Լրահոս
Օրվա լրահոսը

Ասա՝ մեռնենք, էլի

Օգոստոս 04,2006 00:00

Հայաստանում ժողովրդավարության իրավիճակը երբեք
այսքան խիստ չի գնահատվել Միջազգային հեղինակավոր «Human rights watch» կազմակերպությունն
օրերս հրապարակել է իր զեկույցը, մասնավորապես՝ Հայաստանում մարդու իրավունքների
պաշտպանության ու ժողովրդավարության ոլորտում տիրող իրավիճակի մասին: Ինչպես փոխանցում
է «Ազատություն» ռ/կ-ն, այս անգամ եւս այդ կազմակերպությունը բավականին ցածր է գնահատել
Հայաստանում, մասնավորապես, արդար կառավարման ու Մարդու իրավունքների ոլորտում տիրող
իրավիճակը: Հայաստանի վերաբերյալ կազմակերպության զեկույցում, ըստ աղբյուրի, անդրադարձ
կա այս եւ այլ ոլորտներին՝ առանձին-առանձին, այդ թվում՝ մեր երկրում 1998-ից ի վեր
տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Այսպես, ըստ աղբյուրի, կազմակերպությունն
արձանագրել է. «Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ՝ 1998 եւ 2003 թվականներին հռչակվել
է լուրջ խախտումներով անցկացված նախագահական ընտրությունների հաղթող: Քաղաքական ընդդիմախոսները
հրաժարվել են ճանաչել նրա լեգիտիմությունը: Քոչարյանի վարչակազմի գործունեությունը
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային հանրության կողմից շարունակաբար
թերի է որակվում: Իրավիճակն այս բնագավառում ահագնացավ 2004թ.-ին, երբ իշխանություններն
աննախադեպ ճնշման ենթարկեցին Հայաստանի ընդդիմությանը՝ ներառյալ ձերբակալությունները
եւ նույնիսկ բռնությունները»: Անդրադառնալով ՀՀ-ում անցկացված ընտրություններին՝
«Human rights watch»-ն արձանագրել է. «Անկախությունից հետո Հայաստանում տեղի ունեցած
բոլոր համընդհանուր ընտրությունները, այս կամ այն չափով, ուղեկցվել են լցոնումներով,
քվեարկության կեղծումներով եւ նման այլ խախտումներով: ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդները լուրջ
խախտումներ են արձանագրել հայաստանյան վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում:
Նրանք փաստել են, որ ընտրությունները չեն համապատասխանել արեւմտյան չափանիշներին:
Նման հայտարարություններն ավելի մեծ կշիռ են հաղորդում ընդդիմության այն պնդումներին,
որ ընտրություններն ակնհայտորեն կեղծվել են»: Կազմակերպության զեկույցում
հետադարձ հայացք կա նաեւ 2005թ. սահմանադրական հանրաքվեին: Ըստ այդմ՝ «անցած տարվա
նոյեմբերի 27-ին կայացած վիճահարույց սահմանադրական հանրաքվեն ավելի ընդգծված դարձրեց
երկրում ձեւավորված ընտրական կեղծիքի մշակույթը: ԵԽ դիտորդական խումբը լուրջ կասկածի
տակ առավ պաշտոնական արդյունքների հավաստիությունը: Ընտրողների չափազանց ցածր ակտիվությունը
չի համապատասխանում այն բարձր թվերին, որոնք հրապարակել են ընտրական հանձնաժողովները:
Հայաստանի ընդդիմությունը, որը բոյկոտեց քվեարկությունը, պնդում է, որ հանրաքվեին
մասնակցել է ընտրողների մոտ 16 տոկոսը»: Ինչ վերաբերում է այդ նույն սահմանադրական
փոփոխություններին, ապա դրանք գնահատելով՝ «Human rights watch»-ն արձանագրել է.
«Հայաստանի ժողովրդավարացմանը խոչընդոտում է կառավարման խիստ միակողմանի համակարգը,
որը լայն իշխանություն է տալիս հանրապետության նախագահին: Հանրաքվեով հաստատված սահմանադրական
փոփոխությունները այդ իշխանության մի մասը փոխանցում են կառավարությանն ու խորհրդարանին:
Նախագահն, օրինակ՝ այլեւս չի կարողանալու պաշտոնազրկել վարչապետին եւ ինքնակամ լուծարել
խորհրդարանը: ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ ԵԽ-ն հավանություն են տվել այս փոփոխություններին,
սակայն Հայաստանի ընդդիմությունը դա բավարար չի համարում եւ պնդում է, որ իշխանությունները
նախեւառաջ պետք է հարգեն գործող օրենքները: Չնայած սահմանադրական բարեփոխումներին,
ՀՀ նախագահը պահպանելու է պետական ամենահզոր պաշտոնյայի կարգավիճակը»: Զեկույցում
անդրադարձ կա նաեւ հայաստանյան ԶԼՄ-ների վիճակին: Հրապարակված գնահատականների համաձայն,
«ՀՀ ԶԼՄ-ները գործում են անբարյացակամ միջավայրում: Իշխանությունները շարունակում
են խիստ վերահսկողության տակ պահել պետությանը պատկանող ՀՀ հանրային հեռուստատեսությունը
եւ գործնականում բոլոր մասնավոր հեռուստաընկերությունները, որոնք պատկանում են Քոչարյանի
նկատմամբ լոյալ տրամադրված գործարարներին եւ հազվադեպ են հեռարձակում նրա վարչակազմին
քննադատող նյութեր: Դրանց թղթակիցները, ենթադրաբար, աշխատում են խմբագրական գրաքննության
պայմաններում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել