Լիբանանը
երախտապարտ է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ ցույց տրվող աջակցության համար:
Այս մասին երեկ, Մամուլի ազգային ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարեց
Հայաստանում Լիբանանի դեսպան Ժեբրայիլ Ժեարան: Մեկնաբանելով վերջին իրադարձությունները
մերձավորարեւելյան տարածաշրջանում՝ դեսպանը հիշեցրեց, որ թեեւ Իսրայելի ղեկավարության
հավաստմամբ գնդակոծությունների թիրախ են դառնում «Հըզբոլլահի» դիրքերը, սակայն իրականում
ոչնչացվում են Լիբանանի ենթակառուցվածքները: Դեսպանի պնդմամբ, հուլիսի 12-ից ի վեր
զոհվել է ավելի քան 1000 լիբանանցի, կա 3 հազար վիրավոր եւ 1 միլիոնից ավելի փախստական:
Երկրին հասցվել է 5 մլրդ դոլարի վնաս: «Միայն այսօր առավոտյան իսրայելական ռումբերը
Լիբանանում ավերել են երեք կամուրջ, որոնցից յուրաքանչյուրի վերականգնման արժեքը
գերազանցում է 50 մլն դոլարը: Ի՞նչ կապ ունի այստեղ «Հըզբոլլահը»,- հարց տվեց դիվանագետը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք «Հըզբոլլահը» շահագրգռված է Լիբանանի դեմ
Իսրայելի գործողությունների շարունակմամբ, քանի որ նրա ձեռքում են իսրայելցի զինվորները,
Ժեբրայիլ Ժեարան նշեց, որ «Հըզբոլլահը» բազմիցս պատանդ է վերցրել իսրայելցի զինվորների,
իսկ հետո Գերմանիայի միջնորդությամբ նրանց փոխանակել պաղեստինցի կալանավորների հետ:
Բայց այս անգամ, լիբանանցի դիվանագետի խոսքերով, Իսրայելը ոչ մի բանակցություն չի
վարել, այլ միանգամից ռազմական գործողություններ է սկսել: Բանախոսը նշեց,
որ Լիբանանի կառավարությունը մշակել է ճգնաժամի կարգավորման ծրագիր, որը նախատեսում
է անհապաղ հրադադարի հաստատում, գերիների փոխանակում, ինչպես նաեւ լիբանանա-իսրայելական
սահմանում միջազգային խաղաղապահների տեղաբաշխում եւ 1949 թ. լիբանանա-իսրայելական
համաձայնագրով հաստատված սահմանների վերականգնում: «Իսկ համաձայնության ձեռք բերման
դեպքում «Հըզբոլլահը» կզինաթափվի եւ կմնա որպես քաղաքական ուժ Լիբանանի խորհրդարանում»,-
նշեց դեսպանը: Նա հաղորդեց նաեւ, որ օգոստոսի 7-8-ը կկայանա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի
հատուկ նստաշրջան, որի ընթացքում հնարավոր է հաջողվի հասնել հրադադարի շուրջ փաստաթղթի
ընդունման: Պատասխանելով տարածաշրջանի վերջին իրադարձություններին Իրանի հնարավոր
մասնակցությանն առնչվող հարցին՝ դեսպանը նշեց, թե բոլորին են հայտնի Իրանի լավ հարաբերությունները
«Հըզբոլլահի» հետ, նրա ազդեցությունը տարածաշրջանում առկա իրադարձությունների վրա,
սակայն իրեն հայտնի չէ, թե արդյոք Իրանը մասնակի՞ց է դրանց: Իսկ ինչ վերաբերում է
Լիբանանի հայկական համայնքին, ապա, Ժեբրայիլ Ժեարայի հավաստմամբ, առայժմ չի տուժել
հայկական եւ ոչ մի հաստատություն: «Ըստ երեւույթին, Աստված շատ է սիրում ու պաշտպանում
է հայերին»,- ենթադրեց Հայաստանում Լիբանանի դեսպանը: Չփորձելով, իհարկե,
ըմբռնել Աստծո նախընտրությունների բարդ համակարգը, փաստենք միայն, որ լիբանանահայերը
պարզապես այնքան խելացի են, որ «Հըզբոլլահին» թույլ չեն տալիս «կատյուշաներ» տեղադրել
հայկական թաղամասում: Սեփ. լր.