Լրահոս
Օրվա լրահոսը

Արծաթե թիմ ենք

Օգոստոս 05,2006 00:00

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների չորրորդ առաջնությունում Հայաստանի ծանրորդները երկամարտում արդեն նվաճել են չորս արծաթե մեդալ:

Տղաների մրցապայքարում մինչեւ 62 կիլոգրամ քաշային կարգում Սեուլի օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին՝ Առաքել Միրզոյանը, պոկում վարժությունն ավարտեց 115 կգ արդյունքով, հրումը՝ 142 կիլոգրամով ու երկամարտի 257 կգ-ով ճանաչվեց այդ տարիքային խմբի Եվրոպայի երկրորդ ծանրորդը: Տեղեկացնենք նաեւ, որ Առաքելը երկու մրցաձեւերում էլ արժանացավ «փոքր» արծաթի:

Թիմակցից ետ չմնաց նաեւ մինչեւ 69 կգ քաշային Դավիթ Գալուստյանը: Առաջին վարժությունում նա սանձեց 115 կիլոգրամը (դա չորրորդ արդյունքն էր), ապա բարձրացրեց 150 կիլոգրամ կշռող ծանրաձողը, որը հավասարազոր էր «փոքր» արծաթին, ու երկամարտի 265 կիլոգրամով դարձավ Եվրոպայի պատանիների երկրորդ մրցանակակիր:

Աղջիկների մրցապայքարում մինչեւ 53 կգ քաշում հանդես էին գալիս մեր հանրապետության երկու ներկայացուցիչներ՝ քասախցի Հեղինե Եփրեմյանն ու գյումրեցի Աննա Գովելյանը: Նրանք երկամարտի արդյունքով՝ 160 եւ 159 կգ-ով, համապատասխանաբար, զբաղեցրին չորրորդ եւ հինգերորդ տեղերը՝ ցույց տալով պոկումում՝ 90 եւ 85, հրումում՝ 160 եւ 159 կիլոգրամ:

Դեռ մրցասպարեզ չի մտել +94 կգ քաշային Ռուբեն Ալեքսանյանը: Նրա հերթը հասնելու է առաջնության վերջին օրը՝ հուլիսի 29-ին:

Շվեդիայում Եվրոպայի առաջնության առաջին երեք օրերի արդյունքներով մասնակիցներն արդեն սահմանել են Հին Աշխարհամասի այս տարիքային խմբի երեք ռեկորդ: Մասնավորապես, 44 կգ քաշային կարգում ռուսաստանցի Եկատերինա Մատվեեւայի՝ պոկումում ցույց տված 71 կգ-ն մեկ կիլոգրամով գերազանցում է նախկին բարձրագույն նվաճումը: Երկրորդ ռեկորդի հեղինակը տղաների մինչեւ 56 կգ քաշային կարգում հանդես եկած ռումինացի Անտոնիու Բուսիի հրում վարժությունում ցույց տված 141 կիլոգրամն է: Եվ երրորդը սահմանել է աղջիկների մինչեւ 53 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճած իսպանացի Մարիա Դե Լա Պուենտեն, ում 76 կգ ցուցանիշը պոկում վարժությունում արդեն ելակետ է բոլորի համար:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031