Արարատի մարզի բնակիչներն էլ են հավաստիացնում, որ երաշտից միլիոնների կորուստներ են ունեցել
Ի հեճուկս գյուղնախարարության մասնագետների այն պնդումների, որ երաշտ չի եղել, Արարատի մարզի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը «Առավոտի» հետ զրույցում մեկ առ մեկ նշեց իրենց մարզի տասնյակ գյուղերի անուններ, որտեղ հացահատիկի ցողունները գետնից ընդամենը մի թիզ են բարձրացել: Ուրցաձոր, Լանջանիստ, Պարույր Սեւակ, Շաղափ, Լուսաշող, Զանգակատուն, Լանջառ եւ Վարդաշատ համայնքների բնակիչները երաշտի պատճառով արդեն սկսել են անասունների սպանդը: Նրանց ներկայացմամբ՝ «ձմեռը յոնջայի մի տուկը 700-1000 դրամ ա, մեզ էդքան փող որտեղի՞ց, որ 100-200 տուկ խոտ առնենք՝ կովերին յոլա տանենք, ավելի լավ ա մորթենք»: Մարզպետարանի տվյալներով՝ մարզի շուրջ 1300 հա հացահատիկի արտերը վնասվել են, երաշտից տուժել է նաեւ 7-8 հազար հա խոտհարք եւ 2 հազար հա արոտավայր: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ հրավիրած ասուլիսում գյուղնախարարության հողերի գնահատման եւ մելիորացիայի վարչության պետ Մամիկոն Գասպարյանը հավաստիացնում էր, որ տուժել են միայն նրանք, ովքեր նստել ու հույսները դրել են բնական խոնավության, անձրեւների վրա ու հողամասը ալարել են ջրել, իսկ դա երաշտ չէ: Մինչդեռ թե՛ մարզպետարանները, թե՛ գյուղացիները բոլորովին այլ բան են վստահեցնում:
Արարատցիները հաշվարկել էին, որ իրենք տարեկան 100-160 հազար դրամ ինքնարժեքով ցորեն ունենալու համար ծախսում են ավելի քան 130-170 հազար դրամ. «Մեկ հեկտարից լավագույն դեպքում հնձում ենք 2-2.5 տոննա ցորեն, որը շուկայում կամ մթերման կետերում հանձնում ենք կգ-ն 65-70 դրամով, բայց մենք արդեն էդ մի հեկտարի վրա էնքան փող ենք ծախսած լինում, որ եթե 80-100 դրամով էլ հանձնեինք, էլի մեր տանջանքը չարժի, իսկ երաշտը էդ 60-70 դրամից էլ մեզ զրկեց»:
Բացի երաշտից, պարոն Վիրաբյանն իրենց մարզի բերքի սակավության պատճառը համարում է հողի անբերրիությունը. «Մեր հողերն արդեն էն չեն, օգտագործվում է միայն ազոտական պարարտանյութ, որն այնքան էլ օգուտ չի տալիս: Հողին ու բույսին անհրաժեշտ են կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութեր, որոնց արժեքը կրկնակի բարձր է»: Ըստ գյուղացիների, իրենց բերքի 30-35 տոկոսն էլ փչացնում են գյուղի հնամաշ, իրենց դարն ապրած կոմբայնները. «Հլը մի հող չքաշած՝ խարաբ են լինում, օրերով չեն աշխատում, դրանք կոմբայն չեն, տարբեր գույների մասեր են՝ իրար կպցրած, դրանց քաղածն ինչ պիտի լինի»: Ըստ մարզի գյուղվարչության պետի տեղակալ Լյովա Մնացականյանի, այս օրերում մարզում աշխատում է 150-160 կոմբայն, որից միայն 5-6-ն է վերջին տարիների արտադրության:
Ի տարբերություն մյուս մարզերի, Արարատում ջրի խնդիր չկա: Ավելին՝ մարզպետարանի մասնագետներն անհանգստացած են, որ այն դեպքում, երբ շատ մարզերի բնակիչներ արտեզյան ջուր են խմում, Գառնիի անուշահամ ջուրը թափվում է Ազատանի ջրամբարը, մինչդեռ դրանից հանգիստ կարող էին օգտվել նաեւ հարեւան գյուղերն ու մարզերը:
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ