Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն 900 զոհ Լիբանանում

Օգոստոս 04,2006 00:00

Արդեն
900 զոհ Լիբանանում Մալայզիայում ընթացող Իսլամական կոնֆերանսի
կազմակերպության գագաթաժողովի մասնակիցներին հղած վիդեոուղերձում Լիբանանի վարչապետ
Ֆուադ Սինիորան հայտարարել է, որ իր երկրում ավելի քան երեք շաբաթ շարունակվող ռազմական
գործողությունների արդյունքում զոհվել է շուրջ 900 մարդ, 3 հազարը վիրավորվել է:
Նրանց մեկ երրորդը, ի դեպ, մինչեւ 12 տարեկան երեխաներ են: Ըստ AP-ի, Լիբանանի վարչապետը
նաեւ նշել է, որ «Իսրայելի գործողությունները ամայացնում են երկիրը եւ կաթվածահար
անում տնտեսությունը»: Մինչդեռ «Ռոյթերը» հաղորդում է, որ Իսրայելի ռազմաօդային
ուժերը հինգշաբթի գիշերը շարունակել են ռմբահարվածներ հասցնել Լիբանանի մայրաքաղաք
Բեյրութի հարավային արվարձանին: Ականատեսների վկայությամբ, առնվազն երեք հզոր պայթյունները
նոր ավերածությունների պատճառ են դարձել: Սա իսրայելական ինքնաթիռների առաջին ավիահարձակումն
է վերջին մի քանի օրերին: Զոհվածների եւ վիրավորների մասին առայժմ հաղորդումներ չկան:
Ինչպես հիշեցնում է «Ֆրանսպրես» գործակալությունը, Բեյրութի հարավային արվարձանները,
որոնք համարվում են «Հըզբոլլահ» խմբավորման հենակետերը, արդեն զգալի չափով ավերվել
են նախորդ հարձակումների հետեւանքով: Երեկ հայտնի դարձավ, որ Եվրոպայի Խորհրդի
Խորհրդարանական վեհաժողովը դատապարտել է Իսրայելի ներխուժումը Լիբանան: «Ֆրանսպրեսի»
հաղորդմամբ, կազմակերպության նախագահ Ռենե վան դեր Լինդենի հայտարարության մեջ ասվում
է, որ Իսրայելի կողմից Լիբանանում անհամարժեք ուժի կիրառումը, հատկապես քաղաքացիական
նշանակետերին հասցված հարվածները, միանգամայն անընդունելի են եւ հանդիսանում են միջազգային
իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ խախտում: «Այդպիսի քաղաքականությունը ձեռնտու է
ահաբեկիչներին եւ նրանց սատարողներին»,- հայտարարել է վան դեր Լինդենը: «Նոյյան
տապանի» հիշեցմամբ, իսրայելական ագրեսիայի համաշխարհային դատապարտումը հատկապես սաստկացավ
այն բանից հետո, երբ հուլիսի 30-ին հիսուն խաղաղ լիբանանցիներ զոհվեցին Լիբանանի
հարավային Կանա գյուղի ռմբակոծության հետեւանքով: Չնայած դրան, ԱՄՆ-ը հուլիսի 30-ին
շրջափակեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ընդունումը, որն ակնհայտորեն դատապարտում
էր Իսրայելի գործողությունները Կանայում: Ամերիկացիների ճնշմամբ բանաձեւի սկզբնական
տեքստից անհետացավ կրակն անհապաղ դադարեցնելու պահանջը: Միեւնույն ժամանակ, օգոստոսի
1-ին Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան թույլ չտվեցին ընդունել Եվրոպայի Խորհրդի հայտարարությունը,
որի նախագիծը քննարկվում էր ԵՄ արտգործնախարարների արտահերթ նիստում: Դրանում ասվում
էր, որ Եվրոպայի Խորհուրդը հանդես է գալիս Լիբանանում կրակն անհապաղ դադարեցնելու
օգտին: Երեկ ԱՄՆ-ին անսպասելի սուր քննադատության է ենթարկել
նրա դաշնակից Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլա Գյուլը: «ԱՄՆ-ի ժողովրդավարական արժեքային
համակարգը մեծապես հարված ստացավ Լիբանանի պատերազմի պատճառով»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել