Վերաբնակեցում
առանց քաղաքականության 2004թ. նոյեմբերին, ԼՂՀ կառավարության որոշմամբ, Քաշաթաղի
շրջանի վարչակազմի ղեկավար նշանակվեց Համլետ Խաչատրյանը: Մինչ այդ նա յոթ տարի շրջանի
դատախազն էր: Վարչակազմի այսօրվա ղեկավարը նաեւ արդարադատության գեներալ է: Նա երկու
կուսակցությունների անդամ է. Ղարաբաղում՝ ԱԺԿ-ի (Արցախի ժողովրդավարական կուսակցություն),
Հայաստանում՝ Հանրապետական կուսակցության: Ինչո՞ւ են կարեւոր վարչակազմի ղեկավարի
մասին այս մանրամասները: Վերջին երեք տարիների ընթացքում Քաշաթաղի բնակչության թիվը
կրճատվել է մի քանի հազարով: Մեր այցելությունները Քաշաթաղի շրջանի մի քանի տասնյակ
գյուղեր, զրույցները վերաբնակների հետ՝ հիմք են տալիս ասելու, որ արտագաղթի պատճառներից
մեկը հենց վարչակազմի ղեկավարի գործողություններն են, նաեւ՝ անգործությունը: «Նրա
նշանակումով նոր պատմություն սկսվեց շրջանում, փոխվեց քաղաքականությունը, եւ սկսվեց
շրջանը դատարկելու քաղաքականություն»,- ասում է քաշաթաղցի մի ուսուցիչ, որի անունը
չենք կարող նշել, որովհետեւ հաշվեհարդար տեսնելու վտանգ կա: Վարչակազմի ղեկավարն
ապրում եւ աշխատում է Քաշաթաղի հյուրատանը, քանի որ վարչակազմի շենքը վերանորոգվում
է: Երկհարկանի այդ շենքը որոշվել է երկու մետր լայնացնել, եւ դրա համար նախատեսված
է ծախսել 18 մլն դրամ: Այդ փողով հնարավոր կլիներ վերաբնակների մի քանի տներ նորոգել:
Սակայն պետությունը եւ վարչակազմի ղեկավարը չեն ուզում նման ծախսեր կատարել: Գյուղերում
մենք լսում էինք տարբեր պատմություններ գեներալ գուբերնատորի անվան հետ կապված: Ծաղկաբերդում
մի վերաբնակչի տուն լրիվ վառվել էր: Նա գնացել էր վարչակազմի ղեկավարից օգնություն
խնդրելու: Սկսել է թվարկելով ասել, թե ինչ է վառվել եւ որքան է կազմում վնասը. մոտ
1 մլն 200 հազար դրամ: Համլետ Խաչատրյանն ասում է, որ չի կարող օգնել: Գյուղացին
տարակուսում է. «Հիմա ես ի՞նչ պիտի անեմ, այսպես չեմ կարող ապրել, պիտի գնամ այստեղից»:
Խաչատրյանն առանց հապաղելու պատասխանում է. «Հա, ուրիշներն էլ են գնում»: Քաշաթաղից
4 կմ հեռավորության վրա գտնվող Քարեգահ գյուղում ապրող 7 անչափահաս երեխաների մայրը՝
Կարինե Մանուկյանը, տարբեր ժամանակահատվածներում մի քանի անգամ դիմել է վարչակազմի
ղեկավարին: «Խոհանոցի պատը քանդվել էր, գնացի ասացի՝ տուն չեք տալիս, գոնե այդ պատը
վերանորոգեք: Ասաց՝ գնացեք ձեր ուժերով մի բան արեք, մենք ի վիճակի չենք անելու,
քանի որ արդեն Ղարաբաղն է այդ հարցերով զբաղվում»,- պատմեց Կարինեն: Կարինեի
ամուսինը՝ Արա Նազարյանը, աշխատում է Բերձորի կոմունալ ծառայությունում եւ ստանում
է քսանյոթ հազար դրամ: Երեխաներից մեծը՝ Լեւոնը, 14 տարեկան է, փոքրը՝ Լիլիթը, 8
ամսական: Երեխաներից յուրաքանչյուրը ստանում է 4 հազար դրամ: Կարինեն փոքր երեխայի
համար ստանում է մայրության թոշակ՝ 4 հազար դրամ: Պետությունը նաեւ յուրաքանչյուր
երեխայի համար վճարում է 60 կվտ/ժ էներգիայի փող: Ինը հոգանոց ընտանիքի ամսական եկամուտը
կազմում է 59 հազար դրամ: Ձմռանն այս ընտանիքը երեք ամիս հոսանք չի ունեցել. պարտք
էր, անջատել էին, եւ միայն գյուղապետի օժանդակությամբ այդ պարտքը մարվեց: Արա
Նազարյանը եւ Կարինե Մանուկյանը չորս երեխաների հետ ապրում էին Երեւանի մերձակայքում
գտնվող Այնթապ գյուղում: Տուն չունեին: Արան տան ավագն էր եւ ստիպված էր ընտանիքով
ծանոթներից մեկի տանը ժամանակավոր հանգրվանել: Պոլիտեխնիկի ուսանող էր, սակայն ուսումը
90-ականների սկզբին կիսատ էր թողել: «Իմացանք, որ այստեղ տուն են տալիս, օգնում
են ոտքի կանգնել: Մենք էլ երազում էինք սեփական տուն ունենալ: 1999-ին տեղափոխվել
ենք Քաշաթաղ եւ բնակություն հաստատել Քարեգահ գյուղում: Մեծ տղաս այստեղ գնաց դպրոց:
Էս տարի դպրոցական չորս երեխա կունենամ: Դժվար է լինելու, չգիտեմ՝ ոնց ենք անելու»,-
շարունակում է Կարինեն: Հայկին, որը մանկության 6 տարիները Երեւանում է անցկացրել,
հարցնում եմ՝ չի՞ ձանձրանում գյուղում: «Չէ, ես երկու անգամ գնացի Երեւան, ինձ այնտեղ
խորթ է: Գյուղին արդեն սովորել եմ: Էստեղ անտառ կա, երեխեքով խաղում ենք, միշտ դաշտերում
ենք: Որոշել եմ բժիշկ դառնալ: Առաջ ուզում էի զինվորական դառնալ, բայց աչքերի պրոբլեմ
ունեմ, չեմ կարող: Դրա համար որոշեցի վիրաբույժ դառնալ»,- լրջորեն պատասխանում է
Հայկը: Կարինեի եղբայրը ընտանիքով Բերձորում էր ապրում, թողել-գնացել են Ռուսաստան:
Փորձում եմ պարզել՝ լսե՞լ են բանակցությունների, հողերը վերադարձնելու մասին. «Ես
տեղ չունեմ գնալու: Այստեղ ենք մնալու, չգիտեմ՝ մեր վերջը ինչ կլինի, եթե այդպիսի
բան պատահի: Չենք հասցնում, երեխաները մեծանում են, ամեն ինչ թանկանում է: Էդ նպաստներով
ու ամուսնուս աշխատավարձով չենք հասցնում: Տարածքը լավն է, այգի ենք արդեն գցել:
Ճիշտ է, անասունների դեպքում բախտներս չի բերում: Անասնավարկ ստացանք, ոչխարներ գնեցինք,
ցրտից սատկեցին: Հետո կով վերցրինք մի բարեգործական ծրագրով, նա էլ սատկեց դաշտում:
Հիմա մի կով ունենք ու վերջ»,- ժպտալով ասում է Կարինեն: Բազմազավակ այս ընտանիքին
երբեմն այցելում են պաշտոնյաներ: Նրանց մասին անընդհատ մեր զրույցի ժամանակ պատմում
էր Կարինեն: «Ստեփանակերտից պաշտոնյաներ էին եկել մեր գյուղ, Համլետ Խաչատրյանն
էլ հետները: Հարցրի, թե ինչու Ղարաբաղի բազմազավակների մասին օրենքը չի տարածվում
մեզ վրա: Ասացին, որ տարածվում է եւ հինգերորդ երեխայից հետո պիտի բանկում հաշիվ
բացեն՝ 600 դոլար վրան, իսկ դրանից հետո ծնվածներին նույնպես փող էր հասնում: Խոստացան
զբաղվել մեր հարցով: Որոշ ժամանակ անց գնացի Խաչատրյանի մոտ, ասացի՝ խոստացել եք
զբաղվել մեր հարցով: Ասաց. «Ամեն խոստում հո չե՞ն անում, աղջիկ ջան: Դու քո երեխաներին
ինչ խոստում տալիս ես՝ կատարո՞ւմ ես»: Ասացի՝ այո, կատարում եմ: Ինքը թե՝ 2 երեխայի
չեմ կարողանում խոստացածը կատարել, դու ո՞նց ես անում: Ես էլ ասացի՝ իմ երեխաներին
խոստանում եմ այն, ինչի հնարավորություն ունեմ եւ երբեք հուսախաբ չեմ անում»: Ինը
հոգանոց ընտանիքը տեղավորված է 16 քմ սենյակում: Տունը կիսափուլ է, պատերը՝ խոնավ:
Գրեթե ամեն տարի այս ընտանիքին այցելում են եւ խոստանում նոր տուն կառուցել, որովհետեւ
այդ շինությունը պիտանի չէ: Վերջերս նույնպես եկել էին, նորից խոստացել ու հեռացել:
Սակայն Կարինեն այլեւս չի հավատում եկողների խոստումներին: (շարունակելի)
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Քաշաթաղ-Երեւան wwww.hetq.am