Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-Ն ՈՒԶՈՒՄ Է ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ

Օգոստոս 04,2006 00:00

ՀՀՇ-Ն
ՈՒԶՈՒՄ Է ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ «Հայոց համազգային շարժումն»
այն քաղաքական ուժն է, որը ժողովրդին ազատելու է այս իշխանություններից»,- «Ազատություն»
ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Անդրադառնալով
Հայաստանի խոշոր գործարարների կողմից հնարավոր օգնությանն առնչվող հարցին` Ա. Զուրաբյանը
հայտարարել է, թե՝ «խոշոր գործարարները սկսում են օգնել այն քաղաքական ուժին, որից
մտավախություն ունեն», ասել է թե՝ «տեսնելով, որ հնարավոր է, որ այս կամ այն քաղաքական
ուժը հաջողություն ունենա, փորձում են մեկ քայլ առաջ գնալ»: Ա. Զուրաբյանի համոզմամբ,
գործարարներն առայսօր ընդդիմության դաշտից «լավ բերք» չեն սպասել, սակայն, ինչպես
վստահ է ՀՀՇ վարչության նախագահը, «սպասելու են, որովհետեւ ՀՀՇ-ն այն քաղաքական ուժն
է, որը այս հասարակությանը ազատելու է այս իշխանություններից»: Ըստ աղբյուրի,
ՀՀՇ-ն հակված չէ մենակ գնալու խորհրդարանական ընտրությունների: «Կարծում եմ, քաղաքական
թիմով կգնանք, ու որոշակի համաձայնության դաշտ կլինի, որտեղ կտեսնենք քաղաքական ուժեր,
որոնց հետ համակարծիք ենք եւ նույն ձեւով ենք տեսնում Հայաստանի զարգացումը»,- ասել
է ՀՀՇ վարչության նախագահը, ով միաժամանակ հայտարարել է, որ ՀՀՇ-ն ակնկալում է մեծամասնություն
ստանալ խորհրդարանում՝ ընդ որում, «մեծամասնություն ստանալը ոչ թե մաքսիմում ծրագիրն
է, այլ նրա համար է, որպեսզի նախագահական ընտրություններում ունենանք մեր նախագահը»:
Հարցին, թե արդյոք ՀՀՇ-ի հե՞տ է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը,
Զուրաբյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի լիդերն է, բնականաբար, չի կարող
այլ տեղ լինել»: Ի դեպ, Ա. Զուրաբյանն անդրադառնալով ՀՀՇ-ի ու նախկին իշխանությունների
սխալներին՝ շեշտել է, որ այդ սխալներից մեկն էլ եղել է այն, որ ժամանակին իրենց թիմում
են եղել այնպիսի մարդիկ, ինչպիսիք են՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: ՀՀՇ
վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում սկսելու
է լույս տեսնել կուսակցության «Հայք» պաշտոնաթերթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել