Որն այլեւս ունի նոր գեղարվեստական ղեկավար
Ժամանակին «Առավոտում» տեղ գտած լուրն այն մասին, որ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Միքայել Կոտոյանը «գրին քարտ» է շահել ու պատրաստվում է Ամերիկա մեկնել, տեւական ժամանակ հերքվում էր հենց իր կողմից՝ իբր նման բան չկա եւ ոչ էլ մտադրություն: Բայց իրականությունն այլ է: Հիմա Մ. Կոտոյանը Նահանգներում է ու, թեեւ նրա վերադարձի մասին պտտվում են լուրեր, բայց դրանք խիստ չափազանցված են:
Թատրոնն անղեկավար չէր մնալու եւ, մեր ունեցած տեղեկություններով, հուլիսի կեսերից գեղարվեստական ղեկավար է նշանակվել ճանաչված թատերագետ, ՕԵԿ անդամ Լեւոն Մութաֆյանը: Տեղեկացնենք, որ նա ժամանակին աշխատել է Երեւանի Հր. Ղափլանյանի, Գյումրիի Վ. Աճեմյանի եւ Արտաշատի Ա. Խարազյանի անվան թատրոններում որպես գեղարվեստական ղեկավարի տեղակալ` խաղացանկի հարցերով: Իր՝ գեղարվեստական ղեկավար նշանակվելու լուրը պրն Մութաֆյանը հաստատեց:
Զարմանալի է, սակայն, որ թատերագետը կես ամիս նոր պաշտոնում է, բայց ոչ նախարարը, ոչ էլ փոխնախարարը նրան չեն ներկայացրել կոլեկտիվին: Իսկ Վանաձորի թատրոնի կոլեկտիվը հայտնի է «էպիստոլյար» ժանրում՝ նամակներ են գրում, բողոքներ: Ի դեպ, ժամանակին մշակույթի էքսնախարարներ Թ. Պողոսյանն ու Հ. Հովեյանը, ըստ մեզ հասած տեղեկությունների, խանգարել են այս կամ այն պաշտոնում համարյա հաստատված Մութաֆյանի նշանակումները չեղյալ համարել: Նորաթուխ գեղարվեստական ղեկավարը սկսեց պատասխանել մեր վերջին հարցից: «Համամիտ եմ: Բայց խանգարողները միայն Պողոսյանն ու Հովեյանը չեն եղել: Աստված նրանց հետ՝ վաղուց մոռացվել են: Ինչ վերաբերում է ինձ կոլեկտիվին ներկայացնելուն, անշուշտ, նախարարը կամ փոխնախարարը պիտի ներկայացնեին, կարգն է այդպես: Ես առանց այդ ամենի էլ սկսել եմ աշխատանքս, որովհետեւ Վանաձորի թատրոնն այսօր պարզապես աշխատեցնելու կարիք ունի: Կան դերասաններ, այդ թվում՝ կոչումներով, օրինակ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը, արտիստներ Սերգեյ Մելիքյանը, Արամ Մխիթարյանը, Օֆելյա Միրզոյանը եւ այլք, որոնց երկար ժամանակահատված կարոտել է հանդիսատեսը»,- ասաց Լ. Մութաֆյանը: Իսկ չի՞ վախենում տնօրեն-գեղարվեստական ղեկավար հավերժական դարձած հակամարտությունից, մանավանդ որ՝ ՊՈԱԿ-ի մասին օրենքով տնօրենն է միանձնյա ղեկավարը: «25 տարի հեռանալով այս թատրոնից, որտեղ աշխատում էի որպես գլխավոր ռեժիսորի օգնական, ես կապերս չեմ խզել: Վախենալու ոչինչ չկա. ես իմ գործը կանեմ, տնօրեն Ալբերտ Ժամհարյանն էլ՝ իրենը: Թատրոնը գեղարվեստական արվեստային կառույց է, այստեղ տնօրենը համակարգողն է, գեղարվեստական ղեկավարը՝ գեղագիտական սկզբունքների մշակողը, խաղացանկային քաղաքականություն իրականացնողը, թատրոնի եւ ժամանակի կապն ապահովողը»,- նշեց պրն Մութաֆյանը:
Ե՞րբ կտեսնենք Վանաձորի թատրոնն իր գեղարվեստական բարձր դիրքերին կանգնած հարցին ի պատասխան էլ ասաց. «Կաշխատեմ վերադարձնել այն համբավը, որ թատրոնն ունեցել է Վահե Շահվերդյանի ղեկավարման տարիներին: Կոտոյանն էլ մի շարք լավ բեմադրություններ է արել: Այս թատրոնում նախադրյալները կայուն են ու ամուր: Համեցեք մեկ տարի հետո, ավելի ճիշտ՝ մենք կգանք Երեւան եւ «կհանձնվենք», ինձ համար ամենակարեւորը՝ հանդիսատեսի դատին: Թող նա էլ որոշի՝ գեղարվեստական ի՞նչ մակարդակի վրա է թատրոնը»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ