Համալսարանի շրջանավարտները հավանաբար դեռ երկար կսպասեն
«Առավոտում» տպագրված «Ձեռնարկչություն»՝ մանկավարժականում» վերտառությամբ հոդվածի (18.04.2006թ) առիթով խմբագրությունը 31.07.2006թ. ստացել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանի նամակը: Հիշեցնենք, որ հոդվածում արդեն նախկին «Տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն» ֆակուլտետի (վերջինս այժմ անվանափոխվել է «Ֆիզիկատեխնոլոգիական») 2002-2006թթ. շրջանավարտները մտահոգություն էին հայտնել, որ աշխատանքի ընդունվելու նպատակով դիմել են տարբեր հաստատությունների եւ ստացել միեւնույն պատասխանը՝ ի՞նչ է նշանակում ձեր դիպլոմում նշված մասնագիտացումն ու որակավորումը, առաջին անգամ ենք նման մասնագիտության հանդիպում: Վերջինս դիպլոմում ամրագրված է հետեւյալ գրությամբ՝ Տեխնոլոգիայի եւ ձեռնարկատիրական գործունեության ուսուցչի որակավորում, «Տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն» մասնագիտություն:
Մեզ ուղղված նամակից տեղեկանում ենք, որ 18.07.2006թ. մանկավարժականում տեղի է ունեցել նամակագիր շրջանավարտների հանդիպումը «Ֆիզիկատեխնոլոգիական» ֆակուլտետի ղեկավարության հետ: Նշենք, որ ֆակուլտետի ղեկավարության պատասխանը չի գոհացրել նախկին շրջանավարտներին, որոնք այդ մասին հայտնեցին մեզ:
Նամակում ռեկտոր Ա. Ղուկասյանը գրում է հետեւյալը. «Տեխնոլոգիա» տերմինը շատ լայն հասկացություն է եւ իր մեջ ներառում է բազմաթիվ առարկաներ, որոնք իրենց բնույթով իրարից զգալիորեն տարբերվում են՝ մեքենագիտությունից մինչեւ սննդի տեխնոլոգիա, գծագրությունից մինչեւ բույսերի, կենդանիների խնամք, ավտոմոբիլից մինչեւ հագուստի մոդելավորում եւ կոնստրուկտավորում»: Այսպիսով, ըստ ռեկտորի, «տեխնոլոգիայի» մեջ կարելի է հասկանալ ամեն ինչ, սակայն մենք դա ընկալում ենք որպես ինքնաքննադատություն, որովհետեւ հենց այդ պատճառով էլ չէր կարելի ժամանակին հիմնելով ֆակուլտետը՝ անվանակոչել «Տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն»:
Քանի որ շրջանավարտները նամակ էին հղել նաեւ կրթության նախարարություն, կապվեցինք վերջինիս բարձրագույն կրթության բաժնի գլխավոր մասնագետ Նադյա Անտոնյանի հետ: «Հարցը լսվել է բարձրագույն մասնագիտական կրթության վարչությունում եւ այն դեռ գտնվում է քննարկման փուլում: Նախարարությունը մանրամասն տեղեկատվություն է պահանջել Մանկավարժական համալսարանից: Մենք սպասում ենք պատասխանի՝ խնդրին վերջնական լուծում տալու համար»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ