Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ Է»

Օգոստոս 04,2006 00:00

Օգոստոսի 9-16-ը Արցախում կկայանան Արսեն Սաֆարյանի համերգները

Համերգի եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք երգչի հետ:

– Հետեւելով հայկական հեռուստաալիքներով հայ երգիչների պրոպագանդվելուն, նկատում ենք, որ կարծես առաջին տեղում Անդրեն է, երկրորդում՝ Արսենը, երրորդում՝ Արսեն Սաֆարյանը…

– Իմ կարծիքով՝ նման բան չկա: Կան մի խումբ երգիչներ, որոնց վարկանիշները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են: Երբեւէ չեմ մտածել՝ ես ումից եմ առաջ, կամ՝ ումից հետո:

– Կարծիք կա, որ, օրինակ, Հայկոն ընդամենը 15-17 տարեկան աղջիկների համար երգող տղա է: Իսկ ո՞վ է ձեր հանդիսատեսը:

– Ես այդ կարծիքին չեմ. Հայկոյին համարում եմ գրագետ երաժիշտ, բարձր կուլտուրայով երգիչ: Ինչ վերաբերում է իմ հանդիսատեսին, այն միատարր չէ: Մենահամերգներին տեսնում եմ 11-12 տարեկան երեխաներից մինչեւ սպիտակ մազերով տատիկ-պապիկների:

– Վերջին շրջանում ձեր երգացանկում ավելացել են ռիթմիկ երգերը: Արդյո՞ք շուկային տուրք տալն է պատճառը:

– Մեր ազգը լացող, տխուր ազգ է: Երգերի 80 %-ը լացուկոծ է: Էստեղից էլ կարծիքը, որ մեր էստրադան միապաղաղ ու տխուր է: Դրա համար անհրաժեշտ են աշխույժ, ռիթմիկ երգեր, որ հանդիսատեսը չհորանջի, չհոգնի: Այսօրվա հանդիսատեսը շոու է ուզում, ու կարեւոր չէ, թե այն ինչպես կստեղծես: Ապրիլին կայացած մենահամերգիցս հետո հասկացա, որ մյուս համերգս պիտի էլ ավելի անսպասելի երեւույթներով լիքը լինի…

– Հայ երգիչ-երգչուհիներից ոմանք հաճախ մասնակցում են միջազգային կամ այդպիսին հորջորջվող մրցույթների, իսկ դուք՝ ոչ: Ո՞րն է պատճառը:

– Ես մի անգամ մասնակցել եմ՝ Ղազախստանում, 2004-ին: Կարծում եմ, մրցույթը շատ կարեւոր է արտիստի համար՝ համապատասխան եզրակացություններ անելու առումով: Ինձ առաջարկներ շատ են եղել, բայց ես առհասարակ մրցույթներ չեմ սիրում: Չեմ ընդունում, որ ժյուրի է նստած ու ինձ պիտի գնահատական տա՝ 7, 8, 9… Մինչդեռ արվեստում գնահատականները հարաբերական են:

– Այնուամենայնիվ, եթե առաջարկ լինի «Եվրատեսիլին», «Նոր ալիքին», «Սլավոնական շուկային» եւ այլ մրցույթների մասնակցելու, կընդունե՞ք:

– Չգիտեմ, գուցե՝ այո, գուցե՝ ոչ: Եթե պիտի բզկտվեմ այն մարդկանց կողմից, ովքեր կասեն, որ իմ փոխարեն, օրինակ, Պողոսը պիտի գնար, ավելի լավ է՝ չգնամ: Կարծում եմ, հեղինակավոր մրցույթներին մասնակցելու համար պետությունը պիտի ներկայացնի երգչին, որի համար նախ պիտի ստեղծվի խորհուրդ: Ու այդ խորհրդի անդամները չպիտի լինեն այն մարդիկ, ովքեր չեն հասկանում՝ այսօր ինչ է կատարվում:

– Ձեր կարծիքով այսօր ո՞ր փուլում է հայկական շոու-բիզնեսը՝ սաղմնային վիճակո՞ւմ է, արդեն ծնվե՞լ է…

– Ինձ թվում է, որ 6-րդ դասարանի մակարդակի է: Ասել, որ շոու-բիզնես չկա՝ սխալ է, ասել՝ կայացած է, դարձյալ ճիշտ չի լինի: Իսկ ատեստատ կստանա, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Այսօր մեր երգիչներին շատ բան է պակասում… Ցավոք, հայկական էստրադայի ամենամեծ պրոբլեմն այն է, որ ոչ ոք չի ուզում բեմում շարժվել: Մտածում են՝ բավական է 3 կիլոմետրանոց երգ երգեն ու իրենց բրավո կասեն…Անցել են այդ ժամանակները, երգիչը պիտի հետեւի արտաքինին, զբաղվի սպորտով, պարարվեստով…

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել