Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԸ

Օգոստոս 05,2006 00:00

Ըստ վրացի արվեստագետ Նադիա Ցուլուկիձեի, մշակույթի դերն այս հարցում առաջնային է

Երեկ ՆՓԱԿ-ում բացվեց ժամանակակից արվեստի ցուցահանդես՝ կազմված Հայաստանի, Իրանի, Թուրքիայի եւ Վրաստանի արվեստագետների աշխատանքներից: Ակցիան կազմակերպել է ՆՓԱԿ-ը՝ «Բաց հասարակության օգնության ինստիտուտ» հիմնադրամի հովանավորությամբ եւ «Գաֆէսճեան թանգարան», «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ», «Սոնիա եւ Էդուարդ Պալասանյաններ» հիմնադրամների աջակցությամբ: ՆՓԱԿ-ի հիմնադիր Էդուարդ Պալասանյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ չնայած բազմաթիվ ու բազմաբնույթ առաջարկներին, ադրբեջանցի արվեստագետները հրաժարվել են մասնակցել «Արվեստ առանց սահմանների» ցուցահանդեսին. «Նրանց հավանաբար դուր չի եկել, որ այս կազմակերպման նախաձեռնությունը Հայաստանինն է»: Իսկ ընդհանրապես ցուցահանդեսին մասնակցում է 25 արվեստագետ՝ տարածաշրջանից, բազմաբնույթ ստեղծագործություններով՝ նկարչություն, վիդեո, լուսանկարչություն, ինստալացիա եւ խառը տեխնիկա: «Առավոտը» զրուցեց Վրաստանի ներկայացուցիչ Նադիա Ցուլուկիձեի հետ, որն առաջին անգամ է Հայաստանում: Նա եւ Սոֆյա Տաբատաձեն 2 պերֆորմենս են ներկայացնում: Աշխատանքների գլխավոր շեշտադրումը կոնֆլիկտներն են: Ըստ Նադիա Ցուլուկիձեի, տարածաշրջանի արվեստագետները պարտավոր են բարձրաձայն խոսել կուտակված բոլոր ցավոտ խնդիրների մասին: «Գործընկերուհիս պատմում է, օրինակ, որ Ադրբեջանում արվեստագետները իրենց զգում են կաղապարված ու կտրված աշխարհից, բայց այդ մասին բարձրաձայն չեն էլ համարձակվում խոստովանել: Նույնիսկ Վրաստանում նրանք հայերի հետ սրճարան գնալ-զրուցելու խնդիր ունեն»,- նշեց Նադիան: Նա փաստեց, որ Վրաստանում էլ բազմաթիվ խնդիրներ կան, ուստի կարեւորում է տարածաշրջանի արվեստագետների համախմբումը ու փորձի փոխանակումը՝ անկախ ազգամիջյան կոնֆլիկտներից:

Անդրադարձ եղավ նաեւ արվեստ-քաղաքականություն փոխհարաբերությանը: «Անձամբ ինձ Վրաստանում այսօր ահագին բան դուր չի գալիս, դժգոհ եմ Սահակաշվիլու վարած քաղաքականությունից: Բայց մյուս կողմից՝ մեր ընդդիմությունն ավելի թույլ է, քան իշխանությունը, եւ այսօրվա ընդդիմության հետ հույսեր կապելն անիմաստ է: Այս ամենի համար մեղավոր է ողջ հասարակությունը, առաջին հերթին՝ մտավորականները: Մշակույթի գործիչները նոր գաղափարներ կրողներն են, նրա՛նք պիտի մարդկանց մտածելակերպում փոփոխություններ մտցնեն, թե չէ քաղաքական գործիչներին փոխելով՝ կյանքը չես փոխի»,- վստահ է վրացի արվեստագետը: Ինչպիսին է առաջին տպավորությունը Հայաստանից եւ զուգահեռներ Վրաստանի հետ:

«Շատ էի լսել ձեր երկրի մասին, բայց չէի պատկերացնում, որ այսքան գեղեցիկ բնություն ունի: Մյուս կողմից, որոշ հին հսկայական շենքերը ինձ վրա ճնշող տպավորություն են թողնում՝ հիշեցնելով խորհրդային ժամանակները: Բայց էլիտար շենքերին տուրք տալն էլ ճիշտ չէ՝ ինչո՞ւ ամաչել ազգային ճարտարապետությունից եւ copy-paste անել արեւմտյան ամեն բան: Ի դեպ, նույն միտումը կա նաեւ մեզ մոտ: Վրաստանում ընդհանրապես հասարակության ամենամեծ պրոբլեմը ինքնուրույն մտածել չկարողանալն է: Այդ կարողությունը զարգանում է, երբ կա բազմակարծություն, եւ մարդը տարբեր կարծիքներ համադրելով՝ սեփական կարծիք է կազմում այս կամ այն երեւույթի մասին: Կարճ ասած՝ վերջին տարիներին Վրաստանում ֆեոդալական մտածողություն է տիրում ոչ միայն արվեստում, այլեւ հասարակական կյանքում, քաղաքականության մեջ…»,- նշեց Նադիա Ցուլուկիձեն:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031