Ոստիկանները ապօրինի խուզարկություն են կատարել
լրագրողի բնակարանում: Փնտրում էին վնասված կահույք, բայց այն չգտնելով՝ առգրավել
են թերթեր, լուսանկարներ ու դիսկետներ: Մի քանի շաբաթ առաջ, երբ ՀՀ գլխավոր
դատախազությունում քրգործ հարուցվեց «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի
ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, նրան ծաղրի
ու ստորացման ենթարկած խուլիգանների, թղթակցին կողոպտողների նկատմամբ, որոշ միամիտների
մոտ աղոտ հույսեր արթնացան, թե այս անգամ գոնե լրագրողին սպառնալու համար այս երկրում
ինչ-որ մեկն, այնուամենայնիվ, պատասխանատվություն կկրի: Սակայն պարզվում է,
փորձ է արվում այս գործը շրջել հենց լրագրողի դեմ: Այսպես, երեկ Գ. Շամշյանին հրավիրել
էին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանության բաժին՝ քննչական բաժանմունքի
պետի տեղակալ Վարդան Մեսրոպյանի մոտ: Ընդ որում, հրավերը եղել էր բանավոր՝ առանց
համապատասխան ծանուցագրի: Գ. Շամշյանին հայտնի էր միայն, որ իրեն հրավիրել են համայնքի
որոշ բնակիչների կողմից իր դեմ եղած որոշ դիմում-բողոքների ու հայտարարությունների
հետ կապված, որոնք, չգիտես ինչու, հանկարծ զանգվածային բնույթ էին ստացել: Բանավոր
զրույցի ընթացքում Վ. Մեսրոպյանը թղթակցին տեղեկացրել էր, որ նրա դեմ քրգործ է հարուցված,
բայց չէր ճշտել նրա կարգավիճակն այդ քրգործի շրջանակներում: Քննիչը, ի դեպ, իմ ներկայությամբ
խոստացավ, որ քրգործի հարուցման որոշումն ու դրա հիմքերը, իհարկե, Գ. Շամշյանին կներկայացնի:
Վերջինիս տեղյակ էր պահվել իր դեմ եղած բողոքները, որոնց թվում էր Գ. Շամշյանի վարձակալած
տան տիրոջ ազգականի բողոքը, թե՝ Գ. Շամշյանը վնասել է տան կահույքը: Հետո շատ խորամանկորեն
հիշյալ բաժանմունքի պետի երիտասարդ տեղակալ Մեսրոպյանը Գ. Շամշյանին համոզել էր,
թե միասին գնանք տուն՝ տեսնենք, որ կահույքը վնասված չի ու վերջ: Գ. Շամշյանը նախ
չէր համաձայնել՝ ասելով, որ եթե իր դեմ քրգործ է հարուցված, ինքն առանց պաշտպանի
որեւէ տեղ չի գնա, բայց Գ. Շամշյանի խոսքերով, Վ. Մեսրոպյանն իրեն հավաստիացրել էր,
թե՝ գնանք, եթե չես ցանկանում բնակարանի դուռը բացել, կհրաժարվես ու կգնաս, դրանով
հարցերը կլուծվեն: Գ. Շամշյանը հավատացել էր, իսկ Մեսրոպյանը նրան, ըստ էության,
խաբեությամբ նստեցրել էր մեքենա, իսկ մեքենայում արդեն Գ. Շամշյանը միտքը փոխել էր՝
պնդելով, թե առանց փաստաբանի ոչ մի տեղ չի գնա: Արդեն ուշ էր եղել: Ոստիկանները նրան
ապօրինաբար զրկելով ազատությունից ու նրա կամքին հակառակ, հարկադրաբար տարել էին
տուն: Միայն մուտքի դռան մոտ Գ. Շամշյանին ասել էին, որ իրենք դատարանի որոշում ունեն
նրա տունը խուզարկելու համար: Ի վերջո, «Հելսինկյան միջազգային ընկերակցություն»
իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի, իրավապաշտպան
Արտակ Զեյնալյանի հետ միասին մենք էլ ուղեւորվեցինք Գ. Շամշյանի բնակարան, որտեղ
ոստիկաններն արդեն նրան սպառնացել էին ինքնակամ կերպով բնակարանի դուռը չբացելու
դեպքում ջարդել այն: Ընդ որում, Գ. Շամշյանին թույլ չէին տվել հեռանալ, թեեւ նա ո՛չ
ձերբակալված էր, ո՛չ կալանավորված: Իրավապաշտպանների ու Մեսրոպյանի երկխոսությունն
ավելի քան հետաքրքիր էր: Մ. Դանիելյանը նախ փորձեց պարզել, թե ի՞նչ հիմքով են խուզարկություն
անցկացնում: «Քրեական գործ է հարուցված: Մենք նրան (Գ. Շամշյանին- Ն. Մ.) ո՛չ մեղադրանք
ենք ներկայացրել, ո՛չ էլ որպես կասկածյալ հարցաքննել ենք: Մենք ներկայումս կատարում
ենք զննություն»: Մեսրոպյանն ի պատասխան հնչած հարցադրումների՝ չհերքեց, որ
Գ. Շամշյանը քրգործի որոշմանը ծանոթ չէ ու դրա տակ չի ստորագրել: Կատարված ապօրինությունն
ու Մեսրոպյանի ստերն ավելի քան ակնհայտ էին: Նախ, քրգործ հարուցելու որոշումը նա
Գ. Շամշյանին էր ներկայացրել արդեն նրան հարկադրաբար տուն բերման ենթարկելուց հետո,
նույն պահին էլ հայտարարել էր, թե խուզարկություն կատարելու մասին որոշում կա: Այսինքն՝
ոստիկանությունն ու Մեսրոպյանն անձամբ պատասխանատու են այն բանի համար, որ Գ. Շամշյանին
ժամանակին չեն տեղեկացրել իր կարգավիճակի մասին, հնարավորություն չեն տվել նրան փաստաբան
ունենալու ու քննչական գործողություններ արդեն պաշտպանի ներկայությամբ իրականացնելու
համար: Ավելին, օգտվելով Գ. Շամշյանի, ըստ էության, իրավական տեսանկյունից անօգնական
վիճակից՝ նրան հավաստիացրել են, թե իրենք ընդամենն ուզում են զննել բնակարանը: Ի
դեպ, Մեսրոպյանն այդ նույնը կրկնում էր նաեւ իրավապաշտպանների ներկայությամբ: Երբ
վերջիններս հարցրեցին, թե դատարանն ի՞նչ կապ ունի զննություն անելու համար սանկցիա
տալու հետ, Մեսրոպյանն ինքն իրեն անմիջապես ուղղեց՝ «խուզարկություն է» ու հավելեց.
«Խուզարկության որոշման պատճենը ես վաղը (այսինքն՝ հետին թվով- Ն. Մ.) կտամ իրեն,
պաշտպանը կգա…»: Որ ոստիկանների այս անօրինականությունները մի օր վերածվելու
են Հայաստանի մասին հերթական խայտառակ զեկույցների՝ կասկած, թերեւս, չկա: Պարզ չէ
միայն, թե դրանից արդյոք միայն մեր իշխանություննե՞րը կտուժեն, թե՞ նաեւ երկիրը՝
իր արդեն չեղած հեղինակությամբ ու «անազատ» գնահատված խոսքի ազատությամբ: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ