Երեկ
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը կազմակերպել
էր քննարկում՝ նվիրված առաջիկայում ՀՀ 11 մարզերի 11 դպրոցներում հատուկ թեքումով
ռազմական դասարանների բացման ծրագրին: ՀՀ ԿԳ նախարարության մարտառազմական
եւ արտաուսումնական դաստիարակության վարչության արտաուսումնական բաժնի պետ Արման
Այվազյանը նշեց, որ այս դասարաններում կսովորեն 7-րդ դասարանցի այն աշակերտները,
որոնց ծնողները կհամաձայնվեն եւ որոնք ցանկություն կունենան հետագա կրթությունը շարունակել
ռազմական ուղղվածությամբ: Նման դասարաններ չեն ստեղծվի հատուկ դպրոցների սաների
համար, որովհետեւ, ըստ բաժնի պետի, առանց այն էլ այս դպրոցների աշակերտները զուրկ
են ծնողական դաստիարակությունից եւ միգուցե հետագայում ռազմական դաստիարակությունն
ավելի վատ անդրադառնա նրանց ճակատագրի վրա՝ պահվածքի առումով. «Մեզ արդեն դիմել են
Երեւանի եւ Գյումրիի հատուկ դպրոցների տնօրենները, սակայն մենք մերժել ենք»: Պատերազմի
եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Սեդա Մուրադյանը
նշեց, որ քննարկման առիթ է հանդիսացել Երեւանի թիվ 99 դպրոցը, որտեղ ռազմագիտություն
առարկան ավելի խորացված են անցնում: 11-12 տարեկան փոքրիկները դպրոց են հաճախում
զինվորական համազգեստով: Հիշեցնենք, որ այս դպրոցին ժամանակին անդրադարձել էր նաեւ
«Առավոտը»: Հենց այդ հոդվածն էլ պատճառ էր հանդիսացել, որպեսզի «Ինտերնյուսի» լրագրող
Գեղամ Վարդանյանը ուսումնասիրություններ կատարեր դպրոցում եւ նոր հոդված տպագրեր:
Նա նշեց, որ փոքրիկներն արդեն կարողանում են քանդել եւ հավաքել «Կալաշնիկով» ավտոմատը,
լիցքավորել փամփուշտները: Նրանք սովորում են, թե ինչպես շրջապատել թշնամուն եւ ինչպես
սպանել նրան: Փոքրիկները Գ. Վարդանյանի հետ կիսվել էին, որ նման պարապմունքները օգնում
են իրենց նաեւ արտադպրոցական «ռազբորկաների» ժամանակ: Քննարկման մասնակիցները մտահոգություն
էին հայտնում, որ նմանատիպ դասարանների աշակերտները հետագայում կարող են դառնալ ագրեսիվ,
դպրոցի հարց լուծողները, այսպես կոչված՝ լավ տղերքը, ինչը դպրոցն ավարտելուց հետո
էլ ավելի վառ կարտացոլվի, եւ նրանք իրենց դասընկերների համար կհիշվեն որպես «մուննաթ
եկող» տղաներ: Ներկաները նաեւ ասում էին, որ թիվ 99 դպրոցի սաներին այժմ գեներալներ
են կոչում, բայց հարց է՝ արդյոք նրանք ճի՞շտ են ընկալում իրենց կոչումը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի
տեղեկատվական ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանի կարծիքով, նման դասարանների ստեղծմամբ
ոտնահարվում են երեխաների իրավունքները, քանի որ դպրոցի երեխաներին ոչ ոք չի հարցրել՝
ցանկություն ունե՞ն նման դասարանում սովորել, թե՞ ոչ: Մահապարտների միության
փոխնախագահ Գագիկ Գինոսյանը, ցրելով հանդիպման որոշ մասնակիցների մտահոգությունը,
նկատեց, որ նման դասարանները բոլորովին էլ չեն պարտադրի երեխային՝ հետագայում ռազմական
կրթություն ընտրել. «Մեզ մոտ հիմա անգլիական թեքումով դպրոցներ են գործում, մի՞թե
այս դպրոցներն ավարտած բոլոր աշակերտները լեզվաբան են դառնում»: ԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆ