Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԸ ՇՈԳԻՑ ԹԹՎՈՒՄ Է

Օգոստոս 04,2006 00:00

Խանութպանները մեղքը գցում են արտադրողների, արտադրողները՝ որակի տեսչության, տեսչությունն էլ՝ թաղապետարանների վրա:

Ամռան այս շոգին խանութներից, նույնիսկ հանրահայտ սուպերմարքեթներից հաճախ սպառողները գնում են թթված կաթնամթերք. հերմետիկ տուփերով եւ պիտանիության ժամկետի մեջ գտնվող քամած մածունը լինում է պղպջակներով, թթվասերը՝ փառակալած, կաթնաշոռն ու կաթը՝ փսորված: Բանն այն է, որ կաթնամթերքների տուփերի վրա հստակ նշված է, թե այն որ ջերմաստիճանում պետք է պահպանել: Օրինակ՝ կաթնաշոռը պետք է լինի +2+6 աստիճանում, հակառակ դեպքում կորցնում է որակական հատկությունները: Այս առնչությամբ մենք մայրաքաղաքի մի շարք խանութներում ուսումնասիրություն կատարեցինք՝ պարզելու, թե խանութպանները հաշվի առնո՞ւմ են արտադրանքի վրա նշված ցուցումները: Շատ խանութներում մեր հարցը դեռ չավարտած՝ վաճառողներն արդեն մեզ դուրս էին վռնդում՝ գոռալով. «աղջիկ ջան, եթե բան չես առնում՝ դուրս արի»: Շատ կրպակատերեր ընդհանրապես տեղյակ չէին, թե որ կաթնամթերքն ինչ ջերմաստիճանում պետք է պահվի: Նրանք վստահ լինելով, որ ամեն ինչ ճիշտ են արել՝ ստիպում էին մեզ բացել սառնարանն ու համոզվել, որ «շատ սառն է», մինչդեռ բոլորովին էլ պարտադիր չէ, որ դրանք շատ սառցակալած լինեն: Խանութներից մեկում ընդունեցին, որ իսկապես սպառողներից շատ բողոքներ են լինում. «բերում-հետ են տալիս, ասում են թթված ա, կաթը կտրված ա, բայց տուփի վրա նայում եմ՝ ժամկետի մեջ ա, մենք ապրանքը վերցնելուց հո չենք բացի մեջը նայենք, համտեսենք, որ իմանանք՝ ինչ վիճակում ա, կաթնամթերքն ավելի շուտ ոչ թե խանութներում ա փչանում, այլ մատակարարների մեքենաներում. բուտկա-Մոսկվիչով տվարոգ են բերում, բա ի՞նչ կլինի»:

Սակայն արտադրող ընկերությունները «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրին, որ իրենց մեքենաները լրիվ համապատասխանում են միջազգային ստանդարտներին, այնտեղ տեղադրված են հերմետիկ սառնարաններ եւ արտադրանքը պարզապես չէր կարող մեքենայում թթվել կամ փչանալ: «Աշտարակ կաթ» ընկերության գրասենյակի պատասխանատուն վստահեցրեց, որ իրենց արտադրանքը սպառողին նորմալ վիճակում հասցնելու համար մեծ քանակությամբ սառնարաններ են տեղադրել խանութներում, բայց իրենք չեն կարող որակի տեսչության գործն անել ու վերահսկել ամբողջ դաշտը, իրենք արտադրող են, վերահսկող չեն. «Մենք այնքան ենք մտահոգվել այդ խնդրով, որ ստացած եկամտով սառնարաններ ենք խանութներին բաժանել ու դեռ շահույթ չենք ապահովել»: «Մարիաննա» ընկերությունից նույնպես հայտնեցին, որ իրենք էլ են սառնարաններ տեղադրել խանութներում, նույնիսկ վերջերս Կոմիտասի եւ Դավիթաշենի թաղամասերում անձնական մոնիտորինգ են անցկացրել ու պարզել, որ վաճառողները «խալտուրա» չեն անում եւ ընկերության արտադրանքը հենց իրենց սառնարաններում են պահում՝ նորմալ վիճակում: Բայց ընկերության գրասենյակի պատասխանատուն նկատեց, որ մայրաքաղաքում մոտ 6000 մանրածախ առեւտրի կետ կա եւ մեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չէ բոլորին սառնարաններով ապահովել. «Մեզնից ինչ հասնում է՝ անում ենք, մեր առաքիչներն էլ ամեն օր կամ օրումեջ ապրանք տանելիս պարտադիր հետեւում են, բայց դրանից ավելի մենք ոչինչ չենք կարող անել»:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության որակի տեսչության պետի տեղակալ Գեւորգ Գյոզալյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենք ամեն ինչ վերահսկում են, ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ ամբողջ հանրապետությունում պարբերաբար ստուգումներ են անցկացնում, այցելում բոլոր խանութներ: Այդ ստուգումների արդյունքում, որքան էլ զարմանալի է՝ որակի տեսչությունը եկել է այն եզրակացության, որ «ամեն ինչ նորմալ է»: Մեր հարցին, թե հանրապետությունում ոչ մի փչացած կաթնամթերք չե՞ն վաճառում, նա պատասխանեց՝ «դե, կարող է սառնարանը վատը լինի՝ ապրանքը փչանա, բայց այս կամ այն խանութում սառնարան կա՞, թե՝ չէ, լա՞վն է, թե՝ վատը՝ դա մեր խնդիրը չէ, այն պիտի վերահսկեն տեղական ինքնակառավարման մարմինները՝ գյուղապետարանները, թաղապետարանները»: Այսինքն, ստացվում է՝ թաղապետարանները պետք է իրենց բանուգործը թողնեն՝ ընկնեն խանութներում սառնարանների որակը ստուգեն:

ԼՈՐԱ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել