Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԽՏ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԱՐԴԱՐ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ

Օգոստոս 03,2006 00:00

Ասում
է «ԲՀ» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը – Պարոն Բոստանջյան,
տեղեկություններ կան, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի հեղինակներից
մեկը դուք եք: Ճի՞շտ են, արդյոք, այդ լուրերը: – Այո, այդ լուրերը իրականությանը
համապատասխանում են, այդ ծրագրի վրա աշխատել են սահմանափակ թվով մարդիկ, ովքեր շատ
լավ տիրապետում են դաշտին եւ ծրագրում արտացոլել են մարդկային գործունեության այն
շարանը, որը պետք է հանգեցնի երկրի բարգավաճմանը: – Սակայն գաղտնիք չէ, որ
այսօր երկրում կուսակցությունների պակաս չկա եւ բոլոր ծրագրերն էլ գրեթե նույնն են՝
չնչին բացառություններով, այսինքն ոչ մի կուսակցության ծրագրում այս երկրի համար
վատ բաներ չկան գրված, այդ դեպքում ձեր գրած ծրագիրն ինչո՞վ է տարբերվում մյուսներից:
– Ըստ էության, այս ծրագիրը որոշակիորեն տարբերվում է, բայց, ինչպես դուք
նշեցիք, չի կարող էականորեն տարբերվել, որովհետեւ բոլոր կուսակցությունները, անկախ
իրենց հետապնդած նպատակներից, որպես կանոն, աշխատում են իրենց ծրագրային հիմնադրույթներում
տեղադրել համամարդկային մտքեր եւ գաղափարներ: Այդուհանդերձ, մեր կողմից մշակված ծրագրի
նախագիծը, որը դեռեւս պետք է հաստատվի կուսակցության համագումարի կողմից, բավականին
լուրջ գնահատականի եւ ուշադրության է արժանացել որոշ պետական մարմինների եւ ՀՀ-ում
ընդունված եւ ճանաչված մասնագետների կողմից, եւ նույնիսկ հարմար են գտել ծրագրի վերաբերյալ
որոշ առաջարկներ անել, իսկ ընդհանուր առմամբ ծրագիրը դրական է գնահատված, եւ դա ոչ
միայն մեր՝ հեղինակների կարծիքն է: Բացի այդ, ծրագիրը ներառում է նաեւ օրենսդրական
նախաձեռնությունների բավականին լուրջ փաթեթ: – Որքանո՞վ են հավաստի լուրերը,
որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւս մասնակցել է այդ ծրագրի մշակմանը եւ, ընդհանրապես,
նա ի՞նչ կապ ունի «Բարգավաճ Հայաստանի» հետ: – Ես չգիտեմ, թե ով ինչ լուրեր
է տարածում եւ ի՞նչ նպատակով, բայց, բոլոր դեպքերում, պարզից պարզ է, որ ծրագիրը
գրել են Բոստանջյանը, Դալլաքյանը, Թամազյանը, Կիրակոսյանը, Կարապետ Հարությունյանը
եւ Յուզբաշյանը, ահա այն ամբողջ ցանկը, ովքեր գրել են կուսակցության ծրագիրը: Հիմա
եթե դուք ուզում եք, որ մեկ ուրիշն էլ գրի, թող գրի: – Համաձայնեք, որ կուսակցության
հետ բազմաթիվ այլ անուններ են կապվում, բայց առայժմ դրանց ճնշող մեծամասնությունը
հրապարակավ չի խոստովանում իր կապը «ԲՀ»-ի հետ, Գագիկ Ծառուկյանից բացի, առայժմ ոչ
ոք չի «բացահայտվում»: Ի վերջո, ե՞րբ է կուսակցությունը հրապարակելու իր քաղաքական
թիմը: Բոլորը գիտեն, որ այդ կուսակցության հիմնադիր նախագահը Գագիկ Ծառուկյանն է,
բայց թե ովքեր են կուսակցության քաղաքական թիմում, անհայտ է: – Առայժմ ավելի
ցցուն հանդիպում ենք կուսակցության հիմնադիր եւ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվանը,
դա բնական է, քանի որ ամբողջ կուսակցության եռանդը, կամքը, հետագա գործունեություն
վարելու մագիստրալ ուղիները այդ հզոր անձնավորության ձեռքում են, եւ բոլորս գիտակցում
ենք դա: Ինչ վերաբերում է մեր քաղաքական թիմին, այդ թիմը դուք կարող եք տեսնել մեր
ակտիվի հավաքների ժամանակ: Նրանք մարդիկ են, ովքեր ունեն վաստակ, բարոյական կերպար,
մարդիկ են, ովքեր սիրում են իրենց երկիրը, մարդիկ, ովքեր չեն կարող ապրել ուրիշի
հաշվին, եւ այս կարգի որակական հատկությունները բավականաչափ շատ են: Իսկ հստակեցումը
եւ հնչողության ապահովումը ամենայն հավանականությամբ տեղի կունենա կուսակցության
համագումարից հետո: – Ի դեպ, ուրիշի հաշվին ապրելու հետ կապված: «Բարգավաճ
Հայաստանի» մասին ասվում է, որ մարդիկ անդամագրվում են այդ կուսակցությանը միայն
այն պատճառով, որ իրենց փող են բաժանում: – Դրանք հորինված եւ մտացածին լուրեր
են: Բոլոր գումարները կարող են ծախսվել կուսակցության գրասենյակների ձեւավորման,
տարածքային կառույցների ստեղծման, սոցիալապես խոցելի խավին աջակցելու եւ այլնի համար:
Կուսակցության անդամների թիվն արդեն գերազանցում է 200 հազարը եւ մի՞թե դուք լրջորեն
մտածում եք, որ այդքան մարդու փող են բաժանում: Իսկ ինչո՞ւ չեք մտածում, որ մարդիկ
պարզապես հավատում եւ վստահում են կուսակցության հիմնադիր նախագահին: – Գագիկ
Ծառուկյանը հանդիպումների ժամանակ շեշտում է, որ ինքը ընդդիմություն չէ, եւ կուսակցություն
է ստեղծում երկրի բարգավաճմանը եւ զարգացմանը ծառայեցնելու համար: Սակայն իշխանական
դաշտն այսօր գերհագեցած է կուսակցություններով: Ի վերջո, ինչպե՞ս եք պատկերացնում
Հանրապետականի եւ «ԲՀ»-ի հարաբերությունները խորհրդարանական ընտրություններում, տեղեր
վերցնելու խնդիրն ինչպե՞ս է լուծվելու: – Կարծում եմ, մենք բախտ կունենանք
ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել, եւ այդ պարագայում հասարակությունն ամեն
ինչ հասկանում է եւ գիտի՝ ովքեր կարող են ավելի նվիրյալ լինել ազատ եւ արդար ընտրությունների
ժամանակ: Ձեր ասած մրցակցությունը կլուծվի ինքնըստինքյան, քանի որ հասարակությունը
կձգտի, որ իշխանությունը վերցնեն այնպիսի մարդիկ, ովքեր երկրին հաջողություններ կբերեն:
– Ճի՞շտ են լուրերը, որ «Բարգավաճ Հայաստանը» ակտիվացել է Ռոբերտ Քոչարյանի
հրահանգով, այսինքն՝ «ԲՀ»-ն Քոչարյանինն է, իսկ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանինը: –
Եթե դուք ուզում եք՝ այդպես կարծեք, անձամբ ես այդպիսի տեղեկություններ չունեմ: –
Իշխանական լծակները կենտրոնացած են Հանրապետականի ձեռքում, իսկ «ԲՀ»-ի նախագահը հայտարարել
է, որ իր կուսակցությունում չեն լինելու պաշտոնյաներ, իշխանական լծակներ ունեցողներ,
այդ դեպքում չե՞ք գտնում, որ այս երկուսի միջեւ առճակատումն անխուսափելի է: –
Կարծում եմ դրա համար հիմքեր չկան: ՀՀԿ-ն իրեն այս ընթացքում դրսեւորել է որպես մի
կուսակցություն, որը կարողացել է, լավ թե վատ, հոգալ բնակչության հոգսերը: Հիշեք
այն օրերը, երբ մենք նպաստների, տարբեր սոցիալական խնդիրների հետ կապված դժվարություններ
ունեինք, կենսաթոշակների եւ աշխատավարձերի ուշացումները եւ այլն: Հանրապետականը կարողացել
է լուծել այդ խնդիրները, եւ վատ չի լուծել: Հիմա որոշակի մտահոգություն կա, որ այդ
կուսակցության գաղափարական հիմքերը հանկարծ չսասանեն նոր-նոր հանրապետական դարձածները:
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», սա քաղաքական դաշտ նոր մուտք գործող կառույց
է, որտեղ հավաքվել են հասարակության կողմից ընդունված եւ ճանաչված մարդիկ: Կարծում
եմ, լավագույն դեպքում այս երկուսի միջեւ կլինի ազնիվ մրցակցություն: – Հենց
որ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում պաշտպանության նախարարը հայտարարեց,
որ «ԲՀ»-ն դեռեւս կուսակցություն չէ, անմիջապես հաջորդ օրը կազմակերպվեց ակտիվի ժողով:
Արդյո՞ք դա «ԲՀ»-ի պատասխանը չէր «Չեմբեռլենին»: – Այդպիսի բան մտածելը տարօրինակ
է, քանի որ նման բազմամարդ ակտիվի ժողովներ կուսակցությունը առաջին անգամ չէ, որ
հրավիրում է, այդպիսի հավաքները մեզ համար սովորական են: Դուք եւս, լրագրողներդ,
պետք է ինչ-որ ձեւով պաշտպանեք նոր ձեւավորումները, որովհետեւ դրանք, ի վերջո, հետապնդում
են ազգի շահի պաշտպանության ազնիվ նպատակ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել