Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՐ ՊԱՅՔԱՐ ՉԻ ԼԻՆԻ

Օգոստոս 04,2006 00:00

Կանխատեսում
է հոկտեմբերի 29-ին Աջափնյակի ՏԻՄ ընտրություններին որպես թաղապետի թեկնածու առաջադրվելու
մտադրություն հայտնած Արման Սահակյանը: Նախօրեին սեփական դիմումի համաձայն
ու ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից
ազատվել էր ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը: Վերջինս իր հրաժարականը պատճառաբանել
էր հոկտեմբերին Աջափնյակում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններով, որին
նա մտադիր է մասնակցել որպես թաղապետի թեկնածու: Հիշեցնենք, որ երեք տարի
առաջ այդ համայնքում տեղի ունեցած ընտրություններին եւս Ա. Սահակյանը մասնակցել ու
պարտվել էր գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանին՝ «Ծիվոյին»: Այդուհանդերձ, նա համոզված
է, որ այս անգամ ինքը միանշանակորեն հաղթելու է: Աջափնյակում ՏԻՄ ընտրությունները
տեղի են ունենալու հոկտեմբերի 29-ին: Ըստ մեր տեղեկությունների, բացի Ա. Սահակյանից,
որպես թաղապետի թեկնածու առաջադրվելու են գործող թաղապետ Ա. Խաչատրյանն ու եւս երեք
հոգի, որոնք պակաս հայտնի են հասարակությանը: Մեր այն հարցին, թե ի՞նչն էր
խանգարում իրեն Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում մնալ մինչեւ առաջադրումների
պաշտոնական մեկնարկը, որին դեռ 2-3 ամիս ժամանակ կա, Ա. Սահակյանը պատասխանեց. «Ես
գտնում եմ, որ ընտրություններից շատ առաջ հրաժարական տալը ճիշտ է ու բարոյական»:
Նա նաեւ հույս հայտնեց, որ դա հայաստանյան ընտրական գործընթացներում նոր մշակույթ
կձեւավորի ու բարի ավանդույթ կդառնա: «Մյուս կողմից, իմ հրաժարականը նաեւ կապված
է աշխատանքային ծանրաբեռնվածության հետ: Գիտեք, որ առաջիկայում Երեւանում բավականին
շատ միջոցառումներ են լինելու՝ կապված Մոսկվայում Երեւանի օրերի, Սեպտեմբերի 21-ին՝
Անկախության միջոցառման, Էրեբունի-Երեւան տոնակատարությունների հետ: Իհարկե, իմ հրաժարականը
չի նշանակում, որ ես հրաժարվել կամ հրաժարվելու եմ դրանց իմ մասնակցությունը բերելուց:
Անկախ ամեն ինչից, որպես քաղաքի բնակիչ ու Երեւանը սիրող մարդ, ես անպայման օժանդակելու
եմ նաեւ այդ միջոցառումների կազմակերպմանը»,- պարզաբանեց Ա. Սահակյանը: Սակայն
վերադառնանք Աջափնյակում սպասվող ընտրություններին: Երեք տարի առաջ այդ ընտրություններում
իշխանական ճամբարը բաժանվել էր երկու թեւերի՝ ՀՀ վարչապետն ու ՀՀԿ-ն սատարում էին
Ա. Սահակյանին, իսկ գործող թաղապետ, ապարանյան ծագում ունեցող Ա. Խաչատրյանին՝ «Նիգ-Ապարանի»
պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու ԱԺ ապարանցի պատգամավորների
մի հատվածը կամ այլ կերպ ասած՝ «ապարանյան կլանը»: Անդրադառնալով այն հարցին, թե
ինչո՞ւ է պարոն Սահակյանն այդքան վստահ, որ այս անգամ իրեն կհաջողվի ընտրություններում
հաղթանակ տոնել, վերջինս ասաց. «Նախ ես չէի ուզենա օգտագործել «ապարանյան կլան» հասկացությունը,
որովհետեւ չեմ կարծում, թե նման կլան գոյություն ունի: Ես ինքս ծնվել ու մեծացել
եմ այս համայնքում, իմ ընկերների մոտ 90 տոկոսը ապարանցիներ են, ու այնպես չէ, որ
բոլոր ապարանցիները պաշտպանել ու պաշտպանում են Ա. Խաչատրյանին: Չմոռանանք նաեւ,
որ նախորդ ընտրությունների ժամանակ ե՛ւ ես, ե՛ւ Ա. Խաչատրյանը գրեթե հավասար ձայներ
ենք ստացել: Եթե չեմ սխալվում, ես հավաքել էի մոտավորապես 14200, իսկ Ա. Խաչատրյանը՝
մոտ 14800 ձայն: Այո, կարծում եմ, որ նախորդ ընտրությունները կեղծվել են, որովհետեւ
անվավեր համարված քվեաթերթիկների մեծ մասն իմ քվեներն էին, բայց նաեւ չեմ գտնում,
որ այս անգամ ընտրություններն այդքան սուր բնույթ կունենան: Համենայնդեպս, ես դրա
կողմնակիցը չեմ: Մյուս կողմից՝ գտնում եմ, որ այս երեք տարվա ընթացքում շատ բան է
փոխվել ե՛ւ քաղաքականության մեջ, ե՛ւ ընդհանրապես»: Նկատի ունե՞ք ՀՀԿ-ի վերջին
համալրումներն ու ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտնվե՞լն այդ կուսակցությունում:
«Ոչ, դա նկատի չունեմ: Ես նկատի ունեմ այն, որ մոտ 3 տարի աշխատում եմ Երեւանի քաղաքապետարանում,
նաեւ ՀՀԿ Աջափնյակի տարածքային կառույցի խորհրդի նախագահն եմ ու ՀՀԿ խորհրդի անդամ
եւ, ինչու չէ, դարձել եմ այնպիսի մարդ, որն ի վիճակի է իր ընտրություններն ինքնուրույն
կազմակերպել ու անցկացնել: Բայց ամենակարեւորը՝ չեմ գտնում, որ երկու իշխանական թեւերի
մեջ պետք է սուր պայքար լինի»,- մեր հարցադրմանն ի պատասխան ասաց պարոն Սահակյանը:
Հայաստանյան իրականությունն ու անցած ընտրությունների փորձը ցույց են տալիս,
որ ՏԻ մարմինների ղեկավարներն առանցքային դերակատարում են ունենում ԱԺ, նաեւ նախագահական
ընտրությունների վրա՝ իշխանությունների համար ցանկալի արդյունքի հասնելու իմաստով:
Արդյոք նրա առաջադրումը, որպես Աջափնյակի թաղապետի թեկնածու, նպատակ չունի՞ այդ համայնքում
ամրապնդել մասնավորապես ՀՀԿ-ի դիրքերն ու վարչական լծակներն ի սպաս դնել այդ կուսակցության
համար անհրաժեշտ քվեներ հավաքելու համար: Ա. Սահակյանի կարծիքով՝ ոչ: «Ես
բավականին ճանաչված եմ մեր համայնքում ու մեծ շրջապատ ունեմ, չմոռանանք նաեւ, որ
երեք տարի առաջ, երբ առաջադրվել էի, համայնքի ընտրողներն էլի ինձ ճանաչում էին նաեւ
որպես ՀՀԿ անդամ: Նախորդ ընտրությունների ժամանակ ես դեռ 29 տարեկան էի, բայց արդեն
բավականին քվեներ էի վաստակել: Դրանք ես համարում եմ ինձ ուղղված վստահության քվե:
Այն ժամանակ գոնե իմ կողմից որեւէ կեղծիք չի եղել: Իսկ ընդհանրապես, գտնում եմ, որ
նորմալ, մաքուր ու քաղաքակիրթ ընտրություններով ՀՀԿ-ն համայնքում բավականին շատ քվե
կարող է ստանալ՝ առանց որեւէ ճնշումների կամ լծակների կիրառման»: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել