Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕԵԿ-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ»

Օգոստոս 04,2006 00:00

Ասում
է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը – Պարոն Շահգելդյան, ինչո՞վ է զբաղված
«Օրինաց երկիրը» ամառվա այս շոգին: – Ամառը, որպես կանոն, արձակուրդների շրջան
է։ Սակայն ՕԵԿ-ը իր ստեղծման օրվանից երբեք ամբողջական արձակուրդում չի եղել։ Կուսակցությունը
խոշոր, անընդհատ համալրվող քաղաքական ուժ է, եւ աշխատանք միշտ կա։ Այս ընթացքում
կուսակցությունը զբաղված էր կազմակերպչական, վերլուծական աշխատանքով։ Հազարավոր մարդիկ
դիմումներ են ներկայացրել ՕԵԿ շարքերը համալրելու համար։ Կազմակերպվում էր նրանց
ընդունելությունը։ Աշխատում ենք նաեւ օրինագծերի փաթեթների վրա, մասնավորապես` «Ընտրական
օրենսգրքի»։ Այնպես որ, բազմաթիվ խնդիրներ կան, եւ ՕԵԿ-ն աշխատում է դրանց լուծման
ուղղությամբ։ – Ընդդիմություն դառնալուց հետո որո՞նք են լինելու կուսակցության
հետագա քայլերը։ – Գաղտնիք չէ, որ ՕԵԿ-ը միշտ էլ ակտիվ է եղել իր գործունեության
մեջ եւ առաջիկայում էլ կշարունակի ակտիվ քաղաքական գործունեությունը` իր սկզբունքներին
համապատասխան։ Մեր ուշադրության կենտրոնում են լինելու երկրի ժողովրդավարացման, մաքուր
ընտրությունների, չինովնիկական չարաշահումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու
իրավունքների պաշտպանության խնդիրները։ Մասնավորապես՝ մարդկանց բնակարանային իրավունքների
պաշտպանության հիմնահարցերը, որոնք առնչվում են Բուզանդի, Կոզեռնի եւ այլ թաղամասերի
բնակիչներին։ Մենք միշտ եղել ենք, կանք եւ մնում ենք սկզբունքային քաղաքական ուժ։
– Էլեկտրոնային թերթերից մեկում տեղեկություն կար այն մասին, որ ԱԺ-ում աշխատակազմի
կրճատումներ են կատարվում. ձեր կարծիքով՝ դա կարո՞ղ է կապված լինել քաղաքական ինչ-ինչ
հարցերի հետ: – ԱԺ նախագահ Տ. Թորոսյանի հրահանգով ԱԺ-ում լուծարվում են մի
շարք վարչություններ եւ բաժիններ, մարդիկ մնում են դրսում, եւ մենք այստեղ քաղաքական
ենթատեքստ ենք տեսնում: Մեզ համար անընդունելի է երկակի ստանդարտների կիրառումը պետական
կառավարման համակարգում: Այսօր վարչական համակարգի տարբեր օղակներում ընթանում է
պարտադիր հանրապետականացում։ ԱԺ վարչությունները լուծարելով, ԱԺ նախագահին կից գործող
հասարակական խորհուրդներն ըստ էության վերացնելով եւ միջազգային միջոցառումները ձգձգելով`
հնարավոր չէ ապահովել ԱԺ գործունեության շարունակականությունը եւ զարգացումը։ Այդպիսով`
խաթարվում է ԱԺ աշխատակազմի եւ արտաքին հարաբերությունների զարգացումը, որը 2003-ից
այս կողմ մեծ աճ էր արձանագրել։ Տարակուսելին այն է, որ 3 տարի աշխատելով ԱԺ փոխնախագահ՝
Թորոսյանը ոչ մի բառ չի ասել այդ մասին, իսկ այսօր սկսել է պետական ծառայողների «ջարդ»։
Այս մոտեցումը համարում ենք անընդունելի։ – Խորհրդարանական ընտրություններին
շատ քիչ ժամանակ է մնացել, ՕԵԿ-ը գնալո՞ւ է դաշինքների, թե՞ առանձին է մասնակցելու
ընտրություններին։ – Կարծում եմ, մենք այսօր այնպիսի իրավիճակում ենք, որ
ընդհանրապես թե՛ ընդդիմադիր եւ թե՛ իշխանություն կազմող քաղաքական ուժերը միավորման
եւ համախմբման կարիք ունեն։ Քաղաքակիրթ աշխարհը ցանկանում է տեսնել գաղափարների եւ
ծրագրի վրա մշակված մոտեցումների պայքար։ Որպես ընդդիմադիր ուժ, մենք կողմ ենք որոշակի
արժեքային համակարգի սկզբունքների եւ գաղափարների շուրջ համախմբմանը, այլ ոչ թե ինքնանպատակ,
սեփական մանր խնդիրները լուծելու համար պայքարելու մոտեցմանը։ Ցավոք, այսօր շատերը
չկարողանալով իրենց մեջ ուժ գտնել հաղթահարելու իրենց նեղ «եսը», տառապելով ինքնասիրահարվածությամբ
եւ ինչ-որ տեղ նաեւ հիվանդագին ամբիցիաներով, չեն կարողանում կոնսոլիդացվել։ Ինչ
վերաբերում է դաշինքներին, կգա օրը, եւ կուսակցությունը կարտահայտի իր պաշտոնական
դիրքորոշումը դաշինքների նպատակահարմարության մասին։ Ուզում եմ շեշտել, որ լինելով
ՀՀ առավել ազդեցիկ եւ բազմանդամ քաղաքական ուժերից մեկը, որն ստեղծման առաջին օրից
պայքարել է օրինականության եւ ժողովրդավարության համար, կուսակցությունը բնականորեն
կարող է գործակցել այն բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստ են պայքարել կոռուպցիայի
եւ թալանի, պաշտոնների չարաշահման, տիրող վախի մթնոլորտի, ընտրակեղծիքների դեմ։ Բացասական
է, որ տեղի է ունենում օլիգարխիկ կառույցների եւ ստվերային տնտեսության համակենտրոնացում։
Եթե այս անգամ Հայաստանում ընտրություններն անցան կեղծիքներով, ապա ՀՀ-ն ուղղակի
դուրս կշպրտվի տարածաշրջանային քաղաքական հիմնական զարգացումներից, ժողովրդավարական
աշխարհը, ըստ էության, կարող է կորցնել քաղաքական հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ։
Այսօր մեր կարեւորագույն հաղթաթուղթը ժողովրդավարացումն է։ Դա անհրաժեշտ է մեր անվտանգության
եւ ղարաբաղյան բանակցությունների սեղանի շուրջ մեր դիրքերի ամրապնդման համար։ Մենք
պետք է հասկանանք, որ ժողովրդավարացումը առաջին հերթին անհրաժեշտ է երկրի ներքին
զարգացման համար։ Միաժամանակ ժողովրդավարությունը այսօր դարձել է աշխարհառազմավարական
գործոն։ Այն կարեւոր գործոն է նաեւ հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման, արեւմտյան
աշխարհում մեր դիրքերի հզորացման տեսանկյունից։ Ընդհանրապես, մեզ անհրաժեշտ է արտաքին
քաղաքական դոկտրին, որը պետք է հաշվի առնի ե՛ւ անվտանգության, ե՛ւ տնտեսական, ե՛ւ
աշխարհառազմավարության խնդիրները։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել