Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻՑ

Օգոստոս 04,2006 00:00

Հայոց
լեզու բանավոր քննությունից մինչ օրս միայն մեկ հոգի է 20 ստացել, իսկ 18 եւ 19 միավորներ՝
ընդամենը 8 հոգի: Այսպիսի արդյունքները հասկանալի են նաեւ առանց մասնագետների
պարզաբանումների. պատճառը դիմորդների քիչ կարդալն է, ինչն էլ վերջին տարիներին հանգեցրել
է հայոց լեզու եւ գրականություն, ինչպես նաեւ լրագրություն մասնագիտությունների ցածր
մրցույթի, այն դեպքում, երբ մինչեւ 8-10 տարի առաջ բանասիրությունն ամենահեղինակավոր
մասնագիտություններից էր: «Կան ե՛ւ շատ լավ պատասխաններ, ե՛ւ միջին գնահատականներ,
ե՛ւ շատ թույլ պատասխաններ: Սակայն ընդհանուր մակարդակը միջին է՝ 12-15 միավոր: 8-ի
սահմանը հաղթահարել չկարողացող դիմորդների թիվն էլ է մեծ»,- ասում է հայոց լեզու
բանավոր առարկայական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լարիսա Մնացականյանը: Այս քննության
ժամանակ դիմորդները պետք է պատրաստված լինեն եւ հայոց լեզվին, եւ հայ գրականությանը
վերաբերող հարցերին, եւ պարզվում է, որ եթե դիմորդը թույլ է, ապա թույլ է հավասարապես
երկու առարկաներից: «Եթե երեխան լավ է պատասխանում, երկու առարկաներից էլ բարձր արդյունքներ
են գրանցվում: Այնպիսի դեպք չի եղել, երբ լեզուն շատ լավ իմանան, գրականությունը՝
վատ, կամ հակառակը»: Ծնողների եւ դիմորդների շրջանում տարածված կարծիքը, թե
հիմնականում երեխաները դժվարանում են հայոց լեզվից, Լ. Մնացականյանը թյուր է համարում.
«Շատերին թվում է, թե գրականությունը հեշտ է: Սակայն՝ ընդհակառակը, այն յուրացնելու
համար հարկավոր է եւ բնագրերի ընթերցում, եւ ինչ-որ չափով գրականագիտական ունակություն՝
երկը հասկանալու, վերլուծելու հմտություններ»: Սակայն ծնողներից շատերը մեզ հետ զրուցելիս
դժգոհեցին, թե այս ամենին բավարարելու համար պետք է պարզ, հասկանալի դասագրքեր ունենալ.
«Հատկապես 10-րդ դասարանի գրականության դասագրքերը շատ անհասկանալի են երեխաների
համար: Տվյալ երկն այնպես է մատուցվում, որ երեխան կարդալով ոչինչ չի հասկանում:
Ավելի հեշտ են նյութը հասկանում հին դասագրքերով»,- ասաց ծնող Անահիտ Մխիթարյանը:
Դիմորդներից շատերն էլ ամենից շատ անհանգստանում են, թե ինչպես են քննության ժամանակ
ապացուցելու, որ իրենք կարդացե՞լ են տվյալ գործը: Շատերը մեզ պատմեցին, թե
լսել են, որ քննող դասախոսները «մանր-մունր» հարցերի վրա են հիմնվում. «Քննող դասախոսի
համար ամենեւին կարեւոր չէ մանրամասն հարցերով պազել, թե տվյալ երկը դիմորդը կարդացել
է, թե՝ ոչ: Ամենախոշոր հարցերում էլ երեւում է նրա կարդացածությունը, բոլորովին էլ
պետք չեն մանրամասնությունները: Երբ երեխան խոսում է գլխավոր հերոսների վերլուծությամբ,
բնութագրմամբ, դասախոսի համար արդեն հասկանալի է դառնում՝ նա դասագրքային վերլուծությո՞ւնն
է անգիր ասում, թե՞ իր իմացությամբ եւ տրամաբանությամբ է երկը վերլուծում»,- դիմորդներին
վստահեցնում է Լարիսա Մնացականյանը: Քանի որ շատ են խոսում դիմորդների քիչ կարդացածության
աստիճանից, զարմանալի չեն նաեւ քննության ժամանակ գրանցված զավեշտական, գիտելիքից
դուրս «հայտնագործությունները»: Օրինակ՝ «Վերք Հայաստանի» վեպին անծանոթ մի դիմորդ
այն ներկայացրել է այսպես. Աղասին եկավ ու ազատեց թագուհուն կապանքներից, քանի որ
թագավորը չէր կարող պաշտպանել նրան: Թագուհին աղջկա անուն է, իսկ դիմորդը այն դարձրել
է իր հորինած «Վերք Հայաստանի» վեպի թագուհի-հերոս: Մեկ ուրիշ դիմորդ էլ,
երբ խոսում էր Ավետիք Իսահակյանի կենսագրության մասին, սխալմամբ ասաց, թե նա եղել
է «Վերնատուն» խմբագրության անդամ: Մեկ այլ դեպքում, երբ առարկայական հանձնաժողովի
նախագահ Ռիտա Սաղաթելյանը դիմորդին դերբայներին վերաբերող հարցեր տվեց, որ որոշի՝
նա կարո՞ղ է ստանալ բավարար, թե՝ ոչ, դիմորդը դժգոհեց. «Ախր հենց դրանից եմ թույլ,
դուք էլ այդ թեմայից եք հարցնում»: Նա հույս ուներ, որ հայոց լեզու բանավոր քննության
8 միավորը կգումարի պատմության 5-ին եւ կընդունվի: Այս քննության ժամանակ պատմաբանների
«ժլատությունը» մեղմացրեց Սաղաթելյանը, եւ աղջիկը ստացավ մի բավարար: «Սա հասկանալի
է, քանի որ գրականությունը ինչ-որ չափով անտեսվում է հասարակության կողմից: Ունենք
հմուտ ուսուցիչներ, բայց աշակերտների մեծ մասը չի հետաքրքրվում գրականությամբ, քանի
որ ունի կյանքի պահանջներին համապատասխանող իր նախընտրած մասնագիտությունները: Իսկ
նրանց համար գրականությունը երկրորդական, երրորդական է: Թույլ երեխաներն էլ, ովքեր
որեւէ տեղ չեն կարող ընդունվել, գալիս-ուզում են դառնալ բանասերներ: Իհարկե, գալիս
են նաեւ իսկապես ձգտում ունեցող դիմորդներ»,- ասաց Լարիսա Մնացականյանը: Սակայն վերջիններիս
թիվը, պարզվում է, շատ քիչ է: Դե, բնական է. ինչպես ասվում է բոլորովին վերջերս իշխանական
ամենաբարձր օղակներում ծնված հայտնի աֆորիզմում, անցել են գիրք կարդալու ժամանակները:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել