւ քաղաքական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ Դաշինքին ավելի մերձենալու նպատակով»:

Ինչ վերաբերում է հարեւանների հետ համագործակցությանը, ապա համաձայնագրում այս մասով Հայաստանը պարտավորվել է «նպաստել Կովկասում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը եւ հաստատակամ է բոլոր հարեւանների հետ հարաբերությունների կառուցողական զարգացման եւ բարելավման գործում: Հայաստանը կաշխատի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ եւ լիովին կաջակցի այդ խնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»: Հայաստանը, ըստ ստանձնած պարտավորությունների, նաեւ «ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ հաստատակամ է հետամուտ լինել Թուրքիայի հետ կառուցողական երկխոսության, ներառյալ այդ նպատակով ուղղակի շփումները Թուրքիայի հետ»: Մնում է ենթադրել, թե այս պարտավորության ստանձնումը որքան ջերմորեն կողջունի հատկապես իշխանական կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն:

Պայմանագրում, ինչպես վերը նշեցինք, անդրադարձ կա նաեւ ՀՀ-ում ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի իշխանությանն ու կոռուպցիայի դեմ պայքարին: Այս առնչությամբ «Հայաստանը որդեգրել է ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, թափանցիկության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում հետագա առաջընթաց ապահովելու ուղեգիծ»: Տպավորություն կա, թե դրանք Հայաստանում արդեն ապահովված են՝ մնում է դրանք հետագայում խորացնել: ՆԱՏՕ-ի հանդեպ պարտավորությունները ներառում են նաեւ տնտեսական բնագավառը. «Հայաստանը ձգտում է առողջ, կայուն եւ մրցունակ տնտեսական զարգացման: Այս առումով առաջնահերթություններ են դիտվում եվրոպական չափանիշների համաձայն թափանցիկ շուկայական տնտեսվարումը, ներքին եւ արտաքին տրանսպորտային ենթակառույցների զարգացումը, հնարավորինս անկախ էներգետիկ համակարգի կառուցումը»: Այս պարտավորությունն էլ մյուսների նման համաձայնագրում մանրամասնված է «Հայաստանի նպատակները, հատուկ պետական միջոցառումներ» վերնագրի ներքո: Ըստ այդմ, Հայաստանը պարտավորվում է. «Նպաստել ամուր, կայուն եւ կենսունակ տնտեսության զարգացմանը, աշխատել ԵՄ-ի հետ հարաբերություններում «Շուկայական տնտեսության» կարգավիճակի ձեռքբերման ուղղությամբ, կանխել ֆինանսական ռեսուրսների անհարկի օգտագործումը՝ ներառյալ պաշտոնեական դիրքի չարաշահումը, աշխատել տնտեսության բազմակողմանիության (դիվերսիֆիկացիայի) ապահովման ուղղությամբ: Տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին մասնակցության միջոցով ձգտել էներգետիկ ռեսուրսների հասանելիությանը: Էներգիայի մատակարարումների այլընտրանքային աղբյուրների ապահովում եւ էներգիայի նորացված աղբյուրների շարունակական զարգացում»: Սա այն դեպքում, երբ Հայաստանում էներգետիկ ոլորտն այլեւս գրեթե ամբողջությամբ գտնվում է ռուսական պետական ընկերությունների վերահսկողության տակ: Մնում է ենթադրել ու հետեւել, թե ՀՀ իշխանություններն ինչպես են ապահովելու ստանձնած այս պարտավորությունների կենսագործումը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել