ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասնմեկերորդ
ՇԱՆ ՏԵՂ ՉԴՆԵԼ
Չնայած մեր հարեւանությունն ու բարեկամությունը մորս գրական հայերենն օտար լեզու էր համարում, մայրս իրենց էդ վերաբերմունքին մշտապես ներողամտորեն ու ըմբռնումով էր վերաբերվում՝ ինչպես որ ե՛ս եմ մշտապես ներողամտորեն ու ըմբռնումով վերաբերվում մեր գրագետների ու գրականագետների մոտեցումներին, բայց մայրս, ըմբռնումով վերաբերվելով շրջապատի վերաբերմունքին, ոչ մի կերպ չէր կարողանում հանդուրժել գրական լեզվից հատկապես ի՛մ շեղումները եւ իմ էդ շուրջօրյա շեղումները չափազանց հիվանդագին էր տանում, մանավանդ որ՝ ինքն էդ տարիների մոդայից հետ չմնալով՝ քրոջս ռուսական էր տվել ու ճարահատյալ արդեն միայն ու հատկապես ի՛նձ հետ էր կապում մեր գրականն անթերի ու կատարյալ տեսնելու իր մշտական երազանքը, ու նաեւ էդ հանգամանքն էր պատճառը, որ մայրս յոթանասուն թվին իր ընկերուհի Դեղձիկին բոլորեքյան մոբիլիզացրեց, որպեսզի բանասիրականիս հարցը հարյուր տոկոսանոց իրականություն դառնա, ու չնայած Մանկավարժականի Դեղձիկն ու մայրս է՛ն անձնավորություններն էին, որ ծանոթով ինստիտուտ ընդունվողներին առանձնակի արհամարհանքով ու քամահրանքով էին վերաբերվում, բայց իմ հարցում երկուսն էլ ժամանակավորապես մի կողմ դրին իրենց էդ սրբազան սկզբունքն ու հիմնավորապես դրին բանասիրականիս հիմքերը, ու չնայած բանասիրականիս հիմքերն ամուր գցված էին, մորս ավելին անել չհաջողվեց, այսինքն՝ մորս երբեւէ չհաջողվեց իմ միջոցով առավել փայլեցնել մեր ոսկեղենիկ լեզուն, ավելի՛ն՝ իրեն երբեւէ չհաջողվեց գոնե խոսակցականիս ու բառապաշարիս դեմն առնել, որովհետեւ ես գրական լեզուն միանգամայն գիտակցաբար էի շրջանցում, քանի որ դա է՛ն լեզուն էր, որը մորս առավոտից իրիկուն մեկուսացնում էր մեր հարեւաններից ու բարեկամներից, ու չնայած հարեւանությունն ու բարեկամությունը մորս շատ էլ հարգում էին, բայց իր հետ հազվադեպ էին անկեղծանում, որովհետեւ մորս մաքրամաքուր հայերենով ո՛չ անկեղծանալ էր ստացվում եւ ո՛չ էլ մանավանդ բամբասել, այլ միայն՝ հայրենասիրությունից ու ազնվությունից խոսել, իսկ հարեւանությանն ու բարեկամությանը հայրենասիրությունն ու ազնվությունն առանձնապես չէին հետաքրքրում, այլ միայն՝ բուն կյանքն ու առօրյան, իսկ մորս խոսքն առօրյայի ու կյանքի հետ շատ քիչ կապ ուներ եւ, փաստորեն, մետաքսեցիների ու շիլաչեցիների համար գրաբարի պես բան էր, եւ մետաքսեցիք ու շիլաչեցիք մորս էդ գրաբարից հատկապես ի՛մ շեղումներն էին խրախուսում, որովհետեւ, եթե հանրապետության մասշտաբով ճանաչված լեզվի ու գրականության ուսուցչուհի Փարվանյան Սեդայի որդին էր իրենց լեզվով խոսում, դա իրենց համար արդեն ինքնահաստատումից ու ինքնավստահությունից ավելին էր, եւ երբ ես դիտավորյալ պատառաքաղին «չանգյալ» էի ասում, դրանով ամենից շատ Օսան տատիս էի ուրախացնում, որովհետեւ հատկապես ու ամենից ավելի տատս էր դժգոհ, որ իր հարսն իր գրաբարի պատճառով միանգամայն մեկուսացած է հարեւանությունից ու բարեկամությունից:
Այդուհանդերձ, մայրս տեղի չտվեց, եւ տարիներ անց, երբ ինքն արդեն հարեւանության ու բարեկամության աբիտուրիենտների հետ միանգամայն անվճար հայերեն էր պարապել, հարեւանության ու բարեկամության մեջ մորս օտարվածությունն աստիճանաբար վերածվեց հեղինակության, որովհետեւ, չնայած մորս լեզուն իրենց համար միանգամայն օտար լեզու էր, այդուհանդերձ, իրենք հաճույքից հալվում էին, երբ իրենց զավակներն էին երբեմն-երբեմն էդ օտար լեզվով գեղգեղում, եւ իրենք ներքուստ շատ էլ փափագում էին էդ գրաբարն իրենց իսկ զավակների բերաններից կորզել, ու չնայած զավակներն ինստիտուտ ընդունվելուց կամ չընդունվելուց անմիջապես հետո վերջնականապես էին վերադառնում իրենց նախկին լեզվին, բայց մայրական էդ փափագը մայրերի հոգիների խորքերում մշտապես առկա էր ու կար, եւ երբ ութսունութին Լեւոնն Օպերայի հարթակից իր ոսկեղենիկ հայերենը շաղ տվեց, ես տեսա ու հասկացա, որ մեր հանրապետության կանայք, ի դեմս Լեւոնի, տեսան ու հայտնաբերեցին իրենց փափագած, բայց չկայացած ու չիրականացած զավակներին:
Ես ոսկեղենիկի իմաստով միանգամայն անհուսալի ու անուղղելի էի ու ոսկեղենիկն էնպիսի՛ հետեւողականությամբ ու համառությամբ էի ինձանից վանում՝ ինչպես մայրս իր գրեթե ողջ կյանքում հարեւանության ու բարեկամության խոսակցականն էր իրենից վանել, եւ «գրեթե» եմ ասում, որովհետեւ մայրս, ի վերջո, համակերպվեց իմ ու մերոնց խոսակցականին եւ իր կյանքի վերջերում ու թոշակի տարիքում, երբ արդեն դպրոցին ու իր առարկային հրաժեշտ էր տվել, ինքն է՛լ էր արդեն իմ ու բոլորիս խոսակցականից լիուլի օգտվում՝ հաճախակի օգտագործելով զանազան էնպիսի՛ բառեր, որոնցից իր ողջ կյանքում ո՛չ միայն իրեն էր հեռու պահել, այլեւ փորձել էր հեռու պահել ինձ ու բոլորին, ու խեղճ մայրս իր երկրային ժամանակի ամենավերջին մի քանի տարիներին հատկապես ի՛մ հանդեպ էր ներողամտություն հանդես բերում, որովհետեւ իմ խոսակցականն արդեն գրքերի ու գրականության էի վերածել, եւ երբ մայրս սկսեց գրածներս կարդալ եւ նույնիսկ հավանել, ես վերջնականապես հասկացա, որ մորս տարիների պատկառանքը ո՛չ թե գրական հայերենի հանդեպ էր, այլ, ավելի շուտ, գրավո՛ր հայերենի հանդեպ, եւ երբ արդեն խոսակցական բանավորս ճարպկորեն ու վերջնականապես վերածել էի գրավորի, եւ երբ մի առավոտ իմ ու իմ էդ գրավորի դեմ հեռուստացույցով ելույթ ունեցավ մեր անլեզու ու լեզվապաշտպան գրողներից մեկը, մայրս, որ էդ պահին ուշադիր լսում էր էդ հոգավորին, անմիջապես ինձ սկսեց հորդորել, որ շան տեղ չդնեմ:
Ես շարունակում էի մորս հակադրվել, այսինքն՝ էդ մարդուն ու մարդկային էդ տեսակին հենց լափ էլ շան տեղ էի դնում, առանց հասկանալու, որ դրանով, փաստորեն, վիրավորում եմ մարդու ամենահավատարիմ բարեկամներին, չնայած, ըստ էության, «մարդու հավատարիմ բարեկամ» բնորոշումն է՛լ է չափազանց պայմանական ու հարաբերական, եւ մենք գիտենք, որ անհավատարիմ ու քսու արարածներ նույնիսկ շների մեջ գոյություն ունեն ու կան, ընդ որում՝ էդպիսիք ո՛չ միայն փողոցային ու անտեր շների մեջ կան, այլեւ՝ հենց տերովների ու, այսպես կոչված, ազնվական ծագումովների, որոնցից ամենաքսուն ու ամենատհաճն, իհարկե, էն խոզի մռութովներն են, որոնք եթե որեւէ տեղիցդ բռնեցին, ուրեմն՝ վերջ:
Ուզում եմ ասել, որ, այնուամենայնիվ, բնավորության ու հոգեկերտվածքի առումով հենց շնե՛րն են մարդկանց ամենից շատ նման, բայց խելքի ու բարոյականության առումով մարդկանց բախտը, կարելի է ասել, հեչ չի բերել, եւ եթե իմ էդ անլեզու ու լեզվապաշտ կոլեգան ինձ եղբայրաբար հորդորում էր հրաժարվել իմ ու հատկապես ի՛ր հանապազօրյա խոսակցականից, ապա շների պարագայում նման բան պատկերացնե՛լն անգամ անհնար է, այսինքն, անհնար է պատկերացնել, որ որեւէ շուն մտքով անցկացնի՝ որեւէ այլ շան հաչալ սովորեցնել, եւ եթե շներն իրար ատում են՝ լավագույն դեպքում իրար վրա հաչում են եւ ո՛չ թե՝ իրար հաչալ են սովորեցնում, ու եթե հաչում է՛լ են՝ հաչում են միայն իրենց իմացած ու հասկացած բաներից, եւ եթե մի օր տեսնեք, որ մի շուն մեր ազատ ու պատասխանատու եթերից այլ շների հորդորում է այսուհետ ո՛չ թե «հա՛ֆ-հա՛ֆ» ասել, այլ ասել՝ «մյա՜ու-մյա՜ու», ապա համոզված եղեք, որ հեռուստատեսային էդ պրոպագանդիստը ո՛չ թե շուն է, այլ՝ ձեր կոլեգաներից մեկնումեկը:
Ինչ վերաբերում է անձամբ ի՛մ խոսակցականին ու գրավորին, ապա իմ ամենավերջին դիտարկումները ցույց են տալիս, որ մերոնք մեր քրեականների ժարգոնն ու երեւանաբնակներիս խոսակցականն իրարից բացարձակապես չեն տարբերում, եւ «մերոնք» ասելով՝ առաջին հերթին նկատի ունեմ մեր որոշ գրողների, լեզվաբանների ու գրականագետների, եւ եթե հայերեն թարգմանություններում Շուկշինի հերոսները երեւանաբնակներիս խոսակցականով են խոսում, դա մերոնց համար չափազանց հասկանալի եւ նույնիսկ բնական է, բայց երբ երեւանաբնակն իր իսկ լեզվով հանդես է գալիս որեւէ հայ գրողի որեւէ էջում, դա մերոնց համար ո՛չ միայն անհասկանալի ու անպատկերացնելի է, այլեւ միանգամայն ծանր հարված է ո՛չ միայն մեր ոսկեղենիկ գրականին, այլեւ բոլոր նրանց, ովքեր լեզվի մեջ ո՛չ թե իմաստ ու իրականություն են փնտրում, այլ՝ միայն ու միայն գեղեցիկը, ընդ որում՝ գեղեցիկը փնտրում են այնտեղ, որտեղ գեղեցիկն ընդհանրապես չի լինում ու նպատակահարմար է՛լ չի՝ որ լինի, եւ իրենց համար չափազանց անբնական է, երբ գրական որեւէ երկում վարորդ հերոսը ո՛չ թե մեր լեզվաբանների ու գրականագետների լեզվով է բարբառում, այլ՝ իր իսկ վարորդական լեզվով, եւ իրենք չեն հասկանում, որ ես վարորդին մեր քերականների ու գրագետների լեզվով չեմ կարող խոսեցնել ո՛չ միայն էն պատճառով, որ ինձ համար գեղեցկությունից բացի՝ նաեւ բնականության խնդիրը կա, այլեւ է՛ն պարզ պատճառով, որ ես մեր գրագետների խոսվածքն ավելի գեղեցիկ ու կատարյալ չեմ համարում, քան, ասենք, վարորդներինը, եւ եթե վարորդների խոսվածքը միանգամայն հարիր ու ներդաշնակ է վարորդների հոգուն, ապա նույնը չես կարող ասել մեր գրագետների պարագայում, որովհետեւ մեր գրագետների պարագայում հոգու ու խոսվածքի խնդիր երբեւէ չի էլ առաջանում ո՛չ թե էն պատճառով, որ մեր գրագետներից շատերը պարզապես չունեն էդ «հոգի» կոչվածը, այլ է՛ն պատճառով, որ մեր գրագետների մեծ մասը հենց «լեզու» ասածը չունեն, եւ եթե վարորդների համար լեզուն առաջին հերթին հաղորդակցության միջոց է հանդիսանում, ապա մեր գրագետների մեծ մասն էդպիսի խնդիր չունի, քանի որ՝ իրենք ո՛չ թե հաղորդակցվում են, այլ սովորաբար ու շարունակաբար ելույթներ են ունենում, ընդ որում՝ ելույթներ են ունենում ո՛չ միայն հեռուստատեսությամբ, այլեւ հիմնարկում, փողոցում ու իրենց իսկ ընտանիքում, այսինքն՝ լեզուն իրենց համար ո՛չ թե հաղորդակցության միջոց է, այլ մի առարկա, որը պետք է զմռսած պահպանել, առիթից առիթ հնարավորինս փայլեցնել եւ առիթով ու անառիթ հարձակվել էդ առարկան փչացնողներիս վրա, եւ էդ մարդկանց միակ երջանկությունն այն է, որ էդպես էլ երբեւէ չեն իմանալու, որ մեր լեզուն մեռցնողներն ու էդպես մեռցրած պահողները հենց իրե՛նք են, եւ ո՛չ թե՝ վարորդներն ու քրեականները, ու մեր քերականները, որոնցից շատերը գործի ու ընդունելության քննությունների բերումով՝ միաժամանակ նաեւ քրեականներ են, շատ հաճախ թաքնվում են իրենց զմռսած ու փայլեցրած բառերի եւ նախադասությունների ներսերում՝ էդ ամբողջ ոսկեղենիկն իրենց համար որպես զրահաշապիկ օգտագործելով, եւ որպեսզի երբեւէ հասարակությունն իրենցով չզբաղվի, մշտապես իրենք են նախահարձակ լինում եւ հասարակությամբ զբաղվում, եւ իրենք «մի դատիր, որ չդատվես»-ից չեն վախենում ո՛չ թե էն պատճառով, որ Ավետարանը չեն կարդացել ու Հավատացյալ Խորենին էլ անձամբ չեն ճանաչել, այլ է՛ն պատճառով, որ «մի դատիր, որ չդատվես»-ն իրենց համար ո՛չ թե իրական Մարդու կենդանի խոսք է, այլ ընդամենը՝ պսպղան լեզու եւ գրականություն, եւ ես եթերից իրենց չեմ պատասխանում ո՛չ թե այն պատճառով, որ գրելով եմ զբաղված եւ իրենց պատասխանելու ժամանակ, փաստորեն, չունեմ, այլ ա՛յն պատճառով, որ իսկապե՛ս գրելով եմ զբաղված եւ, փաստորեն, գրում եմ հենց այն, ինչը եթերի՛ց պիտի շպրտեի իրենց երեսներին, բայց, մյուս կողմից էլ, ես իսկապե՛ս ժամանակ չունեմ, քանի որ, ինչպես միշտ, հիմա է՛լ կյանքս գրականությամբ եւ գրելով չեմ սահմանափակում ու չնայած ճկռում եմ էդ մարդկանց չսիրած հայերենով ամենածավալուն վեպը գրել, բայցեւ շարունակաբար շարունակում եմ մտածել, որ կյանքից չկտրվելն ու կյանքի մեջ մնալը պարզապես պարտադիր պայման է, բայց հայերեն ամենածավալուն վեպը գրելու իմ էս մանկական եւ միգուցե մանկամիտ գերնպատակն ինձ ստիպեց փոխել ռեժիմս, եւ եթե ես նախկինում հիմնական ժամանակս դրսերում էի անցկացնում ու օրական ընդամենը մի քանի րոպե՝ գրասեղանիս մատույցներում, հիմա, կարող եմ ասել, ճիշտ հակառակն է, այսինքն՝ էդ մանկամիտ գերնպատակս ինձ ստիպում է, որ իմ բաժին օրվա առնվազն առաջին կեսը գրելուն հատկացնեմ եւ հետո նոր միայն թրեւ գամ ու գուշակությամբ զբաղվեմ «Եվրոֆուտբոլի», «Տոտոյի» եւ մյուս բուքմեյքերական տարածքներում, ու եթե նախկինում էդ ամենօրյա գուշակությունն իմ հիմնական զբաղմունքն էր, հիմա, կարելի է ասել, իմ հոբին է, որովհետեւ հայերեն ամենածավալուն վեպը գրելու մանկամիտ գերնպատակս ինձ ստիպեց հիմնավորապես վերադառնալ գրասեղանիս մատույցներ, մանավանդ որ՝ ես արդեն ինձ համար վերջնականապես եմ պարզել, որ, այնուամենայնիվ, կյանքն ու գրականությունը միանգամայն տարբեր բաներ են, ու չնայած է՛ն միամիտներից եմ, ովքեր մանկամտորեն ու շարունակաբար փորձել են վերացնել էդ տարբերությունը, այդուհանդերձ, հիմա արդեն փաստի առաջ եմ եւ ստիպված եմ ապրելուս ժամանակի հալալ կեսն էսպես թեթեւ ձեռով զոհաբերել գրելուս ժամանակին, այսինքն՝ բանավորս զոհաբերել գրավորիս, ու իմ էս վիճակում միակ ելքս էլի բանավորիս ու գրավորիս սերտացումն է, ավելի ճիշտ՝ նույնացումը, եւ որոշ գրողներ ու գրագետներ հենց դա՛ ինձ չեն ուզում թույլ տալ ու ներել, եւ դրա պատճառը ո՛չ թե իրենց լեզվագրական սկզբունքներն են, այլ ընդամենը՝ մարդկային տարրական մեծահոգության պակասը, քանզի իրենք ի վիճակի չեն մեծահոգաբար մտածել ու հասկանալ, որ եթե իրենք իրենց պարսերով մեր լեզվի գույնզգույն ու զարմանազան ծաղիկների նեկտարն են քամում ու շռայլորեն փռում ընթերցողի առաջ, ապա իրենցից մեկն էլ կարող է էդ գործը չանել միանգամայն հարգելի ու միանգամայն բնական պատճառով, այն է՝ իրենցից էդ մեկը պարզապես ժրաջան մեղու չէ, ընդ որում՝ ժրաջան մեղու չէ ո՛չ թե իր քմահաճույքով, այլ՝ միանգամայն Աստծով, այսինքն՝ Աստված չի կամեցել, որ ես ժրաջան մեղու լինեմ, ընդ որում՝ չի կամեցել հենց ժրաջան մեղուների շատությունի՛ց դրդված, եւ դա է երեւի պատճառը, որ ժրաջան մեղու չլինելս ինձ հենց Աստվա՛ծ է ներում, եւ եթե որոշ մահկանացուներ ինձ ո՛չ միայն չեն ուզում ներել, այլեւ համառորեն շարունակում են դատել ինձ, դրա պատճառը ո՛չ թե այն է, որ իրենք իրենց էդ հարատեւ էներգիան ուղղակիորեն ու շարունակաբար սատանայից են ստանում, այլ այն, որ Աստված իրենց էլ իրենց էդ չներե՛լն է ներում ու հանդուրժում, որովհետեւ դրանց էդ չներելու մեջ էնքա՛ն հզոր մղում ու էներգիա կա, որ եթե դեմներն առնես, ահավոր պայթյուն տեղի կունենա:
Մի խոսքով, Աստված էդ մարդկանց հետ առանձնապես գլուխ չի դնում, բայց ես երբեմն-երբեմն դնում եմ եւ, գլուխ գովել չլինի, երբեմն նույնիսկ հաջողացնում եմ դեմներն առնել, բայց սա արդեն իսկապե՛ս գլուխգովանություն է դառնում է՛ն իմաստով, որ ես, փաստորեն, հենց էս պահին միանգամայն անտեսեցի երրորդ ուժին, որն իրականում ո՛չ ժրաջան մեղու է եւ ո՛չ էլ՝ մեղվապարսի թիրախ, այսինքն՝ միանգամայն նորմալ մարդիկ են եւ, ի տարբերություն մեղուների ու ինձ, միանգամայն նորմալ, միանգամայն մարդկային կյանքով են ապրում ու միանգամայն նորմալ հունով էլ ընթանում են, այսինքն՝ իրենց ապրածը գերադասում են իրենց արածից եւ իրենց բուն կենսագրությունն էլ իրենց գրավոր կենսագրությունի՛ց են ավելի սիրում ու կարեւորում, եւ ամենաուրախալին ու ամենազարմանալին է՛ն է, որ էդ նորմալների մեջ գրագետներ եւ նույնիսկ գրական մամուլի խմբագիրներ է՛լ են պատահում, եւ ամեն անգամ, երբ մեր «Գրական թերթի» հերթական խմբագիրը զանգահարում է ինձ ու տեղեկացնում, որ «Անտիպոեզիայիս» մասին հերթական քննադատական հոդվածն է ստացել, ես «Գրական թերթի» հերթական խմբագրին համոզում եմ, որ էդ հերթական քննադատականն աղբարկղը գցի, ու հերթական խմբագիրն ամենայն սիրով ու պատրաստակամությամբ կատարում է էդ, ուրեմն, հերթական խնդրանքս ո՛չ թե գրական ինչ-ինչ սկզբունքներ հաշվի առնելով, այլ ընդամենը հաշվի առնելով, որ ես է՛լ մարդ եմ եւ իրավունք ունեմ ստեղծագործել ու միաժամանակ չարժանանալ գրավոր պարսավանքի՝ ճիշտ այնպես, ինչպես մեր Գրողների միության հարյուրավոր անդամներն ու նույնիսկ ո՛չ անդամներն են ազատորեն ու շռնդալից ստեղծագործում՝ դրա համար մեր քննադատների ո՛չ միայն քննադատությանը, այլեւ՝ ուշադրությա՛նն անգամ չարժանանալով, եւ դա, իհարկե, բացառիկ բախտ ու բացառիկ հաջողություն է, ու չնայած էս հաջողակները շատ հաճախ իրենց էդ հաջողությունն ու բախտը չեն գիտակցում ու չեն հասկանում, բայց ես գիտակցում ու հասկանում եմ՝ որ իրենցը շատ մեծ բախտ է, ու հատկապես հիմա ու հենց է՛ս պահին եմ էդ բանն առավել հստակորեն գիտակցում ու հասկանում, որովհետեւ հենց էս պահին «Գրական թերթի» հերթական խմբագրի գրասեղանին երկու միանգամայն թարմ հոդվածներ են հայտնվել, ընդ որում՝ երկուսն էլ իմ դեմ են, ավելի ճիշտ՝ պոեզիայի՛ս դեմ են, այսինքն՝ դեմ են մի բանի, ինչն արդեն հինգ տարուց ավելի է՝ չկա ու գոյություն չունի, ու ես «Գրական թերթի» հերթական խմբագրին վերստին հորդորում եմ չտպագրել էդ հոդվածները ո՛չ թե էն պատճառով, որ շարունակում եմ սիրել ու գնահատել իմ պոեզիան, այլ է՛ն պարզ պատճառով, որ չեմ ուզում հիմնական զբաղմունքիցս կտրվել ու զբաղվել քննադատներիս դեմ համարժեք պատասխաններ մտմտալով, որովհետեւ դա ո՛չ միայն ժամանակի կորուստ եմ համարում, այլեւ՝ հրաժարում միակ սկզբունքիցս, որից մինչ էսօր ոչ մի անգամ չեմ հրաժարվել եւ որը հետեւյալն է՝ երբեւէ որեւէ բան չգրել ուրիշ գրողների եւ նույնիսկ քննադատների դեմ, որովհետեւ միշտ համարել ու հիմա էլ համարում եմ, որ Աստված թեեւ յուրաքանչյուրիս ի՛ր պատկերով եւ ի՛ր նմանությամբ է ստեղծել, բայց իր տաղանդով որեւէ մեկիս չի օժտել, այլ իր տաղանդը բաշխել է բոլորի՛ս վրա, ընդ որում՝ միանգամայն անհավասար է բաշխել, այնպես որ՝ մեկին շատ է բաժին հասել, մյուսին՝ չափազանց քիչ, իսկ երրորդին ընդհա՛նրապես բան չի հասել, եւ վերցնել ու անխնա ոչնչացնել էդ երրորդներին կամ, ավելի ճիշտ, երրորդներիս, պարզապես անմարդկային վայրենություն է, եւ անմարդկային վայրենություն է հատկապես է՛ն դեպքը, երբ էս երրորդնե՛րս ենք միանգամայն անմեղ տեղը հարձակվում էն առաջինների կամ երկրորդների վրա՝ փորձելով ինքներս մեզ ու հատկապես խամ մարդկանց խաբելով համոզել՝ իբր Աստծուց մեզ է՛լ է շնորհքի որոշակի փայ հասել, ու էդպես՝ ինքներս մեզ ու հատկապես խամ մարդկանց խաբելով, մոռանում ենք ու երբեւէ չենք հիշում, որ Աստված, այնուամենայնիվ, մեզ է՛լ է ինչ-որ բան տվել, եւ իր տվածներից ամենաշոշափելին ու ամենաարժեքավորն, իհարկե, Ոսկե օրենքն է, այսինքն՝ ուրիշների հանդեպ մի՛ արա այն, ինչը չէիր ցանկանա, որ ուրիշները քո հանդեպ անեին, եւ սա, փաստորեն, է՛ն միակ օրենքն ու ճանապարհն է, որը շարունակաբար մեզ զսպում ու հետ է պահում տարբեր տեսակի վայրենություններից, եւ ես շարունակաբար միջամտում ու թույլ չեմ տալիս, որ իմ դեմ գրված հոդվածներից մեկնումեկը տպագրվի, որովհետեւ ասված է նաեւ՝ մի՛ սպանաներ, այսինքն՝ մի՛ սպանիր, եւ եթե էդ մարդկանց գրած հոդվածներից մեկը տպագրվեր, ես ստիպված կլինեի մեկական սպանիչ ու միանգամայն անհամարժեք պատասխաններ տալ, բայց էդ ցանկությունն առանձնապես չունեմ եւ ի վիճակի է՛լ չեմ բարձրանալ կամ իջնել էդ երկուսի գրական մակարդակին, քանզի էդ երկուսի գրական սկզբունքների շուրջ մտածելիս՝ անմիջապես հիշում եմ, որ էդ երկուսից առաջինը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է, իսկ երկրորդը՝ կաշառակերների մեծամասնության ներկայացուցիչ, այսինքն՝ շարքային կաշառակեր. է՛ն իմաստով շարքային, որ իր ուսանողներին նաեւ ազգային դրամով մուծվելու հնարավորություն է ընձեռում, եւ եթե իմ էդ սպանիչ պատասխաններում առաջինին հոմոսեքսուալիստ անվանեմ, իսկ երկրորդին՝ կաշառակեր, էլի՛ որեւէ առումով չեմ շահելու, որովհետեւ իմ էդ պատասխաններից հետո առաջինին անմիջապես կկանչեն ու որեւէ բարձր պաշտոն կառաջարկեն, իսկ երկրորդով իրավապահնե՛րը կզբաղվեն, եւ, փաստորեն, խեղճ ուսանողների փողերը մի գրպանից մեկ ա՛յլ գրպան կտեղափոխվեն, եւ, այդ ամենից էլ բացի, կստացվի, որ ես ո՛չ թե էդ մարդկանց հոդվածներին հակահարված տվող եմ, այլ՝ պարզապես գործ տվող, ու Ավետարանից էլ էսպես շարունակաբար ցիտատներ բերելով՝ զբաղվում եմ հենց է՛ն գործով, ինչով ուրիշներին հորդորում եմ չզբաղվել, այսինքն, այսուհանդերձ, իմ հնարավոր ելքերից ամենաանընդունելին հենց արժանի հակահարվածն ու ժամանակի անտեղի վատնումն է, որովհետեւ ինձ համար, այնուամենայնիվ, գրականությունն ու կյանքն իրար շատ մոտիկ բաներ են, եւ եթե ինձ չհաջողվեց դրանք նույնացնել, դա չի նշանակում, որ հիմա էլ պիտի փորձեմ դրանք իրարից լրիվ անջատել՝ ինչպես այդ անում են չերեզ իմ պոեզիա գրական միջավայր սողոսկել փորձող գալուբոյներն ու կաշառակերները, ու հիմա էսպես խորանալով՝ նաեւ սկսում եմ հասկանալ, որ էդ խեղճերն անլիարժեքությունից ու նախանձից են իմ դեմ էդ բաները գրում. նախանձի՛ց, որովհետեւ իրենք իրենց իրական կյանքն ու իրական տարերքն ամաչում են գիր ու գրականություն դարձնել, մինչդեռ ես հեշտուհանգիստ եմ այդ անում, մանավանդ որ՝ Գլավլիտի բացակայությունն ու Քրեական օրենսգրքի փոփոխություններն ինձ հնարավորություն են տալիս անմնացորդ ու ամենայն մանրամասնությամբ անդրադառնալ իմ բաժին օրվա երկրորդ կեսին, եւ եթե դուք կարծում եք, թե Աստված միայն մեր գրողական կամ քաղաքական անցուդարձերին է հետեւում, չարաչար եք սխալվում, որովհետեւ Աստված միաժամանակ ամենուր է՝ ներառյալ խաղատներն ու բուքմեյքերական տարածքները, ու հենց երեկ էլ, երբ Մադրիդում «Ռեալն» ու «Կադիսը» ֆուտբոլ էին խաղում, ու հերթական խաղադրույքս «Ռեալի» վրա էի դրել եւ արդեն ուզում էի խաղադրույքիս կտրոնն աղբարկղը գցել, որովհետեւ խաղին ընդամենը տասնհինգ րոպե էր մնացել, ու «Կադիսն» էլ մեկ-զրո հաղթում էր, այսինքն՝ արդեն որեւէ հույս չունեի, քանի որ կտրոնիս մեջ գրել էի, որ «Ռեալն» է հաղթելու, ընդ որում՝ հաղթելու է ո՛չ թե մեկ, այլ՝ ամբողջ երկու գնդակի տարբերությամբ, եւ երբ արդեն հույսս լրիվ կտրած՝ ուզում էի աղբարկղը գցել կտրոնս ու դուրս գալ «Տոտոյի»՝ Ամիրյանի վրայի բուքմեյքերական տարածքից, հանկարծ մտքովս անցավ՝ «իսկ միգուցե մեր Աստծո՞ւն օգնության կանչեմ»: