Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին գյուղապետի մեղքերը

Օգոստոս 04,2006 00:00

Դալար գյուղի ներկայիս գյուղապետը բացահայտում է իր նախորդի «կրիմինալները»

Այս տարի Արարատի մարզի Դալար գյուղում բերքատվությունը եղել է սպասվածից կրկնակի պակաս, բացի այդ, կիսով չափ կրճատվել են հացահատիկային ցանքատարածությունները: Պատճառը ոչ երաշտն է, ոչ գարնանային առատ տեղումները, ոչ էլ կարկուտն ու ցրտահարությունը: Ըստ Դալարի գյուղապետ Տիգրան Պետրոսյանի, գյուղի խնդիրների հիմնական մեղավորը նախկին գյուղապետ Գեղամ Բադալյանն է, որն իր պաշտոնավարման տարիներին նախագահին ու վերադաս իշխանավորներին Դալարի նիստուկացի, սոցիալական վիճակի ու գյուղացու խնդիրների մասին սուտ-սուտ տեղեկություններ է տվել. «Եթե գյուղացին բողոքում է կառավարությունից, դա գյուղապետի սխալ աշխատանքից է: Նախագահը կամ վարչապետն ի՞նչ իմանան, թե գյուղում վիճակը ոնց է, եթե գյուղապետը նրանց ճիշտ ինֆորմացիա չտա, իսկ գյուղացուն շատ բան պետք չի, նրան ուշադրություն է պետք, որ իրեն անտեր չզգա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պարոն Պետրոսյանը: Ըստ նրա, «նախորդ գյուղապետը հարկերի դիմաց գյուղացիներից ցորեն է վերցրել ու չեկերը չի տվել, գյուղացիներն էլ այս տարի չեն ցանել, դրա համար էլ ցանքատարածությունները պակասել են»: Մեր հարցին, թե դուք հարկերի դիմաց ցորեն չե՞ք վերցնում, ներկայիս գյուղապետը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ, դա ինքն իրենից կրիմինալ է»: Իսկ թե ինչով կավարտվի Գեղամ Բադալյանի կատարած «կրիմինալները»՝ առայժմ դատախազությունը հետաքննություն է անցկացնում:

Բնական է, որ եթե խոսքը ներկա պաշտոնյայի մասին լիներ՝ ոչ ոք նրա կատարած սխալների ու խախտումների մասին այդքան հանգիստ ու բացեիբաց չէր խոսի, բայց քանի որ գյուղապետն արդեն կորցրել է իր աթոռն ու նախկին իշխանությունը, նույնիսկ Արարատի մարզպետն է հարկ համարել հանձնաժողով կազմել ու Գեղամ Բադալյանի բոլոր խախտումները ջրի երես հանել: Արդյունքում՝ այժմ մարզի դատարանում նախկին գյուղապետի դեմ գործ է քննվում: Տիգրան Պետրոսյանի տեղեկություններով՝ Գ. Բադալյանը Դալարի փոստի նախկին շենքը 98 տարի ժամկետով, որպես վարձակալ, պայմանագրով ձեւակերպել է իր վարորդի անունով, եւ դա այն դեպքում, երբ ինքը նույնիսկ ընտրված չի եղել եւ առանց աճուրդի ու վարձավճարների օրենքով սահմանման՝ պայմանագիր է կնքել: Եթե դատարանը պայմանագիրն ապօրինի համարի, ըստ Տ. Պետրոսյանի, շենքը կծառայեցվի որպես գյուղի գրադարան կամ մշակույթի տուն:

Այժմ, երբ գյուղապետը փոխվել է, Դալարի վիճակը, ըստ էության, չի բարելավվել. նույն խնդիրներն առկա են. «Ջուր տալիս են, չենք կարա ժխտենք, բայց հարցն էլ էն ա, թե երբ են տալիս, պոմիդորը պտի երկու-երեք օրը մեկ ջրենք, բայց եղել ա, որ 4-5 օր ընդհանրապես ջուր չեն տվել, ծաղիկները վրից լրիվ թափվել ա, էլ իրանց տված ջուրն ումն ա պետք»,- բողոքեցին դալարցիները: Այս օրերին գյուղում նաեւ խմելու ջուր չկա, խողովակները մաշված լինելու պատճառով այն միայն ժամանակ առ ժամանակ է լինում, որոշ թաղամասեր կլոր տարին ընդհանրապես ջուր չեն ունենում: Գյուղապետն այս խնդրի հետ կապված դալարցիներին իբր մխիթարեց. «Ջրամատակարարման հարցը լուծելու համար գյուղի վերին հատվածում պետք է կառուցվի ջրամբար, սակայն գումար չլինելու պատճառով մենք ոչինչ անել չենք կարող»:

Մեր տեղեկություններով՝ այդ ջրամբարի կառուցման համար անհրաժեշտ է մոտ 25-30 հազար դոլար, որը ֆինանսավորելու համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախնական համաձայնություն է տվել:

ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել